ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը փորձում է վերահսկել Կենտրոնական բանկը, արդյունքում լիրան արժեզրկվում է. Վերլուծություն

Թուրքական լիրան օրեցօր անկում է ապրում դոլարի նկատմամբ: Ինչու՞  է այն արժեզրկվում և ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ:

Նախորդ շաբաթ թուրքական արժույթը գրանցել է իր հերթական անկումը դոլարի նկատմամբ՝ մեկ դոլարը գնահատվել է 2.5450 լիրա: Մեկ ամսվա ընթացքում նրա արժեքը դոլարի նկատմամբ նվազել է 5.6 տկոսով, իսկ մեկ տարվա կտրվածքով` 8.6 տոկոսով:

«Focus Economics Consensus Forecast»-ի փորձագետներն ակնկալում են, որ դոլարը 2015 թվականի վերջին կգնահատվի 2.43 լիրա (աղբյուրը՝ focus-economics.com):

Միայն արժույթի անկումը չէ, որ Թուրքիայի տնտեսութան մեջ մտահոգության առիթ է դարձել. պաշտոնական տվյալներով նաև գնաճ է գրանցվել, որը մեկ տարվա կտրվածքով փետրվարին կազմել է 7.55 տոկոս: Սպառողական գներն ամեն տարի միջինում բարձրանում են 7.24 տոկով:

Լիրայի անկայունությունը և արժեքի անկումը խիստ զայրացրել են նախագահ Էրդողանին, ով մշտապես քննադատում է Կենտրոնական բանկի որդեգրած դրամավարկային քաղաքականությունը: Նա խիստ բացասաբար է արձագանքել Կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքին՝ համարելով այն շատ բարձր: Քաղաքական ճնշումների հետևանքով՝ Կենտրոնական բանկը տոկոսադրույքը 8.25 տոկոսից իջեցրել է 7.5 տոկոսի տարվա առաջին երկու ամիսների ընթացքում, սակայն նախագահը դեռ բավարարված չէ: Էրդողանն այս շաբաթ հայտարարել է, որ կզանգահարի Կենտրոնական բանկի կառավարիչ Էրդեմ Բասքիին զգուշացնելու, որ «նա իր գործողությունները համապատասխանեցնի երկրի նախագահի հետ, այլապես իր մեքենայությունների պատճառով երկար չի կարող կառավարել բանկային համակարգը» (աղբյուրը՝ ibtimes.co.uk):

Նախ պետք է նշել, որ ցանկացած երկրի կենտրոնական բանկ համարվում է անկախ մարմին: Նրա ֆունկցիաներից է տվյալ տարվա գնաճը կանխորոշելը, համախառն ներքին արդյունքի ծավալները հաշվարկելը, ինչի հիման վրա էլ մշակում է իր քաղաքականությունը, փողի արտամղումը շուկա, ինչպես նաև տոկոսադրույքները: Կենտրոնական բանկի նպատակն է պահպանել գների  կայունությունը շուկայում, խթանել տնտեսական աճը: Այս նպատակների իրագործման համար բանկը որդեգրում է համապատասխան քաղաքականություն՝ դրամավարկային կամ հարկաբյուջետային: Թուրքիայի Կենտրոնական բանկն ընդունել է դրամավարկային քաղաքականություն, որն, ինչպես տեսնում ենք, ոչ մի կերպ չի գոհացնում Էրդողանին: Սակայն սա առիթ չպիտի հանդիսանա, որպեսզի նա Բանկի գործունեությունը որակի որպես մեքենայություն:

Էրդողանի առաջարկը  տոկոսադրույքի իջեցման վերաբերյալ հիմնված է հետևյալ տրամաբանության վրա. տոկոսադրույքի իջեցումը գրավիչ կդարձնի թուրքական շուկան ներդրողների համար, ներդրումների քանակը կավելանա` հատկապես եվրոպական և ամերիկյան կազմակերպությունների կողմից: Մյուս կողմից սպառողական գները կիջնեն: Այս ամենը, սակայն, հանգեցնում է փողի արժեզրկման, ինչին էլ այժմ ականատես ենք լինում Թուրքիայում: Այսինքն՝ շուկա է դուրս գալիս մեծ քանակությամբ լիրա, որն էլ արժեզրկվում է այլ փոխարժեքների նկատմամբ, տվյալ դեպքում՝ դոլարի: Այսպիսով, Էրդողանը ստիպում է բանկին ընդունել դրամավարկային ընդլայնող քաղաքականություն, որը հակասում է Բանկի զսպող քաղաքականությանը:

Անդրադառնալով Կենտրոնական բանկի զսպող դրամավարկային քաղաքականությանը` նշենք, որ բանկն ի սկզբանե հայտարարել էր և փորձում էր իրականացնել դրամավարկային զսպող քաղաքականություն: Այս դեպքում տոկոսադրույքի բարձր լինելը նպաստում է ավանդների ավելացմանը բանկերում, ինչն էլ կրճատում է շրջանառվող փողի քանակը և հանգեցնում է լիրայի արժովորման:

Այսպիսով, եթե Թուրքիան ուզում է, որ իր արժույթը չարժեզրկվի, պիտի հետևի Կենտրոնական բանկի զսպող դրամավարկային քաղաքականությանը, հակառակ դեպքում արժույթը մշտապես անկում է ապրելու: Էրդողանի պահանջած ընդլայնող քաղաքականությունը լավ միջավայր է ստեղծում օտարերկրյա կամ արտարժույթով ներդրողների համար, սակայն բանկն իր բարձր տոկոսադրույքով խրախուսում է տեղական արժույթով ներդրողներին:

Պետք է հաշվի առնել այլ հանգամանքներ ևս, մասնավորապես այն, թե Թուրքիայում արտահանումը կամ ներմուծումը ինչ արժույթով է կատարվում՝ լիրայով, թե` արտարժույթով: Լիրայի անկումից մեծապես տուժում են արտարժույթով առևտուր կատարողները: Մյուս կողմից հայտնի է, որ լիրայի արժեզրկումը խիստ բացասաբար է անդրադառնում տնտեսության վրա, քանի որ թուրքական ընկերությունների` արտարժույթով պարտավորությունները կազմում են 180 միլիարդ դոլար: Այսպիսով, թուրքական շատ ընկերություններ խոցելի են դառնում լիրայի արժեզրկումից:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: