ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը Հայաստան կատարած այցի արդյունքներով տարածել է հայտարարություն

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի Հայաստան կատարած 2-օրյա այցի ավարտին ԵԽԽՎ պաշտոնական կայքում հրապարակվել է այցի արդյունքերն ամփոփող հայտարարություն:

Ստորև ներկայացնում ենք հաղորդագրության տեքստն ամբողջությամբ.

«14 տարի առաջ կազմակերպությանը միանալիս կարևոր առաջընթաց գրանցվեց, սակայն մի շարք խնդիրներ դեռ առկա են. դատական համակարգը պետք է լինի ամբողջությամբ անկախ և անձեռնմխելի անհարկի ազդեցությունից, անպատժելիությունը պետք է ուղղվի, քննչական և դատախազական մարմինները պետք ամբողջությամբ թափանցիկ աշխատեն, որպեսզի քաղաքացիները հավատան այդ ինստիտուտներին, կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ինտենսիվորեն զարգանա: Ես ողջունում եմ 2012-2014 թվականների Գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև գոյություն ունեցող լավ համագործակցությունը և խրախուսում եմ իշխանություններին նոր ծրագրեր մշակել»,- ասաց նախագահը:

Սահմանադրական բարեփոխումների հարցը նախագահի ուշադրության կենտրոնում է եղել հայաստանյան քննարկումների ընթացքում: Վենետիկի հանձնաժողովի հետ դրական համագործակցությունը ողջունելով՝ Բրասերը շեշտել է բարեփոխումների առաջարկությունների շուրջ լայն քաղաքական քննարկում կազմակերպելու անհրաժեշտությունը, որին կմասնակցեն բոլոր քաղաքական և քաղաքացիական դերակատարները. «Սահմանադրական բարեփոխումը պետք է ավելի ամրապնդի և ավելի համախմբի ժողովրդավարական հաստատությունները և ոչ թե բաժանի երկիրը: Եվրոպայի խորհուրդը ձեր տրամադրության ներքո է գտնվում՝ աջակցություն ցուցաբերելու համար»:

Ընտանեկան բռնություններն ու կանանց դեմ բռնությունների պայքարը նույնպես նախագահի ուշադրության կենտրոնում են եղել: «Սա շատ կարևոր հարց է Հայաստանի համար, ինչպես երևում է, մասնավորապես՝ մարդու իրավունքների հանձնակատարի վերջին զեկույցից: Ես իմ բոլոր զրուցակիներին կոչ արեցի հրատապ քայլեր ձեռնարկել բոլոր ուղղություններով, հարցի լուծման համար, ներառյալ Եվրոպայի խորհրդի Ընտանեկան բռնության և կանանց դեմ բռնության դեմ պայքարի վերաբերյալ կոնվենցիային միանալով: Ես հասկանում եմ, որ նախապատրաստական աշխատանքները սկսվել են և սպասում եմ Հայաստանի՝ կոնվենցիային միանալուն»,- նշեց է ԵԽԽՎ նախագահը:

Տարածաշրջանային հարցերի մասին խոսելիս, ԵԽԽՎ նախագահը քննարկեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները:

«Եվրոպայի խորհրդին միանալիս Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ ջանքերը շարունակել: Մեր վեհաժողովը մշտապես աջակցություն է հայտնել կարգավորման ջանքերին, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Կցանկանայի շնորհակալություն հայտնել իմ բոլոր հայ զրուցակիցներին, որոնք շատ անկեղծ և բաց կերպով ինձ փոխանցեցին Վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող գործունեությանն առնչվող հարցերի մասին իրենց կարծիքները: Ես համաձայն եմ, որ հարցը բարդ է և պետք է ուսումնասիրվի առանց շտապելու՝ հաշվի առնելով բոլոր գործոնները: Վեհաժողովի բոլոր զեկույցները պետք է հավասարակշռված լինեն և հաշվի առնեն բոլոր կողմերի կարծիքները: Որպես նախագահ՝ իմ պարտականությունն է երաշխավորել որոշումները իրականացումը, որոնք ընդունվել են Վեհաժողովի մարմինների կողմից»,- շեշտել է նախագահը: 

Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ Բրասերը նշեց, որ իր կարծիքով երկու երկրներն ունեն ընդհանուր պատմություն և, հանդիսանալով Եվրոպայի խորհրդի անդամներ, հավատարիմ են միևնույն՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության արժեքներին. «Համոզված եմ, որ հենց այս արժեքները, որոնք միավորում են Եվրոպայի խորհրդի անդամներին, կօգնեն երկու երկրներին միասին խաղաղություն հաստատել և կառուցել ընդհանուր ապագա: Այս համատեքստում, իմ այցելության ընթացքում հարգանքի տուրք մատուցեցի 1915 թվականի կոտորածների արդյունքում զոհվածների հիշատակին և կարևորեցի այդպիսի վայրագությունները կանխարգելելու գործում Եվրոպայի խորհրդի դերը: Եվրոպայի խորհրդի առաքելությունն է այդ արժեքները պահպանել և խթանել հարգանքի և հանդուրժողականության սկզբունքները: Մենք պետք է դասեր քաղենք Եվրոպայի պատմությունից և համախմբված լինենք՝ ատելության ու անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարելու համար, ինչպես նաև նպաստել երկխոսությանն ու համատեղ կյանքին»,- եզրափակել է նախագահը:




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: