ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի պատճառով հրադադարը հաստատվեց ոչ թե մայիսի 8-ին, այլ՝ 12-ին․ հատված Կազիմիրովի հուշերից

Այսօր լրանում է Ղարաբաղում հրադադարի հաստատման 23-րդ տարին։ Հրադադարի հաստատման համար քիչ ջանքեր չեն պահանջվել։ Այս մասին  գրում է նաև այդ ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն իր «Խաղաղություն Ղարաբաղին» գրքում։

«Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանականների և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև 1993 թվականի դեկտեմբերի 21-22-ն Ալանդյան կղզիներում կայացած հանդիպման ժամանակ, որը կազմակերպվել է ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի, Ռուսաստանի ԱԳՆ-ի և Ալանդյան կղզիների Խաղաղության ինստիտուտի նախաձեռնությամբ, մասնակիցներին հնարավորություն է տրվել ծանոթանալու շվեդների և ֆիների միջև այս կղզիների շուրջ առաջացած ազգային հակասությունների լուծման փորձին։ Այդ ժամանակ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելու համար 1992 թվականին ստեղծված խմբի ղեկավար Շերիմկուլովն առաջարկեց կողմերի միջև երկխոսություն սկսել Ղըրղզստանում։

Խորհրդարանականների միջև նոր հանդիպումը տեղի ունեցավ մայիսի 4-5-ը Բիշքեկում՝ այս անգամ խորհրդարանների ղեկավարների մակարդակով։

Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի Բարձրագույն Խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը։  Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների խումբը գլխավորում էր այդ ժամանակվա «խոսնակի» ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը։

Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Ռասուլ Գուլիևը խոստացավ գալ Բիշքեկ, սակայն չկարողացավ, քանի որ Ալիևը մայիսի 3-ին մեկնել էր Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» հանդիպմանը։ Բրյուսել իր այցի ժամանակ Ալիևը նրան թողել էր, որպես երկրի գլխավոր դեմք։ Ադրբեջանի պատվիրակությունը ղեկավարել է խոսնակի տեղակալ Ջալիլովը։

Բիշքեկում հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի և ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Շումայկոն, ԱՊՀ  Միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղար Կրոտովը և Ալանդյան կղզիների խորհրդարանի ղեկավար Ռոգեր Յանսոնը։

Ի տարբերություն Ալանդյան կղզիներում տեղի ունեցած առաջին հանդիպման, ցանկանում էինք, ֆորումի բարձր մակարդակն օգտագործել համաձայնեցված վերջնական փաստաթուղթ ընդունելու համար։ Ավելի վաղ Մոսկվայում իմ կողմից նախապատրաստվել է փաստաթղթի տեքստը՝ «Բիշքեկյան արձանագրությունը»։

Այս նախագծի շուրջ էլ Ղըրղզստանի մայրաքաղաքում մայիսի 4-ին և 5-ին թեժ քննարկումներ ծավալվեցին հիմանականում ադրբեջանական և ղարաբաղյան պատվիրակությունների միջև։ Վեճերը ոչ միշտ էր հնարավոր լինում ներառել փաստաթղթի տեքստում։

Մեր առաջարկությունը՝ հրադադար հաստատել մայիսի 8-ի կեսգիշերին, ինքնին առարկություններ չառաջացրեց։ Սակայն այլ հարցերով կողմերի միջև հակասություններն անհաղթահարելի էին։ Ցավոք սրտի, Բիշքեկում մեծ տեղ զբաղեցրեցին գործընթացային հարցերը, ինչպես օրինակ՝ հանդիսանում է, արդյո՞ք, Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ և պետք է մասնակցի այս ֆորումին։

Քննարկումների ժամանակ Շումայկոն միանշանակ նշեց, որ Ղարաբաղը, ինչպես նաև Հայաստանը, այս հակամարտության կողմ են։ Մենք դրանից ելնելով էլ Մոսկովյան բանակցությունների ժամանակ, որին մասնակցել են հակամարտության երեք կողմերի պատվիրակությունները, մշակել ենք Զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագիրը։   Բիշքեկում տարաձայնությունները հիմանականում նաև կարգավորման սուբյեկտի շուրջ էին։ Այսպես, ռազմաճակատում դրությունը հաշվի առնելով՝ Ջալիլով ավելի շատ, քան հայերը, ցանկանում էր հրադադար հաստատել, սակայն պնդում էր, որ դա կապվեր գրավյալ ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի անհապաղ դուրս բերման և փախստականների վերադարձման հետ։ Նա նաև ակնհայտորեն խուսափում էր ռազմական գործողությունները չվերսկսվելու միջոցների քննարկումից։  Նա բավարարվում էր դիտորդների առկայությամբ։ Նա նաև նպատակահարմար չէր գտնում ԱՊՀ խաղաղապահ ուժերի ստեղծումը։

Հայերը շեշտադրումն անում էին հրադադարի պահպանման և մեխանիզմների մշակման վրա։ Միայն նման երաշխիքների դեպքում նրանք հնարավոր էին համարում զորքերի հետքաշումն իրենց կողմից գրավված ադրբեջանական տարածքներից։

Մայիսի 5-ին Բիշքեկյան արձանագրությունը ստորագրեցին հայկական երկու պատվիրակությունների ղեկավարները և որպես միջնորդ հանդես եկող բոլոր կողմերը։ Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հրաժարվեց ստորագրել արձանագրությունը՝ բացատրելով, որ ինքը նման լիազորություններ չունի։ Սակայն դա միայն արտաքին պատճառ էր։

Մայիսի 8-ին Ալիևն իր աշխատասենյակում հավաքեց Ադրբեջանի բարձր ղեկավարությանը։ Քննարկումների ժամանակ հնչեցին նաև փոխզիջումային գաղափարներ՝ ստորագրել արձանագրությունը որոշակի շտկումներով։ Առաջարկվեց «դիտորդներ» բառից առաջ դնել «միջազգային» բառը, իսկ «զբաղեցվածի» փոխարեն կիրառել «գրավյալ տարածքներ» արտահայտությունը։  

Խորհրդակցության վերջում Ալիևը հրամայեց ստորագել արձանագրությունը։

Արձանագրությունում շտկումները պետք է դիտարկել որպես ադրբեջանական կողմի հատուկ կարծիք, քանի որ բոլոր նրանց համար, ովքեր ստորագրել էին արձանագրությունը դեռևս Բիշքեկում, տեքստը մնում է այնպիսին, ինչպես նրանք ստորագրել էին։ 

Ադրբեջանցիների կողմից Բիշքեկյան արձանագրության ուշացման և Բաքվում, դժվար քննարկումների պատճառով մեզ չհաջողվեց հրադադարը հաստատել մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը։ Հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ մտավ միայն մայիս 12-ին»,- գրում է Կազիմիրովը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: