ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ տեղի կունենա, եթե Եվրոպան որոշի Ռուսաստանին հանել բանկային փոխանցումների SWIFT միջազգային համակարգից

Համաձայն վերջին լուրերի՝ Եվրամիությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միասին պատրաստվում է տնտեսական նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Որո՞նք են նախատեսվող պատժամիջոցները և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՌԴ-ի համար:

ԵՄ-ն սպառնում է Ռուսաստանին զրկել SWIFT համակարգից օգտվելու հնարավորությունից: SWIFT-ը[1] (անգլերենից թարգմանաբար՝ Society for Worldwide Interbank Financial Telecommunications) Բելգիայում հիմնադրված կոոպերատիվ կազմակերպություն է, որը համաշխարհային բանկային համակարգում հանգուցային տեղ է զբաղեցնում: Այն ապահովում է բանկերի միջև հեռահաղորդակցությունը, ինչը հնարավորություն է տալիս բանկերի միջև ֆինանսական փոխանցումներ իրականացնել:

Այս պատժամիջոցը խիստ մտահոգիչ է Ռուսաստանի համար, քանի որ SWIFT-ը, ինչպես արդեն նշվեց, չափազանց կարևոր դեր է կատարում բանկային համակարգում և միջազգային ֆինանսական փոխանցումներում: Ռուսական ֆինանսական համակարգն ամբողջովին հիմնված է SWIFT-ի վրա, և նրա բացառումը համակարգից կհանգեցնի աղետալի հետևանքների, քանի որ անգամ տեղական բանկերը լոկալ փոխանցումներ չեն կարողանա իրականացնել միմյանց միջև: Ֆինանսական ոլորտը ցանկացած երկրի տնտեսության երակն է. այն սառեցնելու դեպքում փլվում է ամբողջ համակարգը: Որոշ ռուս տնտեսագետներ առաջարկում են ստեղծել այլընտրանքային համակարգ, ինչը կարող է պարզապես մեղմացնել տնտեսական ծանր իրավիճակը, բայց չի կարող ամբողջապես կանխել փլուզումներն ու բացասական բոլոր հետևանքները: Եթե անգամ Ռուսաստանը կարողանա ստեղծել այդ այլընտրանքը, այն կծառայի միայն իր ներքին բանկային համակարգին, և, միևնույնն է, երկիրը դուրս կմնա Արևմուտքի հետ գործակցելու հնարավորությունից:

Հարց է առաջանում` արդյոք SWIFT-ը կձեռնարկի այդ քայլը ՌԴ-ի նկատմամբ: Փորձը ցույց է տվել, որ այս պատժամիջոցն արդեն մեկ անգամ կիրառվել է Իրանի հանդեպ: Սակայն եթե Իրանի դեպքում այս երկրի միջազգային փոխանցումներն ավելի քիչ էին ինտեգրված համաշխարհային ցանցին, բայց միևնույն է` երկիրը լուրջ վնասներ կրեց, ապա Ռուսատանի դեպքում այս ամենը կունենա աղետալի հետևանքներ: SWIFT-ային սպառնալիքը ցույց է տալիս, թե ինչպես կարող է փոխվել միջազգային ֆինանսական համաշխարհային քաղաքականությունը: ԱՄՆ-ն ցանկանում է օգտագործել իր գերակա դիրքը համաշխարհային տնտեսության մեջ՝ հասնելու համար իր տնտեսական նպատակներին: Սակայն ՌԴ-ի դեմ պայքարում SWIFT-ը որպես զենք օգտագործելը շատ վտանգավոր է, և նախքան այն շահարկելը պետք է կշռադատել, քանի որ այս քայլն իր հետադարձ բացասական ազդեցությունը կունենա նաև ՌԴ-ի արևմտյան ֆինանսական գործընկերների վրա:

Այս ամենին զուգահեռ` կան նաև այլ կարծիքներ. շատ տնտեսագետներ, այդ թվում նաև ռուս որոշ գործիչներ, չեն բացառում տնտեսական ֆինանսական փոխանցումների մեկ այլ համակարգի ստեղծումը, որը կհակակշռի SWIFT-ին (the-american-interest.com): Չի բացառվում նման համակարգի ձևավորում BRICS երկրների մասնակցությամբ: Նաև քիչ չի լինի այն երկրների թիվը, որոնք նոր համակարգին միանալու ցանկություն կհայտնեն: 

Տնտեսագետ ֆինանսիստ Անի Պետրոսյանը, ով զբաղվում է ՀՀ բանկային համակարգում SWIFT փոխանցումներով «Արմեդիա»-ի հետ զրույցում այս հարցի շուրջ հետևյալ կարծիքը հայտնեց.

«SWIFT-ը հաղորդագրությունների փոխանցման համակարգ է, որն ունի հետևյալ առավելությունները.

  • SWIFT-ի ներքո բոլոր տեսակի ֆինանսական գործառնությունները (օրինակ՝ ավանդ, դրամական փոխանցումներ, արժեթղթերի առքուվաճառք) ունեն ստանդարտ հաղորդագրության տեսակներ,
  • այն չափազանց ապահով միջոց է, այսինքն՝ չլիազորված (լիազորություն չունեցող) անձինք չեն կարող մուտք գործել համակարգ և հաղորդագրություն ուղարկել,
  • արագ է,
  • համակարգի մասնակիցների թիվը շատ մեծ է, ինչը բարձրացնում է համակարգի արդյունավետությունը:

Ի հակադրություն ամերիկյան ու եվրոպական քաղաքական գործիչների` արևմտյան տնտեսական օբյեկտներն ամենևին շահագրգռված չեն ՌԴ-ին SWIFT-ից դուրս բերելու հարցում, քանի որ դա ձեռնտու չէ նաև այն երկրներին, որտեղ ՌԴ-ի ռեզիդենտներն ունեն գործընկերներ: Նշենք, որ Ռուսաստանը SWIFT համակարգից օգտվողների շարքում աշխարհում երկրորդն է ԱՄՆ-ից հետո, հետևաբար SWIFT-ին ևս ձեռնտու չէ այս քայլը:

ՌԴ-ի՝ SWIFT-ից դուրս գալը կարող է դանդաղեցնել, բայց ոչ երբեք դադարեցնել բիզնես միջավայրի գործունեությունը: Ներկայումս ամբողջ աշխարհում բանկային համակարգերում տարածված է գործունեության անընդհատության սկզբունքը, այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ կարող է ընդհատվել կազմակերպության գործունեությունը, մշակվում են գործընթացներ՝ այլընտրանքային տարբերակներով ֆինանսական գործունեությունը շարունակելու համար: Հետևաբար գոյություն ունեն SWIFT համակարգով հաղորդագրությունների փոխանցման մի քանի այլընտրանքային տարբերակներ.

  • ֆաքս,
  • տելեքս (այս տարբերակը հիմնականում գործածությունից դուրս է եկել, բայց եթե SWIFT-ը չգործի ՌԴ-ում, շատ հավանական է, որ և՛ ՌԴ-ում, և՛ գործընկեր երկրներում այն կրկին ներդրվի),
  • կայքեր (ամերիկյան և եվրոպական խոշոր ֆինանսական կազմակերպություններն ունեն իրենց սեփական կայքերը, որոնց միջոցով լիազորված աշխատողները կարող են փոխանցել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն (վճարումներ, արժեթղթերով գործարքներ, հաշվի քաղվածքներ և այլն)»:

Այսպիսով` կարելի է ենթադրել, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն պետք է հաշվի առնեն նաև իրենց կորուստները` որպես հետադարձ գործողությունների արդյունք: Ակնհայտ է, որ ՌԴ-ի համար՝ որպես թե՛ տարածքով, թե՛ տնտեսական գործունեությամբ խոշոր երկրի, հեշտ չի լինի սահուն անցում կատարել մի համակարգից մյուսին, առավել ևս ստեղծել նորը այլ գործընկերների հետ, քանի որ արդեն ռուս բազմաթիվ գործարարներ սերտ հարաբերություններ ունեն Եվրոպայի և ԱՄՆ-ի բիզնես աշխարհի հետ:

 

 



[1] Ինֆորմացիայի և կատարված դրամային վճարումների փոխանցման միջազգային միջբանկային համակարգ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: