ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան. «Միացյալ նահանգները և ողջ աշխարհը 2015 թվականին ի նշան համերաշխության կկանգնեն հայ ժողովրդի կողքին»

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Մ. Միլս կրտսերը հաջորդ շաբաթ ժամանելու է Երևան: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան թվիթերյան էջը:

Ռիչարդ Միլսը նախքան 2014 թվականի հուլիսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրվելը 2012 թվականից եղել է ԱՄՆ-ի փոխդեսպանը Լիբանանում: Ավելի վաղ՝ 2011-ի հունիսին, նա ստանձնել է Մալթայում ԱՄՆ դեսպանատան ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը: Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքից, Միլսն իր դիվանագիտական ուղին սկսել է 1988 թվականին, ծառայել է Փարիզի դեսպանատանը որպես հյուպատոսական պաշտոնատար, այնուհետև որպես դեսպանի օգնական: Վերադառնալով Վաշինգտոն՝ աշխատել է  Խորհդային Միության հարցերով զբաղվող բաժնում, այնուհետև ղեկավարել է նորանկախ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով խորհրդատվական բաժինը: Աշխատել է Սանկտ Պետերբուրգի ԱՄՆ հյուպատոսությունում:

1996-98 թվականներին ծառայել է որպես Գործադիր Քարտուղար, այնուհետև՝ 1998-2001 թվականներին, Դուբլինում եղել է տնտեսական հարցերով խորհրդական: Ավելի ուշ աշխատել է ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելությունում, Իսլամաբադում և Էլ Ռիյադում: 2006-2009 թվականներին աշխատել է Լոնդոնում ԱՄՆ-ի դեսպանատանը որպես քաղաքական խորհրդատու: Ծառայել է նաև Բաղդադի դեսպանատանը որպես ժողովրդավարության հարցերով ավագ խորհրդատու:

Ավարտել է Ջորջթաունի համալսարանի դիվանագիտական ծառայության դպրոցը: Նախքան դիվանագիտական ծառայության անցնելը զբաղվել է իրավաբանական պրակտիկայով Վաշինգտոնում: Ռիչարդ Միլսն ամուսնացած է Լի Քարթերի հետ, ով  պաշտոնաթող դիվանագետ է: Տիրապետում է երկու օտար լեզուների՝ ֆրանսերենի և ռուսերենի:

Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Միլսի թեկնածությունը հաստատվել է անցած տարվա դեկտեմբերի 16-ին:

2014 թվականի սեպտեմբերին Սենատի լսումների ժամանակ Միլսն իր ելույթում խուսափեց Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից 1,5 միլիոն հայերի կանխամտածված և համակարգված սպանությունը ցեղասպանություն անվանելուց: Այնուամենայնիվ, նա նշեց, որ «Միացյալ նահանգները և ողջ աշխարհը  2015 թվականին ի նշան համերաշխության կկանգնեն հայ ժողովրդի կողքին՝ նշելու 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկի հարյուրամյակը»:

Աջակցություն հայտնելով հայ-թուրքական արձանագրություններին՝ Միլսը խոստովանեց, որ գործընթացն «արգելակվել է»` վկայակոչելով փաստաթուղթը վավերացնելու Թուրքիայի մերժումը: Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Միլսը Թուրքիային կոչ արեց «աշխատել Հայաստանի հետ փաստերի լիարժեք, անկեղծ և արդար ճանաչման հասնելու համար, որպեսզի երկու ժողովուրդները կարողանան խաղաղ, արդյունավետ և բարեկեցիկ հարաբերություններ հաստատել»:

Միլսը նաև վերահաստատեց ԱՄՆ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին՝ պատրաստակամություն հայտնելով սերտորեն աշխատել ամերիկացի համանախագահ Ջեյմն Ուորլիքի հետ կողմերին կարգավորմանը մոտեցնելու համար: Նա նաև նշեց, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ:

Տնտեսական ճակատում Միլսը քննադատեց Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցությունը՝ միաժամանակ կոչ անելով Հայաստանին և ԱՄՆ-ին ավելի շատ ջանքեր գործադրել ներդրումներն ավելացնելու ուղղությամբ՝ նշելով, որ «ԱՄՆ-ը դիտարկում է Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի շուրջ Երևանի հետ բանակցություններ սկսելու հնարավորությունը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: