ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան Հռոմի պապին սպառնում է Եվրոպայում ռասիզմի աճով

Վատիկանում պատարագի մատուցումից և Հռոմի պապի հայտարարություններից հետո Թուրքիան ետ է կանչել Վատիկանում իր դեսպան Մեհմեթ Փաչաջիին խորհրդակցությունների համար: Այս մասին հայտնում է երկրի ԱԳՆ-ն: Ավելի վաղ թուրքական ԱԳՆ է կանչվել Թուրքիայում Վատիկանի դեսպանը: Անկարան իր դժգոհությունն է հայտնել Հռոմի պապի հայտարարությունների կապակցությամբ: «Կրոնական ուղղությունների ներկայացուցիչները չպետք է նման անհիմն հայտարարություններ անեն, որոնք ատելություն և թշնամանք են սերմանում», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Հատկանշական է, որ Վատիկանում Թուրքիայի դեսպանը ընդամենը մեկ շաբաթ առաջ ԵՄ հարցերով Թուրքիայի նախարար Վոլքան Բոզքիրի՝ Հռոմ կատարած այցի ժամանակ վստահեցնում էր թուրքական ղեկավարությանը, որ Վատիկանը մերժել է հայերին պատարագ մատուցելու հարցում:

Նշենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ մատուցեց՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պատարագի ժամանակ Պապը Հայոց ցեղասպանությունն անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» և անցյալ դարի երեք մեծ ողբերգություններից մեկը: Մյուս երկու ողբերգությունը, ըստ նրա, ստալինյան բռնաճնշումներն էին ու Հոլոքոստը: «Կարծես այսօր էլ կան մարդիկ, որոնք փորձում են ոչնչացնել ուրիշներին այլոց հանցավոր լռությամբ, ովքեր պարզապես դրան նայում են կողքից», - նշեց Հռոմի պապը:

Ինչպես հայտարարեց ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը, սա աննախադեպ պատարագ էր, որը տեղի ունեցավ Հայ Առաքելական եկեղեցու կողմից Ցեղասպանության զոհերի սրբադասվելուց երկու շաբաթ առաջ՝ դրանով իսկ խորհրդանշելով քրիստոնյա աշխարհի համերաշխությունը մեր ժողովրդի հետ: Սերժ Սարգսյանը նաև առանձնազրույց է ունեցել Նորին Սրբության հետ և երախտագիտություն հայտնել Սուրբ Պատարագի համար:

Թուրքական ԱԳՆ-ն  նշել է, որ «մեծ հիասթափություն» է ապրում Հռոմի պապի խոսքերից, և դա կարող է «վստահության խնդիր» առաջացնել կողմերի միջև: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ևս քննադատել է Հռոմի պապի հայտարարությունները՝ դրանք անվանելով «անհամապատասխան» և «միակողմանի» մեկնաբանություններ, հայտնում  է RTÉ News-ը: «Մենք ակնկալում էինք, որ կրոնական առաջնորդները պետք է խաղաղության կոչ անեն», - հայտարարել է Դավութօղլուն՝ նշելով, որ «Հռոմի պապի մեկնաբանությունները չեն համապատասխանում նոյեմբերին Թուրքիա կատարած այցի շրջանակներում հաշտեցման մասին արված նրա հայտարարություններին»: «Այս հայտարարությունները ճանապարհ են հարթում Եվրոպայում ռասիզմի աճի համար՝ մեղադրելով մուսուլմաններին և թուրքերին հավաքական հանցագործության մեջ», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Վատիկանում Թուրքիայի նախկին դեսպան քենան Գյուրսոյը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ «սա առաջին անգամն է, երբ Թուրքիան ետ է կանչում իր դեսպանին Վատիկանից, սակայն սա դեռ չի նշանակում, որ Թուրքիայի և Վատիկանի միջև դիվանագիտական հարաբերություններն ավարտված են»: «Քանի որ խոսքը գնում է մի իրավիճակի մասին, որի հետ մենք համաձայն չենք, որպես առաջին արձագանք՝ մենք կանչում ենք մեր դեսպանին խորհրդակցություններ անցկացնելու համար», - ասել է թուրք դիվանագետը:

Նշենք, որ Ֆրանցիսկն առաջին Հռոմի պապը չէ, ով 1915 թվականի իրադարձությունները հրապարակավ որակում է որպես Ցեղասպանություն: 2001 թվականին Հովհաննես Պողոս II պապը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հետ համատեղ հռչակագրով Հայոց ցեղասպանությունն անվանեց 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը:

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    17 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  10° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: