ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 581,55 դրամ ԱՐԾԱԹ - 353,6 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 366,29 դրամ

Թուրքիա. կոալիցիա՞, թե՞ նոր ընտրություններ

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից երկու շաբաթ անց հստակ է մեկ բան. ոչ ոք իրականում հստակ չգիտի, թե ինչ է տեղի ունենալու հետագայում: Այս տարվա ընտրությունները նախորդներից տարբերվում են անորոշությամբ և իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներով, որոնք իրենց մեջ ներառում են և´ կոալիցիոն կառավարության ձևավորումը, և´ արտահերթ ընտրությունների անցկացումը: Բացի այդ, այս սցենարներից կախված հնարավոր են տարբեր փոփոխություններ Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության մեջ:

Ինչպես հայտնում է Hurriyet թուրքական լրատվական կայքը՝ հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքում Արդարություն և զարգացում կուսակցությունը ստացել է 258 մանդատ, Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը՝ 132 , Ազգայնական շարժում կուսակցությունը և քրդամետ Ազգերի դեմոկրատական կուսակցությունը՝ յուրաքանչյուրը 80 մանդատ:   

Գրեթե 13 տարի Թուրքիայում եղել է միայն մեկ իշխող կուսակցություն, ում պատկանել են պատգամավորական մանդատների բացարձակ մեծամասնությունը. այժմ եկել է կոալիցիոն կառավարության դարաշրջանը: Որպեսզի կարողանա իր դիրքերը պահել խորհրդարանում, վարչապետ Դավութօղլու կուսակցությունը ձեռք բերած 258 մանդատին պետք է ավելացնի լրացուցիչ 18 մանդատ: 

Ուստի այն ստիպված է դիմել երեք ընդդիմադիր կուսակցություններից որևէ մեկի օգնությանը, որպեսզի կառավարությունում կարողանա պահպանել իր իշխանությունը: Կարելի է ասել, որ այսպիսի կոալիցիոն կառավարություն ստեղծելու համար իշխող կուսակցությունը պետք է անցնի դժվարին ճանապարհ, քանի որ այս պարագայում բախվելու են չորս կուսակցությունների քաղաքական տեսակետերը մի շարք առանցքային հարցերի շուրջ:

Այնուամենայնիվ, կոալիցիոն կառավարություն ձևավորելու դեպքում քաղաքական ուժերի խմբավորման երեք հիմնական տարբերակներ են ներկայումս հնարավոր:

Առաջին տարբերակն այն է, որ Արդարություն և զարգացում կուսակցությունը կառավարություն կձևավորի Ժողովրդա-հանրապետական կուսակցության հետ միասին: Այս մասին  նախ վկայում են  ընտրություններից հետո  Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպումը Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախկին ղեկավար Դենիզ Բայկալի հետ, այնուհետև վերջինիս՝ խորհրդարանի խոսնակի պաշտոնում նշանակումը: 

Ուժերի այսպիսի համախմբումը կունենա «անպարտելի» մեծամասնություն, սակայն երկու կողմերի միջև մրցակցությունն այնքան խորն է, որ դժվար կլինի ականատես լինել նրանց ծավալած համատեղ գործունեությանը:  

Կարելի է ասել, որ ԺՀԿ-ի տարբերակի դեպքում որոշակի խնդիրներ կարող են առաջանալ կապված այն հանգամանքի հետ, որ այս կուսակցությունը մի կառույց է, որն իր շարքերում  համախմբում է Թուրքիայի ավանդական քեմալական էլիտան: Հարկ է նշել, որ հենց քեմալականներն ու նրանց հետ սերտորեն կապված ռազմական բարձր պաշտոնյանները վերջին 10 տարիների ընթացքում հանդես են գալիս որպես Էրդողանի և երկրի ներսում գտնվող իսլամական շրջանակների գլխավոր մրցակիցներ:

Մյուս հնարավոր տարբերակը ներառում է կոալիցիայի ձևավորումն Ազգայնական շարժում կուսակցության հետ: Ուժերի այսպիսի միավորումը համեմատաբար ավելի հնարավոր է թվում, քանի որ երկու կուսակցություններն էլ ունեն համանման դիրքորոշումներ շատ հարցերի հետ կապված: Սակայն  այս հանգամանքն իր մեջ պարունակում է մի շարք մարտահրավերներ, որոնք կհանգեցնեն Թուրքիայի «ժողովրդավարական» պետության ապակայունացմանը: Լինելով կատաղի ազգայնական կուսակցություն՝ Ազգայնական շարժումը դեմ է ինքնավարության ձգտող քուրդ ապստամբների հետ տարվող բանակցություններին, ինչն ինքնին կարող է ավելի սրել ԱԶԿ-ի և քրդական համայնքի միջև հարաբերությունները:

Երրորդ տարբերակն այն է, որ ԱԶԿ-ն միևնույն ժամանակ կոալիցիա կկազմի մեկից ավելի ընդդիմադիր կուսակցությունների հետ, ինչպես օրինակ՝ Ժողովրդա-դեմոկրատական և Ժողովրդա-հանրապետական կուսակցության հետ միասին: Այս մասին է վկայում վերջերս Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահեդդին Դեմիրթաշի արած հայտարարությունն այն մասին, որ իր կողմնակիցները պատրաստ են աջակցել Արդարություն և զարգացում  (ԱԶԿ) և գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը հնարավոր կոալիցիա ստեղծելու համար այն դեպքում, եթե կոալիցիան համապատասխանի կուսակցության սկզբունքներին: 

Հաջորդ հնարավոր տարբերակն իր մեջ ներառում է Ժողովրդա-հանրապետական, Ազգայնական շարժում և քրդերի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունների միավորումը՝ կառավարությունից դուրս մղելով իշխող Արդարություն և զարգացում կուսակցությանը:  Իրադարձությունների այսպիսի զարգացումն երկրորդ խոշորագույն հարվածը կլինի Էրդողանի համար, քանի որ եթե այն տեղի ունենա, ապա վերջինիս ցանկություններն վերջնականապես հօդս կցնդեն:

Սակայն, միևնույն ժամանակ, պետք է նշենք, որ վերջին տարբերակը թերևս ամենաքիչ հավանականն է, քանի որ երեք կուսակցությունների մեջ էլ գոյություն ունեն լուրջ հակասություններ և քաղաքական տարակարծություններ: Նրանց բոլորին համախմբող միակ տեսակետն այն է, որ Էրդողանը չպետք է ունենա գերիշխող դեր քաղաքականության մեջ: Սակայն միայն այս փաստը հիմք չէ ենթադրելու, որ երեք կուսակցությունները կմիավորեն իրենց ուժերը և հարված կհասցնեն իշխող կուսակցությանը:

 Բացի այդ ինչպես հայտարարում են թուրքական ԶԼՄ-երը՝ Էրդողանը չի պատրաստվում զիջել իր դիրքերը: Նա անգամ առաջ է քաշել երեք հիմնական «կարմիր գծեր», որոնք կուսակցությունները նախ պետք է հաշվի առնեն նոր կառավարությունը ձևավորելիս:

Մասնավորապես խոսքը վերաբերում է 1. քրդական հարցի կարգավորմանը, 2. Էրդողանի նկատմամբ հարգանքին՝ որպես նախագահի, 3. այսպես կոչված՝ «զուգահեռ պետության» դեմ պայքարի շարունակությունը, որոնք ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցներն են համարվում:

Հաշվի առնելով Էրդողանի վարած նախկին և ներկայիս քաղաքականությունը՝ կարելի է ասել, որ նա միանշանակ ոչ միայն կփորձի պահպանել, այլ նաև ուժեղացնել իր իշխանությունը: Չի բացառվում անգամ արտահերթ ընտրությունների անցկացումը, քանի որ ելնելով կուսակցությունների և նրանց առանձին անդամների միջև եղած հակասական հարաբերություններից, կարելի է ասել, որ կոալիցիոն կառավարությունը ձևավորվելու դեպքում ունենալու է անկայուն բնույթ, ինչն էլ հանգեցնելու է խորհրդարանական նոր ընտրությունների: Այս դեպքում Էրդողանը կփորձի փոխել իրավիճակն իր օգտին:

Բոլոր տարբերակներում էլ Թուրքիան ստիպված է լինելու անցնել քաղաքական լարված պայքարի միջով: Իսկ ինչ վերաբերում է Էրդողանին, ապա նա ամեն կերպ փորձելու է քաղաքական դաշտում ստանալ ուժային այնպիսի վերադասավորում, որն իրեն հնարավորություն կտա կյանքի կոչել Թուրքիան ուժեղ նախագահական կառավարման ձև ունեցող պետություն դարձնելու իր ծրագիրը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
26.09.2021
17°  30° 
27.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: