ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անջեյ Դուդան՝ դեռևս չբացահայտված հռետոր

Լեհաստանի նախագահական  ընտրությունների երկրորդ փուլում հաղթեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, «Իրավունք և Արդարություն» կուսակցության անդամ Անջեյ Դուդան: Ըստ հաշվարկների՝ նա հավաքել է ձայների 52%-ը, մինչդեռ նրա մրցակից Բրոնիսլավ Կոմորովսկու օգտին քվեարկել է լեհերի 48%-ը:

Ընտրություններից անմիջապես հետո Կոմորովսկին իր հակառակորդին մաղթել է «լինել հաջողակ նախագահ» և նշել է, որ խորապես հարգում է լեհ ժողովրդի ընտրությունը:

Իսկ ո՞վ է իրականում Լեհաստանի նոր նախագահը: Արդյո՞ք փոփոխություն կկրեն Լեհաստանի հարաբերությունները Եվրոպայի, Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի հետ: Եվ արդյո՞ք նրա հաղթանակն իր ազդեցությունը կունենա Լեհաստանում աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա:

Իր քարոզարշավների ժամանակ Անջեյ Դուդան բազմիցս հանդես է եկել հանրապետության տարածքում ՆԱՏՕ-ի ներկայության ընդլայնման, ԱՄՆ-ի հետ համատեղ ռազմական բազաներ ստեղծելու և Եվրամիության հետ հարաբերություններն ամրապնդելու օգտին: Նրա կարծիքով՝ եվրոպական ինտեգրացիան և Ուկրաինայի անկախությունը բխում են Լեհաստանի  շահերից:  Նախնական շրջանում նա գտնում էր, որ  երկիրը պետք է պաշտպանված լինի Ռուսաստանի Դաշնությունից, որը փորձում է խանգարել Կիևի և Բրյուսելի մերձեցման գործընթացին: Դուդայի նախընտրական ծրագրի հիմքում նաև ընկած էր այն տեսակետը, որ Լեհաստանն այսօր դաշնակիցների օգնության կարիք ունի, որպեսզի դիմակայի Ռուսաստանին և Գերմանիային, քանի որ այդ  երկու երկրներն էլ մտադիր են օգտագործել Վարշավան՝ յուրաքանչյուրն իր շահերից ելնելով, և վերջին հաշվով նպատակ ունեն բաժանել երկիրն իրար միջև: 

Սակայն, ժամանակի ընթացքում նա սկսեց ավելի մեղմ քաղաքականություն առաջարկել Ռուսաստանի նկատմամբ, և ենթադրվում է, որ, կպահպանի իր այս մոտեցումը՝ հաշվի առնելով, որ ինչպես Դուդան է նշել նախընտրական հայտարարություններում, հասարակությունն ինչպես տնտեսական, այնպես էլ անվտանգության նկատառումներով չի ցանկանում Ռուսաստանի հետ հակամարտության մեջ լինել:

Դուդան բազմիցս նշել է, որ նախընտրական քարոզարշավի հանդիպումների  ժամանակ լեհ հասարակությունը հայտնել է, որ խաղաղություն է ցանկանում, և նա՝որպես Լեհաստանի նախագահ հայտարարել է, որ լսելու է ժողովրդի ձայնին: Նա անձամբ խոստացել է, որ Ռուսաստանի հետ ոչ մի հակամարտության մեջ չի մտնելու:   

Հետևաբար նա կփորձի առնվազն նախնական շրջանում խուսափել Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումից՝ հասարակության շրջանում հեղինակությունը չկորցնելու համար:

Հատկանշական է նաև այն փաստը, որ նրա հաղթանակը մեծ հավանության էր արժանացել ռուս քաղաքական փորձագետների շրջանում: Վերջիններս սկսեցին հայտարարել, որ «համաշխարհային ասպարեզից հեռացավ Արևելյան Եվրոպայում հակառուսական քաղաքականություն վարող գլխավոր քաղաքական գործիչներից մեկը»:

Չնայած հնչող կարծիքներին՝ կարելի է ասել, որ մոտ ապագայում Ռուսաստան-Լեհաստան հարաբերություններում որևէ կտրուկ քայլ չի ակնկալվում: Ներկա պահին նորընտիր նախագահի համար կարևորն այն է, որ Գերմանիային թույլ չտա խառնվել իր քաղաքականության մեջ, քանի որ վերջինս իրավունք է վերապահում մշտապես ուղղորդել երկրին:  Բացի այդ, կարևորագույն հարցերից մեկն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդումն է: Կարելի է ասել, որ վերջինս հզոր դաշնակից է Լեհաստանի համար, և ենթադրվում է, որ նախնական շրջանում, ինչպես որ Դուդան խոստացել է, ինտենսիվորեն կսկսի պնդել Լեհաստանում ամերիկյան զորքերի առկայության անհրաժեշտության  մասին:

Ինչ վերաբերում է Եվրոպական միության հանդեպ ունեցած իր դիրքորոշմանը՝ Դուդան իր քարոզարշավի ժամանակ  պարբերաբար նշում էր, որ Ուկրաինայի հարցը պետք է լուծվի ԵՄ շրջանականերում և պնդում էր, որ Ուկրաինան պետք է դառնա ԵՄ անդամ:

Հատկանշական  է այն փաստը, որ, լինելով Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Դուդան ներկայացնում է Յարոսլավ Կաչինսկու «Իրավունք և արդարություն» ընդդիմադիր կուսակցությունը: Այն իրենից ներկայացնում է եվրահոռետես շարժում, որը մտնում է  եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների կազմի մեջ:

Այնուամենայնիվ, թե ինչպիսի  ազդեցություն կունենա Յարոսլավ Կաչինսկին Դուդայի քաղաքականության վրա, պարզ կդառնա աշնանը կայանալիք խարհրդարանական ընտրությունների ժամանակ: Վերջերս շարունակ շրջանառվում է այն փաստը, որ Դուդայի կուսակցությունը մեծ շանսեր  ունի հաղթելու  այդ ընտրությունների ժամանակ, որից հետո երկրի վարչապետ դառնալու է «Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկին: Վերջինս 2010 թվականի Սմոլենսկի ինքնաթիռի վթարում զոհված Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Կաչինսկու երկվորյակ եղբայրն է:

Անջեյ  Դուդայի հետագա քայլերը նույնիսկ լեհերի համար են բավականին մութ: Իշխանության գագաթնակետին հասնելու ճանապարհը նա հաղթահարեց ընդամենը մի քանի ամսվա ընթացքում: Լեհ քաղաքագետների կարծիքով նա լավ հռետոր է, բայց նրա իրական քաղաքական հնարավորությունները  քիչ են հայտնի:

Անջեյ Դուդան՝ ծնվել է 1972 թվականի մայիսի 16-ին Կրակովում:

1996 թվականին ավարտել է Կրակովի Յագելոնյան համալսարանի իրավագիտության ու կառավարման ֆակուլտետը:

1997թվականի փետրվարին սկսել է իր գիտական և դասավանդման աշխատանքը Յագելոնյան համալսարանի իրավագիտության ամբիոնում:

2001 թվականի հոկտեմբերին  դարձել է Յագելոնյան համալսարանի վարչական օրենքի բաժանմունքի անդամ:

2005  թվականի հունվարին ստացել է իրավական գիտությունների դոկտորի աստիճան:

2006-2007 թվականներին Արդարադատության նախարարությանում  եղել է   պետքարտուղարի տեղակալ:

2008-2010 թվականներին եղել է պետքարտուղար  Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Կաչինսկու աշխատակազմում:

2011-2014 թվականներին եղել է սեյմի  «Իրավունք և Արդարություն» կուսակցության անդամ:

2014 թվականի մայիսի 25 Եվրոպական խորհրդարանում կայացած լեհական ընտրությունների արդյունքների համաձայն ստացել է մանդատ և այդպիսով հրաժարվել է սեյմի պատգամավորի պաշտոնից:

2014 թվականի դեկտեմբերի 6-ին «Իրավունք և Արդարություն» կուսակցության կողմից առաջադրվել է Լեհաստանի նախագահական ընտրությունների թեկնածու:

2015 թվականի մարտի 30-ին նրա դիմումը գրանցվել է Ազգային ընտրական հանձնաժողովում:

2015 թվականի մայիսի 10-ին  Լեհաստանի նախագահական ընտրություններում հավաքել է ձայների ճնշող մեծամասնությունը (34,76 %)  և գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի հետ անցել է երկրորդ փուլ:

2015 թվականի մայիսի 25-ին կայացած երկրորդ փուլի արդյունքներով ընտրվել է նախագահ՝ հավաքելով ձայների 52%-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: