ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՕՊ համակարգի շուրջ գործարքը Թուրքիան օգտագործում է Ցեղասպանության դատապարտումը կանխելու նպատակով

- Օրերս տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ Թուրքիան հետաձգել է շուրջ 4 մլրդ արժողությամբ ՀՕՊ համակարգերի գնումը՝ դա պայմանավորելով Հայոց Ցեղասպանության 100-ին  որոշ երկրների դիրքորոշմամբ: Ինչպե՞ս կբացատրեիք թուրքական կողմի այս քայլը:

 - Նախ նշեմ, որ Թուրքիան շուրջ 4 մլրդ դոլար արժողությամբ հակաօդային և հակահրթիռային պաշտպանական համակարգերի գնման մրցույթ է հայտարարել դեռևս 2009թ-ին: Սակայն մինչ օրս մրցույթի վերջնաժամկետը հետաձգել է մի քանի անգամ:

Պայմանագրի համար պայքարում են ամերիկյան Patriot PAC-3, ֆրանս-իտալական Aster 30 և ռուսաստանյան Ս-300-ների հիմքի վրա ստեղծված չինական FD-2000 ՀՕՊ համակարգերը։ Ռուսական “Рособоронэкспорт” ընկերությունը մրցույթից դուրս էր մնացել նախնական փուլում: 2013-ի սեպտեմբերին Թուրքիայի ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ մեծ հեռահարության ՀՕՊ համակարգի մրցույթի արդյունքներով որոշում էր կայացվել ձեռք բերել Չինաստանը ներկայացնող China Precision Machinery Export-Import Corp. (CPMIEC) ընկերության FD-2000 զենիթահրթիռային կայանները։ Սակայն հետագայում Թուրքիան հետ կանգնեց այդ որոշումից, չեղյալ հայտարարեց մրցույթի արդյունքները։ Չինական ընկերությանը նախապատվություն տալը պայմանավորված էր նրանց առաջարկի մատչելիությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ չինական կողմը պատրաստակամություն էր հայտնել տրամադրել նաև որոշ տեխնոլոգիաներ:

Ըստ հանձնաժողովի տվյալների՝ երկրորդ տեղը զբաղեցրել էր ֆրանս-իտալական “Eurosam” ընկերությունը՝ Aster 30 համակարգով, այսինքն՝ չինական կողմի հետ պայմանավորվածության չգալու դեպքում, այն հանդիսանում է մյուս պոտենցիալ թեկնածուն: Օգտվելով այս առիթից թուրքական կողմը փորձել է գնալ հերթական շանտաժին՝ հայտարարելով, թե ՀՕՊ համակարգերի գնման հետ կապված իր վերջնական որոշումը կկայացնի՝ ելնելով Հայոց Ցեղասպանության հարցում Եվրոպայի որդեգրած դիրքորոշումից: Այս հայտարարությունն ուղղված էր մասնավորապես Ֆրանսիային, ով հանդիսանում է նաև Թուրքիայի գործընկերը ՆԱՏՕ-ի շրջանակներում: Ստացվում է, որ թուրքական կողմը, օգտվելով 4 միլիարդանոց գործարքի հնարավորությունից, փորձում է ճնշում գործադրել եվրոպական կողմի վրա:

 -Շրջանառվում են նաև լուրեր այն մասին, որ Թուրքիան մտադիր է ստեղծել սեփական ՀՕՊ համակարգը, որն անկախ կլինի ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգի: Ինչո՞վ է պայմանավորված թուրքական կողմի նման քայլը:

 -Ինչ վերաբերում է սեփական ՀՕՊ համակարգի ձևավորման հնարավորությանը, նախ պետք է նշել, որ Թուրքիան ունի սեփական ազգային ՀՕՊ համակարգ, որը մասամբ  ինտեգրված է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգին: Չինական ՀՕՊ համակարգերի գնման դեպքում, ինչը բավական իրատեսական է, դրանք ներդրվելու են ազգային պաշտպանական համակարգում և զուգահեռ կիրառվելու են՝ առանց ՆԱՏՕ-ի համակարգերին ինտեգրվելու: Նման որոշումն ունի ինչպես տեխնիկական, այնպես էլ ռացիոնալ հիմքեր: Նախ՝ չինական համակարգերը ՆԱՏՕ-ի միասնական կառավարման համակարգում ներդնելն ուղղակի տեխնիկապես հնարավոր չէ, իսկ անգամ հնարավորության դեպքում՝ Թուրքիայի եվրոատլանտյան գործընկերները կունենային լուրջ մտահոգության առիթ՝ ի դեմս չինական կիբերհանցավորության: Բացի այդ, Թուրքիան, որն ունի տարածաշրջանային առաջատարի դերակատարություն ստանձնելու լուրջ հավակնություններ, փորձում է որոշակի ինքնուրույնություն ձեռք բերել և աստիճանաբար թուլացնել ՆԱՏՕ-ի գործընկերներից իր կախվածությունը: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ վերջին տարիներին բավականին խորացել էին Թուրքիա-ի և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների հակասությունները՝ տարբեր տիպի ռազմական տեխնիկա, սպառազինություն ձեռք բերելու հարցում ստեղծվող խոչընդոտների հետ կապված:  Այդ ամենն իր արտահայտությունն էր ստանում նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ Թուրքիայի պահվածքում, ով, ինքնավստահություն զգալով սեփական ուժերի նկատմամբ, «լսող աշակերտի» կերպարից անցում է կատարում «անկաշկանդ ուսուցչի» կեցվածքի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: