ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալմաթիի հայկական համայնք. «Մենք շնորհակալ ենք այս հողին, որը մեզ ընդունեց ու կերակրեց»

Ղազախստանի հայկական համայնքը ձևավորվել է դեռևս 19-րդ դարի վերջերին: Այժմ պաշտոնական տվյալներով այստեղ բնակվում է ավելի քան 25000 հայ, իսկ ոչ պաշտոական տվյալներով՝ ավելի քան 60000: Հայկական մշակութային կենտրոններ կան Ղազախստանի հիմնական քաղաքներում՝ Աստանա, Ալմաթի, Ակտաու, Ակտոբե, Պավլոդար, Կոստանայ և այլն:

Ալբերտ Պողոսյանը՝ Ալմաթիում ծնված առաջին հայը, «Արմեդիա» ՏՎԳ-ին տված հարցազրույցում պատմում է, որ իր ընտանիքն աքսորվել է Հայաստանից 1937թ.-ին. «Ղազախները մեզ շատ լավ ընդունեցին: Չնայած իրենք էլ էին ապրում աղքատության մեջ, սակայն մեզ օգնեցին իրենց ունեցածի չափով: Մինչև հիմա մենք հիշում ենք այդ մարդկանց բարությունը, և ժամանակ առ ժամանակ գնում ենք այդ գյուղը, նվերներ տանում այդ ընտանիքներին: Դա մեր երախտագիտությունն է այս հողին, որը մեզ ընդունեց ու կերակրեց»:

Ալմաթիի հայկական համայնքի ղեկավար Նարինե Մելքոնյանը պատմում է, որ հայկական «Լույս» մշակութային կենտրոնում են հավաքվում հայերը, այստեղ կա կիրակնօրյա դպրոց, պարի խումբ, որտեղ, բացի հայ երեխաներից, սովորում են նաև այլ ազգերի ներկայացուցիչներ: «Հայերը հիմնականում կենտրոնացած են Ալմաթիի «Հայկական տան» շրջանում, այն կոչվում է հայկական թաղամաս: Այստեղ բնակվում է 350 ընտանիք, շուրջ 5000 մարդ: Բոլոր հայկական մշակութային կենտրոնները միավորված են հայկական ասոցիացիայի մեջ, որի ղեկավարն է Արտուշ Մեսրոպի Կարապետյանը: Այս տարի նշվում է Ղազախստանի ժողովրդի ասամբելայի 20-ամյակը, և մի շարք հայեր՝ հայկական համայնքի ակտիվ անդամներ կպարգևատրվեն հոբելյանական մեդալով»:

Ալմաթիի հայկական մշակութային կենտրոնի տարածքում գտնվում է Սբ.Կարապետ եկեղեցին, որը կառուցվել է 2005 թվին, օծվել՝ 2006-ին: Ալմաթիի հայկական համայնքի ակտիվ անդամ Արտյոմ Սերոբյանը ցավով նշում է, որ անցյալ տարվանից եկեղեցին մնացել է առանց քահանայի, սակայն մարդիկ շարունակում են այցելել եկեղեցի, աղոթել ու մոմեր վառել:

Ալմաթիի հայկական համայնքի երիտասարդական թևի ակտիվ անդամ Արամ Նավասարդյանը նշում է, որ իրենք աշխատում են ինչքան հնարավոր է շատ երիտասարդներ ներգրավել, որպեսզի նրանք իրենց տաղանդը, հնարավորություններն օգտագործեն հայկական համայնքի միջոցառումներում: Ինչ վերաբերում է հայ համայնքի կազմակերպած միջոցառումներին, ապա Արամը նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Համո Սահյանի 100-ամյակը, Շառլ Ազնավուրի հետ հանդիպումը, նրա 91-ամյակի նշումը, մայիսի 9-ի եռատոնը, ինչպես նաև ղազախստանյան տոներին մասնակցությունը, այդ թվում՝ մայիսի 1-ը, Նաուրիզը, «որոնց ժամանակ տարբեր ազգերի ներկայացուցիչներին տրվում են տաղավարներ, որոնք նրանք զարդարում են ազգային ոճով, այնտեղ ցուցադրում իրենց մշակույթը, ուտեստները: Այդ օրերին կատարվում են ուրախ տոնախմբություններ: Այսպիսի միջոցառումներն ամրապնդում են ազգերի միջև հարաբերությունները», - եզրափակում է Արամ Նավասարդյանը:

Հայերը լուրջ դեր են խաղացել Ղազախստանի պատմության մեջ՝ իրենց ներդրումը բերելով պետական շինարարության, գիտական ու մշակութային կյանքի մեջ, նշվում է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան կայքում: «Հայերը ներկայացված են երկրում ոչ միայն քանակապես, այլև որակապես», - հենց այս խոսքերը Ղազախստանում հաճախ կարելի է լսել հայերի մասին…

 

Նյութը տպագրվում է «Հայաստան-Ղազախստան. համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: