ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մինսկի համաձայնություններ․ ինչքանո՞վ են կատարվել, և ի՞նչ նպատակ է հետապնդում Ուկրաինան

Ապրիլի 13-ին Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները «նորմանդական քառյակի» ձևաչափով կհանդիպեն Բեռլինում՝ քննարկելու Մինսկի համաձայնությունները կյանքի կոչելու գործընթացը։ Սա ևս մեկ առիթ է կողմերի համար՝ ամփոփելու ձեռք բերված արդյունքներն ու առանձնացնելու թերացումները, քննարկելու հակասությունները։

Գործընթացը մեծ դժվարություններով մասամբ հաղթահարեց առաջին փուլը՝ փոխանակվեց գերիների մի մասը, շփման գծից հետ քաշվեցին խոշոր զինատեսակները, մեկնարկեց Դոնեցկի և Լուգանսկի շրջաններին հատուկ կարգավիճակ շնորհելու գործընթաց:

Դրա հետ մեկտեղ՝ դժվար է ասել, որ գործընթացը հաջողությամբ առաջ է ընթանում, և կողմերը բավականաչափ քաղաքական կամք են ցուցաբերում ճգնաժամի վերջնական կարգավորման համար։

Ըստ «Մինսկ-2»-ի, որը կնքվեց 2015թ․ փետրվարին՝ նախատեսվում էր փետրվարի 15-ից հրադադար հաստատել։ Սակայն արդեն այդ համաձայնությունից հետո տեղի ունեցավ Դեբալցևոյի շուրջ ծավալված պայքարը, եղան բազմաթիվ զոհեր (ըստ ԴԺՀ տվյալների՝ այստեղ զոհվել է մոտ 3 հազար ուկրաինական զինվորական)։ Այժմ հաջողվել է հասնել նրան, որ հրադադարը համեմատաբար պահպանվի, կտրուկ կրճատվել է զոհերի թիվը։

Հրադադարի հաստատումից հետո հաջորդ կետը զորքերի հետքաշումն էր սահմանված դիրքեր։ Զինտեխնիկայի տեղաշարժը փետրվարի 24-ին սկսեցին ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն։ Ուկրաինական կողմը գործընթացը սկսեց փետրվարի 26-ին։ Միջազգային դիտորդների գնահատականով՝ զորքերի հետքաշումը լիարժեք չի իրականացվել։ «Դիտորդները հայտարարում են, որ գրանցվել են ծանր զինատեսակների տեղաշարժի շատ դեպքեր, սակայն մենք չենք կարող համոզված ասել, որ իրականացվել է ամբողջական հետքաշում»,- ապրիլի 7-ին հայտարարել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Մայքլ Բոցյուրկիվը:

Զորքերի հետքաշման մեկնարկի հաջորդ օրվանից նախատեսվում էր սկսել երկխոսությունը ԼԺՀ-ում և ԴԺՀ-ում տեղական ընտրություններ անցկացնելու, ինչպես նաև ապագա կարգավիճակը որոշելու վերաբերյալ։ Ըստ ստորագրված փաստաթղթի՝ ընտրությունների հետ կապված հարցերը պետք է համաձայնեցվեն ԼԺՀ և ԴԺՀ ներկայացուցիչների հետ։ Այս հարցը ևս հակասությունների տեղիք տվեց, քանի որ պաշտոնական Կիևը հրաժարվում է երկխոսություն ծավալել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի հետ, մինչև այնտեղ չանցկացվեն տեղական ընտրություններ՝ համաձայն Ուկրաինայի օրենսդրության։ Այժմ գործող իշխանությունները Կիևը հրաժարվում է ճանաչել։

Փաստաթղթի համաձայն՝ պետք է կազմակերպվեր գերիների փոխանակում, հայտարարվեր համաներում։ Այս գործընթացը ևս ավարտված չէ, երկու կողմերն էլ դեռ ունեն գերիներ։ Այսօրվա դրությամբ արդեն իսկ ազատ են արձակվել 2.5 հազար ուկրաինացի զինվորներ, մոտավորապես 400-ը մնում են գերության մեջ: Նման թվեր է հաղորդել Ուկրաինայի Գերիների ազատման աջակցման կենտրոնի բանակցող Յուրի Տանդիտը: Փոխանակման գործընթացը շարունակվում է։

Մինչև 2015թ․ ավարտը պետք է Ուկրաինայում անցկացվեն սահմանադրական բարեփոխումներ՝ շեշտը դնելով ապակենտրոնացման վրա, Դոնեցկի և Լուգանսկի շրջանների համար ապահովելով հատուկ կարգավիճակ։

 Մարտի 17-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան օրենք ընդունեց, որով Լուգանսկն ու Դոնեցկը ճանաչեց օկուպացված տարածքներ՝ սահմանելով այն բնակավայրերը, որոնց վրա տարածվում է Դոնբասի ժամանակավոր հատուկ կարգավիճակի մասին օրենքը։ Միաժամանակ ընդունվեց օրենքի լրացում, որով ամրագրվեց, որ այդ դրույթն ուժի մեջ կմտնի միայն այդ տարածքներում Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխանող ընտրություններ անցկացնելուց հետո։ ԼԺՀ-ն ԴԺՀ-ն հրաժարվեցին ճանաչել այդ օրենքը՝ հայտարարելով, որ այդ քայլով Կիևը զրկում է Դոնբասին հատուկ կարգավիճակից։ «Մենք ժամանակին առանց ոգևորության, բայց համաձայնեցինք նորացված Ուկրաինայում հատուկ կարգավիճակ ստանալուն, չնայած մեր ժողովուրդն անկախություն էր ցանկանում։ Մերժելով Դոնբասին հատուկ կարգավիճակի հարցում՝ Կիևը տրորեց փխրուն խաղաղությունը և փակուղի մտցրեց գործընթացը»,- հայտարարել են ԼԺՀ և ԴԺՀ ղեկավարներ Իգոր Պլոտնիցկին և Ալեքսանդր Զախարչենկոն։

Սահմանադրական բարեփոխումները նույնպես մի շարք հարցականներ են առաջացրել։ Ապրիլի 6-ին տեղի է ունեցել Սահմանադրական հանձնաժողովի առաջին նիստը, որը կոչված է մշակել փոփոխությունները Սահմանադրությունում։ Գերակա խնդիրներից մեկն ապակենտրոնացման հարցի կարգավորումն է։ ԼԺՀ և ԴԺՀ ներկայացուցիչները հրավիրված չեն եղել մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին, ինչն արդեն իսկ դժգոհություն է հարուցել և Մինսկի համաձայնությունների խախտման վտանգ ստեղծել։

Բացի այդ՝ երկրի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հայտարարել է, որ հնարավոր է համարում հանրաքվեի անցկացումը։ «Ես պատրաստ եմ զարկ տալ Ուկրաինայի պետական կառուցվածքի մասին հանրաքվեի անցկացմանը, եթե տեսնեք դրա անհրաժեշտությունը»,- Պորոշենկոյի խոսքերը մեջբերում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նա համոզվածություն է հայտնել, որ երկրի բնակչության 90 %-ը կողմ կքվեարկի միասնական Ուկրաինային։

Այս հայտարարությունը դժգոհություն է առաջացրել ԼԺՀ-ում և ԴԺՀ-ում։ Նրանց գնահատմամբ սա փորձ է՝ խուսափելու Մինսկի համաձայնությունները կատարելուց և Դոնեցկին ու Լուգանսկին հատուկ կարգավիճակ շնորհելուց։ «Կիևը Վաշինգտոնի աջակցությամբ ցանկանում է հնարավորինս բարդացնել, խճճել և վերջում սառեցնել սահմանադրության փոփոխման հարցը»,- հայտարարել է ԴԺՀ Ժողովրդական խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Պուրգինը։

Բացի այդ, առաջնորդվելով այդ թվում Մինսկի համաձայնությամբ ամրագրված, Ուկրաինայի սահմանների հանդեպ վերահսկողության հաստատման անհրաժեշտությամբ, պաշտոնական Կիևը ծավալել է նաև ՄԱԿ-ի, ԵՄ-ի խաղաղապահներ երկիր հրավիրելու գործընթաց։ Մարտի 17-ին Գերագույն Ռադան որոշում է կայացրել ՄԱԿ Անվտանգության խորհուրդ և Եվրոպական խորհուրդ դիմելու վերաբերյալ՝ խնդրելով սկսել անհրաժեշտ օպերացիան Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու համար։ Այս առաջարկը հարուցում է ինչպես ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի, այնպես էլ ռուսական կողմի դժգոհությունը։ Լավրովն Ուկրաինայի այս առաջարկը գնահատել է որպես Մինսկի պայմանավորվածությունների կատարումը ձգձգելու փորձ։ Ուկրաինական կողմը հայտարարում է, որ այս հարցը ևս կարող է քննարկվել Բեռլինում։

Ուկրաինայի որոշումներն ու քայլերն աչքի են ընկնում իրենց անտրամաբանականությամբ։ Հարց է առաջանում, թե ի՞նչի է ձգտում իրականում Ուկրաինան այս իրավիճակում։ Բոլոր գործողությունները ուղղակի կամ անուղղակի կերպով ուղղված են Մինսկի պայմանավորվածությունները հետաձգելուն, դրանցից խուսափելուն, փակուղի մտցնելուն։ Արդյունքում ստացվում է, որ հասնելով հրադադարի հաստատմանը՝ Ուկրաինան գիտակցաբար գործընթացը տանում է սառեցված հակամարտության ձևավորման ճանապարհով՝ միաժամանակ ներսում ունենալով իր վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներ։

Եթե կարգավորումը հնարավորություն կտար թեկուզ որոշակի զիջումների գնով վերահսկողություն հաստատել Դոնեցկի և Լուգանսկի նկատմամբ, ապա ներկայիս իրավիճակում հակամարտության սառեցումը կպահպանի դրանց լիովին անվերահսկելի վիճակը։ Սա լայն հնարավորություններ է ընձեռում անջատողականներին, և կորցնելով փոխզիջումների գնալու պահն ու հնարավորությունը՝ Կիևն ակամայից կամրապնդի նրանց դիրքերը։

Բացի այդ, իր ներսում պահպանելով անվերահսկելի և պայթյունավտանգ միավորներ, Ուկրաինան ինքն իրեն կզրկի ՆԱՏՕ-ին անդամակցելու առանց այն էլ մշուշոտ հեռանկարից։ Մինսկի համաձայնությունների տապալումը դժվար թե առավել ձեռնտու իրավիճակ կստեղծի Կիևի համար։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: