ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի հետ պետք է խոսել պատժամիջոցների լեզվով

Մարդու իրավունքերի խախտումները և խոսքի ազատության սահմանափակումները միշտ եղել են, և ինչպես ցույց են տալիս զարգացումները, կշարունակեն մնալ Ադրբեջանի մեծագույն խնդիրներից մեկը, եթե, իհարկե, այն վերջինիս կողմից ընկալվում է որպես խնդիր։ Ադրբեջանը փորձում է կերտել հզոր երկրի պատկեր, որը իբրև թե որևէ խնդիր չունի կամ կարող է իր այդ խնդիրները լուծել նավթի և նավթադոլարների միջոցով։

Ադրբեջանը համարվում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը։ Freedom House-ի վերջին զեկույցի համաձայն՝ Ադրբեջանում կոռուպցիայի մակարդակը գնահատվում է 6 (ըստ Freedom House-ի` 1-ով գնահատվում է ամենաքիչ կորումպացված երկիրը, իսկ 7-ով՝ ամենաշատ կորումպացվածը)։

Սա ուղղակի թիվ չէ։ Եթե նայենք միայն նավթի արտահանումից ստացվող երկրի եկամուտներին և երկրի ՀՆԱ-ին, միանգամային պարզ է դառնում, որ այդ թվերն ուղղակի անհամադրելի են։ Մեկ այլ խնդիր, որն արդեն նշել եմ, մարդու իրավունքների խախտումները և խոսքի ազատության սահմանափակումներն են, որոնք երկրի կոռումպացվածության, ամբողջատիրական վարչակարգի  և Ալիևի կլանի գերիշխանության ուղղակի հետևանքներն են։

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները, իրավաբանները, լրագրողները, ադրբեջանական հասարակության մտածող խավի այն ադամները, ովքեր ավելի ակտիվ են եղել իրենց աշխատանքում, արդեն բանտում են: Ադրբեջանում առկա է նաև մեկ այլ խնդիր՝ հայաֆոբիան։ Մի շարք ակտիվիստներ, մարդու իրավունքների պաշտպաններ, որոնց թվում են՝ Լեյլա և Արիֆ Յունուսները, Ռաուֆ Միրկադիրովը, ձերբակալվել են հայերի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու պատճառով և այժմ մեղադրվում են դավաճանության մեջ։ Այս ձերբակալություններով ադրբեջանական իշխանությունները նպատակ են հետապնդում լռեցնել նրանց և մաքրել իրենց ճանապարհը բոլոր հնարավոր խոչընդոտներից:

Հունիսի 12-28-ը Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի նախաշեմին Սպորտի և իրավունքի դաշինքը, որը ձևավորվել է վերջերս և ներառում է  Amnesty International, Human Rights Watch, FIFPro – World Players’ Union, Football Supporters Europe, Supporters Direct Europe, Terre des Hommes, և Transparency International Germany  միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել անարդարացիորեն բանտարկված լրագրողներին ու ակտիվիստներին՝ ընդգծելով, որ Եվրոպական օլիմպիական կոմիտեների համար եզակի հնարավորություն է՝ բարձրաձայնելու իրենց բոլոր մտահոգությունները: Դաշինքի հայտարարության մեջ այնուհետև ասվում է․ «Լուռ մնալով՝ Եվրոպական օլիմպիական կոմիտեները ռիսկի են դիմում, քանի որ քննադատներին լռեցնելու Ադրբեջանի իշխանությունների քայլը կարող է ընկալվել որպես ընդունելի։ Իրադարձությունը, որն Ադրբեջանը հյուընկալում է, ըստ Օլիմպիական խարտիայի,  ենթադրում է, որ մարդկային արժանապատվությունը և սպորտը պետք է լինեն հասարակության ներդաշնակ զարգացման կենտոնում»։

Իհարկե, սա ավելին է, քան օբյեկտիվ հայտարարություն։ Ոչ միայն եվրոպական օլիմպիական կոմիտեները, այլև միջազգային հանրությունը պետք է վաղուց քայլեր ձեռնարկեին Ադրբեջանին թույլ չտալու, որ նա  այդքան հեռու գնար  իր «համարձակ» գործողություններում։ Սպորտի և իրավունքի դաշինքն անգամ կոչ է արել Եվրոպական օլիմպիական կոմիտեներին օգտագործել լծակներ՝ ստիպելու Ադրբեջանին  մինչև հունիսի 12-ը՝ բացման հանդիսավոր արարողությունը, երեք քայլ ձեռնարկել՝  անհապաղ ազատ արձակել անարդարացիորեն բանտարկված լրագրողներին ու իրավապաշտպաններին, ձեռնպահ մնալ մարդու իրավունքներով և ժողովրդավարացմամբ զբաղվող խմբերի գրանցումը մերժելուց և փոփոխել ոչ կառավարական խմբերի մասին օրենքը։ Սրանք  այն քայլեր են, որոնց կիրառումը, անշուշտ կարող է փոխել իրավիճակը Ադրբեջանում՝ երկիրը ավելի բաց և ժողովրդավարական դարձնելով։ Սակայն, ակնկալել, որ Ադրբեջանը հաշվի կառնի  եվրոպական օլիմպիական կոմիտեների որևէ խորհուրդ կամ նույնիսկ պահանջ, ավելի քան անիրատեսական է։ Սա առաջին դեպքը չէ, երբ նման կոչերով Ադրբեջանին են դիմել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպություններ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը,  միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների: Անցյալի փորձը ցույց  է տվել, որ մի բան, ինչը պարտադիր բնույթ չի կրում, չի կարող իրական ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա՝ բացի կարճ ժամանակահատվածով սթափեցնելուց: Սա է պատճառը, որ Ադրբեջանի հետ միակ  աշխատանքային լեզուն պետք է լինի պատժամիջոցների լեզուն, որը նրան վերջապես կստիպի հասկանալ, որ նավթադոլարները չեն կարող միշտ փրկել իրեն, հակառակ դեպքում ներկայիս վիճակը կպահպանվի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: