ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի հիմնական չորս կուսակցությունների դիրքորոշումը հայկական հարցի շուրջ. համեմատական վերլուծություն

Հունիսի 7-ին Թուրքիայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, որտեղ հիմնական պայքարը կընթանա հետևյալ կուսակցությունների միջև՝ իշխող Արդարություն և զարգացում կուսակցություն,  ​ Ժողովրդա-հանրապետական կուսակցություն, Ժողովրդա-դեմոկրատական կուսակցություն և «Ազգայնական շարժում» կուսակցություն: Հիմնվելով յուրաքանչյուր կուսակցության նախընտրական հիմնական թեզերի, ինչպես նաև միչև օրս վարած քաղաքականության վրա, փորձենք հասկանալ, թե կուսակցություններից յուրաքանչյուրն ինչ դիրքորոշում ունի հայ-թուրքական հարաբերությունների, Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցերի վերաբերյալ:

Իշխող Արդարություն և զարգացում կուսակցության կողմից նախընտրական արշավում օգտագործվող հիմնական թեզերը, ինչպես նաև նախընտրական ծրագրի վերլուծությունը թույլ է տալիս փաստել, որ այս կուսակցության ընտրություններում հաղթելու դեպքում, Թուրքիայի՝ Հայաստանի հանդեպ վարած քաղաքականության հարցում չարժե փոփոխություն ակնկալել:

Ասվածը հիմնավորելու համար բավական է միայն մեջբերել ԱԶԿ նախընտրական ծրագրում Թուրքիա-Հայաստան հարաբերություններին վերաբերող հատվածը, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ինչպես նաև ցեղասպանության խնդրի հարցում հստակ է: ԱԶԿ-ն չի հանդուրժի որևէ լուծում, որը չի լինի արդար և որը կպարտադրվի Թուրքիային: Ինչ վերաբերում է խնդրի լուծմանն ուղղված փոխադարձ և երկկողմ քայլերին, ապա Թուրքիան հետ չի կանգնի իրեն հասանելիք քայլերի իրականացումից»:

ԱԶԿ նախընտրական ծրագրում  տեղ գտած վերը նշված թեզերը փասում են, որ ապագայում նույնպես կուսակցությունը շարունակելու է փոխկապակցել Ցեղասպանության ճանաչման և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները՝ չցանկանալով գնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների:

Նույնը կարելի է փաստել նաև Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  նախընտրական հայտարարություներից ելնելով, որոնք նրա հայատյաց քաղաքականության հերթական վառ դրսևորումներն են: Նման հայտարարությունների շարքում կարելի է առանձնացնել Էրդողանի վերջին հայտարարությունը, որտեղ նա մասնավորապես նշում է. «Հայկական լոբբին, համասեռամոլները` նրանք բոլորն էլ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության հովանավորներն են, նրանք են հրահրում մարդկանց: Այս խմբին կարելի է դասել Dogan մեդիա խմբին, որն այդ կուսակցության խոշորագույն դաշնակիցն է»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը և  նրա դիրքորոշմանը Թուրքիա –Հայաստան հարաբերությունների և Ցեղասպանության ճանաչման հարցերում, ապա այստեղ  լավատես լինելու հիմքերն ավելի անհավանական են: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը միշտ առանձնացել է Ցեղասպանության ճանաչման հարցում իր մերժողական դիրքորոշմամբ: Կուսացության նման դիրքորոշումն առավել ակնհայտ դարձավ վերջերս, երբ կուսակցության առաջնորդներից` Մուրաթ Օզչելիքը սկսեց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն օգտագործել որպես խաղաքարտ և, Էրդողանի կուսակցությանը մեղադրելով Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում կրած պարտության համար, փորձեց ընտրությունների նախաշեմին դիվիդենտներ քաղել:

Նույն պատկերը, եթե ոչ ավելի ծայրահեղ, ունենք «Ազգայնական շարժում» կամ այլ կերպ «Գորշ Գայլեր» կուսակցություն դեպքում: Վերջիններս Ցեղասպանության խնդիրն ընկալում են որպես թուրքերի ինքնությանն ուղղված սպառնալիք և Թուրքիայի կուսակցությունների շարքում համարվում են  փոքրամասնությունների հանդեպ ամենաանհանդուրժողը: Նրանք թե′ Թուրքիայում, թե′ Թուրքիայից դուրս տարիներ շարունակ աչքի են ընկել որպես Ցեղասպանության մերժողականության ագրեսիվ ջատագովներ:

Պատկերն ամենևին այլ է քրդական  Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության դեպքում:  Քրդական կուսակցության փոխնախագահ  Նազմի Գուրը կուսակցության նախընտրական արշավում նշել էր, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում փորձելու է հասնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության ճանաչմանը: Թեպետ կուսակցության կողմից նման հայտարարությունները դեռևս չեն ստացել իրենց առարկայական դրսևորումները, սակայն Թուրքիայում քրդական կուսակցության նման դիրքորոշումը բարենպաստ միջավայր է ստեղծում վերջիններիս հետ համագործակցությունը խորացնելու համար: Դա ավելի արդիական կդառնա, եթե քրդական կուսակցությանը հաջողվի ընտրություններում հաղթահարել 10 տոկոսի շեմը և առաջին անգամ ներկայացվել Թուրքիայի խորհրդարանում ՝ որպես կուսակցություն:

Ուստի,  եթե փորձենք ամփոփել, պետք է փաստենք, որ Թուրքիայում հիմնական չորս կուսակցություններից երեքի  դիրքորոշումները Ցեղասպանության ճանաչման հարցում գրեթե նույնական են: Դատելով նրանց կողմից նախընտրական շրջանում օգտագործվող հիմնական թեզերից` այս կուսակցություններից ցանկացածի հաղթանակի դեպքում,  Թուրքիայի արտաքին քաղաքական այս վեկտորում փոփոխություն ակնկալելն անիրատեսական է:

 Ինչ վերաբերում է Թուրքիայի քրդական կուսակցությանը և նրանց` Ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ արտահայտած դիրքորոշմանը, ապա այստեղ հայկական կողմն անելիք ունի,  քանի որ հայերի և քրդերի միջև համագործակցության հետագա խորացումը կարող է բխել երկկողմ շահերից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: