ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ. ո՞ր փուլում են կողմերը

«Դե՛յվիդ, ես ցանկանում են հաջորդ վեց ամվա ընթացքում` մինչև սահմանված վերջնաժամկետը, կենտրոնանալ խնդրի լուծման, այլ ոչ թե այն ձախողելու վրա: Եվ ես կարծում եմ, որ լավագույնը, ինչ կարող են անել բոլորը, նույն կերպ մտածելն է»,- ահա թե ինչպիսին էր Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի պատասխանը WashingtonPost-ի լրագրող Դեյվիդ Իգնատիուսի այն հարցին, թե որոնք կլինեն բանակցող կողմերի հետագա քայլերը, եթե կողմերին այդպես էլ չհաջողվի հասնել պաշտոնական համաձայնության մինչև սահմանված վերջնաժամկետը: Իսկ որքանով է հավանական խնդրի վերջնական լուծումը մինչև սահմանված վերջնաժամկետ հունիսի 30-ը:

 

Սույն հոդվածում կփորձենք պատասխանել այս հարցին՝ զուգահեռ առաջ քաշելով հետևյալ ենթահարցերը՝ բանակցային գործընթացի ո՞ր փուլում են ներկայումս կողմերը: Որո՞նք են այն հիմնական առանցքային հարցերը և առկա տարաձայնությունները, որոնց վրա կողմերը պետք է ներդնեն իրենց ջանքերը՝ հասնելու վերջնական համաձայնության: Եվ, վերջապես, որո՞նք են այն ներքին և արտաքին գործոնները, որոնք կարող են խոչընդոտել, կամ հակառակը՝ նպաստել կողմերի միջև համաձայնության ձեռքբերմանը:

Նախևառաջ փորձենք ամփոփ ներկայացնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցած զարգացումները: Բանակցային նախորդ փուլում կողմերին այդպես էլ չհաջողվեց գալ ընդհանուր հայտարարի, և նրանք ստիպված եղան երկարաձգել սահմանված վերջնաժամկետը (2014 թվականի նոյեմբերի 24) ևս վեց ամսով: Արդյունքում այժմ կողմերն ունեն սահմանված երկու վերջնաժամկետ մինչև մարտի վերջ` գալու բանակցվող պայմանագրի շուրջ ընդհանրական համաձայնության, իսկ սահմանված վերջնաժամկետին՝ հունիսի 30-ին, կնքելու համապարփակ համաձայնագիրը:

Եթե արդեն անդրադառնանք այն հիմնական առանցքային հարցերին, որոնց շուրջ ներկայումս կողմերը բանակցում են, և որոնց շուրջ առկա են հիմնական տարաձայնությունները, կառանձնացնենք հետևյալ հիմնական՝ դեռևս հստակ պատասխան չունեցող հարցադրումները.

Առաջին՝ ուրանի հարստացման համար անհրաժեշտ ի՞նչ տեսակի և քանակի ցենտրիֆուգ Իրանը կկարողանա պահպանել:

Այս հարցում կողմերի դիրքորոշումներն այնքան էլ նույնական չեն: Ինչպես իր վերջին հարցազրույցում նշեց Իրանի արտգործնախարարը, ներկայումս Իրանն ունի 20.000 ցենտրիֆուգ, ինչը հարյուր անգամ ավելի շատ է այն քանակից, որն Իրանն ուներ մինչև իր դեմ սահմանված պատժամիջոցները: Բանակցային նախորդ փուլում ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, որ Իրանի ցենտրիֆուգների քանակը պետք է նվազի այնքան, որ Իրանին առնվազն մեկ տարի թույլ չտա միջուկային ռումբ մշակել, եթե հանկարծ վերջինս որոշի չեղյալ համարել կողմերի միջև կնքված համաձայնագրիը: Ըստ Արևմուտքի դրքորոշման՝ Իրանում ցենտրիֆուգների քանակը պետք է նվազեցնել 1500-ի, սակայն վերջին շրջանում քննարկվում էր նաև 4500 ցենտրիֆուգ թույլատրելի թիվը, այն դեպքում, երբ Իրանը համաձայնի Ռուսաստան ուղարկել ցածր մակարդակի հարստացված ուրան՝ փոխարենը Ռուսաստանից ստանալով պատրաստի ռեակտորի վառելիք: Իսկ ինչ վերաբերում է իրանական կողմի դիրքորոշմանը, ապա համաձայն տարբեր աղբյուրների՝ իրանական կողմը համաձայնել էր իր ցենտրիֆուգների քանակը նվազեցնել՝ հասցնելով 8000-ի:

Երկրորդ խնդրահարույց հարցն այն է` Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղյալ համարելու գործընթացը պետք է տեղի ունենա աստիճանաբա՞ր, թե՞ միանգամից:

Այս հարցում Իրանը բնականաբար պահանջում է, որ պատժամիջոցները միանգամից հանվեն, իսկ Արևմուտքը կողմ է պատժամիջոցների աստիճանական թեթևացմանը:

Վերջապես երրորդ՝ ո՞րն է լինելու վերջնական պայմանագրի ժամկետը, որով սահմանափակումներ կնախատեսվեն Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ:

Այս հարցում իրանական կողմն առաջարկում է առավելագույնը յոթ տարի ժամկետ, որից հետո մինչև 2021 թվականը, երբ կլրանա Իրանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրի ժամկետը (պայմանագիր, որով Ռուսաստանը միջուկային վառելիք է տրամադրում Իրանին) Իրանը կկարողանա զարգացնել ուրանը ռեակտորային վառելիքի մակարդակի հարստացնելու համար անհրաժեշտ քանակի սեփական ցենտրիֆուգներ: Սակայն Արևմուտքն առաջարկում է միջուկային ծրագրի շուրջ սահմանափակումներն ուժի մեջ պահել 15 տարի:

 

Ամփոփելով անդրադառնանք նյութի սկզբում բարձացված հարցին` որոնք են այն ներքին և արտաքին գործոնները, որոնք կարող են խոչընդոտել կամ, հակառակը, նպաստել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնության հաստատմանը:

Ինչ վերաբերում է ներքին գործոններին, ապա պետք է նշել, որ թե՛ Իրանում և թե՛ ԱՄՆ-ում փոքր չէ այս հարցում հնարավոր բոլոր զիջումներին կտրականապես ընդդիմացող, ծայրահեղ դիրքորոշում ունեցողների թիվը: Սրա ապացույցն է ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների կողմից մշակված օրինագիծը, որն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանում: Այս օրինագծին ի պատասխան՝ Իրանի օրենսդիրները նույնպես առաջ քաշեցին նախագիծ, համաձայն որի` իրանական կողմը չեղյալ կհամարի բանակցությունների ընթացքում ձեռք բերած «Համատեղ գործողությունների ծրագիրը», եթե ԱՄՆ Կոնգրեսը նոր պատժամիջոցներ սահմանի Իրանի դեմ: Եթե խնդիրն ավելի ընդհանրական ներկայացնենք, ապա պետք է փաստենք, որ թե՛ իրանական կողմը, թե՛ ԱՄՆ կողմը, օգտվելով երկրներում նման հստակ արտահայտված ծայրահեղական դիրքորոշումներից, բանակցային սեղանին կփորձեն հնարավորինս շատ դիվիդենտներ քաղել: Կողմերի նման հավակնոտ կեցվածքը բանակցային սեղանին իհարկե չի կարող բարդություններ չառաջացնել բանակցային գործընթացում:

Եթե ներքին գործոնները հիմնականում բացասաբար են անդրադառնում բանակցային գործընթացի վրա, ապա արտաքին գործոնները, ինչպես, օրինակ, ուկրաինական ճգնաժամը, Մերձավոր Արևելքում Իսլամական պետություն (ԻՊ) կազմակերպության սպառնացող վտանգը, մեծացնում է կողմերի ցանկությունը բանակցություններում հաջողության հասնելու, հնարավորության դեպքում համատեղ չեզոքացնելու այնպիսի մարտահրավերները, ինչպես, օրինակ, Արևմուտքի էներգետիկ ռեսուրսների պակասը, աշխարհում աճող ծայրահեղական տրամադրությունները և այլն: Սրանք այն հարցերն են, որոնց համատեքստում արդյունավետ համագործակցությունից չի կարող չշահել և ոչ մի կողմը: Այս առումով թերևս պատահական չէր համացանցում տարածված տեղեկությունը՝ Իրանի հոգևոր առաջնորդի՝ ԱՄՆ նախագահ Օբամային ուղարկած պատասխան նամակի մասին, որը թեպետ հետագայում հերքվեց Իրանի արտգործնախարարության կողմից, սակայն նման՝ թեկուզ ոչ իրական տեղեկության և Օբամայի նամակի մասին տեղեկատվության տարածումը, որտեղ վերջինս կոչ էր անում Իրանի հոգևոր առաջնորդին հետագայում միասին համագործակցել ԻՊ-ի դեմ, անկասկած, հատուկ ուղերձ էր կրում իր մեջ:

Վերջում, եթե փորձենք ամփոփ գնահատական տալ բանակցություններում առկա անհամաձայնությունների, բանակցություններում իրենց թե՛ դրական և թե՛ բացասական ազդեցությունը ունեցող գործոնների վերաբերյալ, ապա պետք է նշենք, որ ներկայումս ստեղծված իրավիճակը կարող է ինչպես բացասաբար, այնպես էլ դրական կերպով անդրադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վրա, որի հավանական ելքը այս դեպքում կախված կլինի նրանից, թե կողմերը ավելի ծանրակշիռ կարևորություն կտան իրենց արտաքի՞ն, թե՞ ներքին շահերին:

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: