ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեղեկանք. Խաղաղապահ առաքելություններն աշխարհում

Խաղաղապահ առաքելությունները տարբերվում են խաղաղաշինական և խաղաղաստեղծ գործողություններից: Խաղաղապահները դիտարկում և վերահսկում են հակամարտությանը հաջորդած շրջանում խաղաղության գործընթացները և օժանդակություն ցուցաբերում հակամարտող կողմերի միջև ստորագրված կամ հնարավոր ստորագրվելիք խաղաղության համաձայնագրերի կյանքի կոչման հարցում: Նման օժանդակությունը տարբեր ձևաչափեր կարող է ունենալ, ներառյալ վստահության կառուցման միջոցներ, օժանդակություն իշխանության բաշխման հարցում, ընտրական գործընթացներին օժանդակություն, իրավունքի գերակայության և սոցիալ-տնտեսական զարգացման խթանում:

ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը («կապույտ բերետավորները», ինչպես նրանց հաճախ անվանում են) ապահովում են երկրների կոնֆլիկտից խաղաղությանն անցումը` տրամադրելով անվտանգության և քաղաքական ու խաղաղապահ օժանդակություն: Դրանք կարող են կազմված լինել զինվորներից, ոստիկանության ծառայողներից և քաղաքացիական անձնակազմից:

ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայումը տեղանքի նախնական ուսումնասիրությունից հետո հաստատվում է Անվտանգության խորհրդի (ԱԽ) կողմից: Այստեղ իրենց դերակատարումն ունեն ինչպես ՄԱԿ անդամ երկրները և մասնավորապես այն երկրները, որոնք կարող են տրամադրել զորքեր, այնպես էլ հենց համակարտող կողմերը: Եթե Անվտանգության խորհուրդը որոշում է, որ խաղաղապահ զորքերի տեղակայումն ամենաբարենպաստ քայլն է, այն պաշտոնապես լիազորում է առաքելությունը բանաձևի միջոցով: Բանաձևը ներառում է առաքելության մանդատի և քանակի մասին տեղեկությունը, ինչպես նաև առաքելության կողմից իրականացվելիք առաջադրանքները: Նշենք նաև, որ ՄԱԿ-ի` սեփական զինված ուժերի բացակայության պատճառով, անդամ երկրները տրամադրում են ռազմական և ոստիկանական անձնակազմ՝ յուրաքանչյուր առաքելության համար:

Այսօր չորս մայրցամաքներում տեղակայված են ՄԱԿ-ի 16 խաղաղապահ առաքելություն, որոնցից յուրաքանչյուրի մանդատը, և հետևաբար նաև առաքելության բնույթը տարբերվում են մեկը մյուսից. Հնդկաստան-Պակիստան (Ջամմուի և Քաշմիրի հրադադարի պահպանման դիտորդներ), Հաիթի (կայուն և անվտանգ միջավայրի վերականգնում), Արևմտյան Սահարա (հրադադարի դիտարկում և հանրաքվեի նախապատրաստում), Լիբերիա (օժանդակություն խաղաղության հաստատմանը), Մալի (օժանդակություն քաղաքական գործընթացներին և Մալիի կայունացման գործընթացին), Կոտ դ'Իվուար (քաղաքացիների պաշտպանություն և կառավարությանն օժանդակություն), Կենտրոնական աֆրիկյան հանրապետություն (քաղաքացիների պաշտպանություն և օժանդակություն անցումային շրջանի կայունացման գործընթացում), Կոսովո (խաղաղության, կայունության և մարդու իրավունքների պաշտպանության հաստատում), Կիպրոս (Կիպրոսի քաղաքական կարգավորմանն օժանդակություն), Լիբանան (քաղաքացիների համար մարդասիրական օգնության հասանելիության ապահովում), Սիրիա (հրադադարի և ազատ արձակման համաձայնագրի իրականացման վերահսկում), Մերձավոր Արևելք (տարածաշրջանում խաղաղության հաստատում), Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն (քաղաքացիների պաշտպանություն և խաղաղության համակարգում), Աբիեյ (ապառազմականացում և խաղաղության վերահսկում), Դարֆուր (քաղաքացիների պաշտպանություն, մարդասիրական օգնության տրամադրում և քաղաքական գործընթացների կայացմանն օժանդակություն), Հարավային Սուդան (քաղաքացիների պաշտպանություն, մարդու իրավունքների պաշտպանության վերահսկում, պատերազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնագրի իրականացման վերահսկողություն)[1]:

Ըստ կանոնակարգի, ՄԱԿ-ի խաղաղապահներն առաջնորդվում են հետևյալ հիմնական սկզբունքներով՝

  • Կողմերի փոխհամաձայնություն,
  • Անաչառություն,
  • Ուժի չկիրառում, բացառությամբ ինքնապաշտպանության և մանդատի պաշտպանության դեպքերում

1988թ.-ին ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակ: Ինչպես ասվում էր համապատասխան մամլո հաղորդագրության մեջ ուժերը «նշանակալի ներդրում են ունեցել» ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման հարցում:

Խաղաղապահ առաքելություններում իր ուրույն դերն ունեցող մեկ այլ կազմակերպություն է Հյուսիս-ատլանտյան դաշինքը` ՆԱՏՕ-ն: Այն դեպքերում, երբ ՄԱԿ-ի ուղղակի ներգրավումն անտեղի է համարվում, և հարկ է լինում այն փոխարինել մեկ այլ ռազմական կառույցի ներգրավմամբ, ՄԱԿ-ի ԱԽ-ն ինտերվենցիայի լիազորություն է տրամադրում տարածաշրջանային հավաքական կազմակերպություններին, մասնավորապես` ՆԱՏՕ-ին: Վերջինս ներգրավված է եղել խաղաղապահ առաքելություններում 1994թ.-ից և գտնվում է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների և դիրեկտիվների կոորդինացման ներքո: ՆԱՏՕ-ի առաջին խաղաղապահ առաքելությունն իրականացվել է 1994թ.-ի փետրվարի 28-ին. կազմակերպության կողմից լիազորված ԱՄՆ զորքերը ռմբակոծում են սերբական ինքնաթիռները, որոնք խախտել են «ոչ թռիչքային գոտի համարվող» նախկին Հարավսլավիայի տարածքը: 1995-ին ՆԱՏՕ-ն ուղարկում է աննախադեպ 60,000-անոց զորք, Դեյթոնի համաձայնագրի ներքո («Հանուն Բոսնիայում և Հերցեգովինայում խաղաղության հիմնարար շրջանակային համաձայնագիր» (The General Framework Agreement for Peace in Bosnia and Herzegovina): Մեկ տարի անց, սակայն, զինված ուժերի քանակը կրճատվեց` հասցվելով 32,000-ի: 

ՄԱԿ-ի մանդատի ներքո ՆԱՏՕ-ն զինված «Իրականացնող ուժեր» Implementation forces կոչվող զինված ուժերը ներխուժում են իրականացրել` («Հանուն Բոսնիա և Հերցեգովինայում խաղաղության հիմնարար շրջանակային համաձայնագիր» իրականացումն ապահովելու համար:

Սրան հաջորդեց Բոսնիական պատերազմում «Կայունացման ուժերի» տեղակայումը (Stabilization Force, SFOR): Նմանապես նաև ՆԱՏՕ-ի մեկ այլ առաքելություն` «Կոսովոյի ուժերի» (Kosovo force, KFOR) տեղակայումը Կոսովոյում: Այնուհետև ՆԱՏՕ-ի առաքելությունը Բոսնիա և Հերցեգովինայում փոխարինվել է ԵՄ խաղաղապահ ուժերով (EUFOR Althea):

Ներկայումս ՆԱՏՕ-ն խաղաղապահ առաքելություններ ունի Աֆղանստանում: Նախկինում «Միջազգային Անվտանգության Աջակցության Ուժերի» (International Security Assistance Force ISAF) ներքո, որտեղ իր ներգրավվածությունն ուներ նաև Հայաստանը, երկրում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության ավարտի հետ կապված վերափոխվեց, 2015թ. հունվարից դառնալով «Հաստատակամ աջակցություն» (Resolute Support Mission) առաքելություն, որով իրականացվել էր առաքելության ձևաչափի և մանդատի փոփոխություն. ուժերը կիրականացնեն խորհրդատվական, ուսուցողական ոչ մարտական գործողություններ: Հայկական ստորաբաժանումները այս առաքելության ներքո նույնպես շարունակում են համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ Աֆղանստանում:

Եվս մի տարածաշրջանային կազմակերպություն` Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, ԵԱՀԿ-ն իրականացնում է խաղաղապահների տեղակայմանը նախորդող գործողություններ, ինչպես նաև բուն վերահսկողական առաքելություն: 1992թ.-ին Հելսինկյան գագաթնաժողովի ընթացքում ԵԱՀԿ-ի կողմից խաղաղապահ առաքելություններ իրականացնելու մանդատ է սահմանվել: Սա որոշ երկրների կողմից դիտվում էր որպես միակ համաեվրոպական կառույցի՝ ՆԱՏՕ-ի հանդեպ գերակայության սահմանում:

Գոյություն ունի կարծիք, որ նախկին Հարավսլավիայի փլուզումից հետո ձևավորված կոնֆլիկների առաջացումն է ԵԱՀԿ անդամ երկրներին դրդել խաղաղապահ առաքելություն իրականացնելու ուղղությամբ քայլեր իրականացնել: ԵԱՀԿ-ն իր դերն է ունեցել Խորվաթիայի և Բոսնիայի հակամարտությունների տարածումը Կոսովոյում և Մակեդոնիայում հնարավոր տարածումը կանխարգելելու հարցում: 1992 մայիսին փաստահավաք առաքելություն է իրականացրել Կոսովոյում, ինչն վրա հիմնվելով էլ 1992-ի օգոստոսին արդեն երկարաժամկետ առաքելություն հաստատվեց:

Այնուամենայնիվ, չնայած որ ԵԱՀԿ-ն տասնյակ տարիներ կարողացել է  իրականացնել համակարգված քաղաքական երկխոսություն և խնդիրների լուծում, նպաստել առկա կամ պոտենցիալ հակամարտությունների լուծմանն ուղղված քայլերի իրագործմանը, կազմակերպությունն աչքի չի ընկնում զինված ուժերի տեղակայման նախադեպերով:

ԱՊՀ տարածքում առկա տարածքում միայն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն (ՀԱՊԿ) ունի իր կանոնադրության համաձայն ձևավորված խաղաղապահ ուժեր: Անդամ պետությունների կողմից համաձայն իրենց ազգային օրենսդրությունների  տրամադրվում են ուժեր, որոնք ունեն մշտական կարգավիճակ: Ուժերի տեղակայման որոշումն ընդունվում է կազմակերպության խորհրդի կողմից, հաշվի առնելով անդամ երկրների ազգային օրենսդրությունները և հիմնվելով անդամ պետության՝ իր տարածքում խաղաղապահ առաքելություն իրականացնելու անհատական դիմումի վրա: Կախված հակամարտության բնույթից և մասշտաբներից, ՀԱՊԿ խորհուրդը կարող է մանդատի տրամադրման համար դիմել ՄԱԿ ԱԽ-ին  և/կամ գործարկել ԱԽ-ին պարբերական հաշվետվողականության մեխանիզմներ:

Տարբեր կազմակերպությունների խաղաղապահ դերը հաշվի առնելով, հարկ է նշել, որ խաղաղապահ առաքելությունների հարցում ամենամեծ դերակատարումն, այնուամենայնիվ, պատկանում է ՄԱԿ-ին, որի «կապույտ բերետները» հայտնի են ամբողջ աշխարհում:

Այս ամենի հետ մեկտեղ, խաղաղապահ առաքելությունները ենթադրում են միլիոնավոր դոլլարների ֆինանսական ներդրում: ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունները 1993թ.-ին կազմել են առավելագույն` 3,6 միլիարդ դոլլար, իսկ 2014-ին նախատեսված 2,8 միլիարդ դոլլարից փոքր-ինչ ավել: Անդամ երկրները օրենքով պարտադրվում են վճարել խաղաղապահ առաքելության իրականացման ծախսերի իրենց մասնաբաժինը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: