ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Թուրքական հոսքի» իրանական հեռանկարը

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները մտել են վերջնական փուլ, և եթե ամեն ինչ հաջող ընթանա, արդեն հունիսի 30-ին վեցյակի և Իրանի միջև կստորագրվի համաձայնագիր, ինչն էլ մոտ ապագայում կհանգեցնի մի շարք սանկցիաների չեղարկման:

Անշուշտ, նման հեռանկարն արդեն իսկ հիմք է դարձել շատ երկրների, ընկերությունների` իրանական կողմի հետ համատեղ տարաբնույթ հնարավոր նախագծերի մշակման, գործնական բանակցությունների համար: Այս առումով թերևս կարևորվում է Իրանի էներգետիկ պոտենցիալի իրացման, միջազգային շուկաներում նրա նախկին դերի վերականգնման հնարավորությունը:

Իրանի էներգետիկ հեռանկարների հետ կապված օրերս բավական հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ Իրանի գազային ազգային ընկերության (NIGC) միջազգային կապերի պատասխանատու Ազիզոլահ Ռամազանին, ով, մասնավորապես, նշել է, որ Իրանը դիտարկում է սեփական գազը «Թուրքական հոսք» նախագծով եվրոպական շուկա հասցնելու հնարավորությունը: Հաշվի առնելով իրանական դիվանագիտական մտքի խորությունը և ճկունությունը՝ նման հայտարարությունն անշուշտ պետք չէ ընդունել որպես վերջնական ճշմարտություն, այնուամենայնիվ, նման հնարավորությունը բավական իրատեսական է:

Այսօր տարածաշրջային առումով առկա է երկու հստակ նախագիծ, որոնք կարող են իրանական գազը հասցնել Եվրոպա՝ Անդրանատոլիական (TANAP) գազատարն՝ իր Անդրադրիատիկյան (TAP) շարունակությամբ, և ռուսական կողմի նախաձեռնած «Թուրքական հոսքը»: Իրանը, որը սանկցիաների պատճառով տարիներ շարունակ զրկված էր գազի արտահանման ենթակառուցվածքների զարգացման նոր խողովակաշարերի կառուցման հնարավորությունից, այժմ ստիպված է ընտրություն կատարել ադրբեջանա-թուրքական TANAP-ի և ռուսական «Թուրքական հոսքի» միջև: Երկու նախագծերին միանալու համար էլ անհրաժեշտ է նոր խողովակաշարի շինարարություն, ինչը, բնականաբար, և՛ ժամանակատար, և՛ ծախսատար է:

Հատկանշական է, որ երկու նախագծերի համար էլ իրանական գազի ներգրավումը բավական կարևոր է և լուրջ գործոն կարող է դառնալ նրանց արդյունավետության տեսանկյունից: TANAP-ը, որը կոչված է ադրբեջանական Շահ-Դենիզ 2 նախագծի շրջանակներում արտահանված գազը Վրաստանի և Թուրքիայի միջոցով հասցնել Եվրոպա, հետագա ընդլայնման և եվրոպական շուկա զգալի քանակությամբ գազ մատակարարելու համար կարիք ունի ապահովել այլ աղբյուրներ: Խնդիրը նրանում է, որ, չնայած ադրբեջանական քարոզչական թեզերին, Ադրբեջանի գազային պաշարները պարզապես բավարար չեն եվրոպական էներգետիկ աղբյուրների լիարժեք դիվերսիֆիկացման համար, ուստի պատահական չէ, որ և՛ թուրքական, և՛ ադրբեջանական կողմից Իրանին առաջարկվել է միանալ TANAP-ին:

Ինչ վերաբերում է «Թուրքական հոսքին», ապա տվյալ նախագիծը վերջին ամիսներին բախվում է թուրքական կողմի տարբեր արհեստական խոչընդոտների (պատճառը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին Ռուսաստանի պահվածքն է), այնուամենայնիվ, ռուսական կողմի պնդմամբ, թեև ծանր քայլերով, սակայն նախագիծն առաջ է շարժվում և մոտ ժամանակներս կսկսվի խողովակաշարի սևծովյան հատվածի շինարարությունը:

Չնայած Ռուսաստանը որևէ խնդիր չունի խողովակաշարում անհրաժեշտ գազային ծավալների ապահովման տեսանկյունից, սակայն իրանական գազը «Թուրքական հոսք» մղելու դեպքում տվյալ նախագծի կենսունակության հնարավորությունները մի քանի անգամ կմեծանան: Ակնհայտ է, որ Եվրոպական կողմի արձագանքը միայն ռուսական գազով «Թուրքկական հոսքի» և ռուս-իրանական գազով «Թուրքական հոսքի» նկատմամբ չի կարող  նույնը լինել: Բացի այդ, Ռուսաստանը նման տարբերակի դեպքում էներգետիկ ոլորտում իր հնարավոր մրցակից Իրանի հետ կգնա ոչ թե առճակատման (ինչը հնարավոր է այլ նախագծերով իրանական գազը Եվրոպա հասցնելու դեպքում), այլ գործընկերության առավել սերտացման:

Թերևս չենք կարող բացառել, որ ռուսական և իրանական կողմերը նախօրոք ունեցել են նման փոխշահավետ պայմանավորվածություն, ինչով էլ պայմանավորված էր «Վեցյակ»-Իրան բանակցություններում ռուսական կողմի կառուցողական դիրքորոշումը:

Բացի այդ, հատկանշական է, որ Իրանը նախագծերի մեջ ընտրություն կատարելիս հաշվի է առել այնպիսի կարևոր գործոններ, ինչպիսիք են տարածաշրջանում ուժային բալանսի վերականգնումը, ազդեցության ոլորտների ընդլայնումը և այլն:

Ինչ վերաբերում է այն խնդրին, թե ինչպես է իրանական գազը հասնելու «Թուրքական հոսք», ապա այս առումով դիտարկվում է երկու տարբերակ՝ կամ «Թուրքական հոսքի» թուրքական հատվածում, կամ Սև ծովում խողովակաշարին միանալու հնարավորությունը:

Սև ծովում «Թուրքական հոսքին» միանալու վերաբերյալ որոշման առկայության դեպքում չպետք է բացառել նաև իրանական գազը Հայաստան-Վրաստան տարանցմամբ Սև ծով հասցնելու հնարավորությունը: Նման նախագիծը որքան անսպասելի, նույնքան էլ իրատեսական է, առավել ևս, երբ տվյալ նախագիծը բխում է բոլոր կողմերի՝ Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի և Հայաստանի շահերից: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: