ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հարաբերություններ կառուցելու լավագույն ճանապարհը բռնության չդիմելն է

 

Դր. Ջ.Մ.Դավե, BAPS հետազոտական ինստիտուտի տնօրեն, Նյու Դելի, Հնդկաստան

 

- Արդյո՞ք Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 5-րդ համագումարը կնպաստի աշխարհում ռադիկալիզմի նվազեցմանը:

- Ղազախստանը յուրահատուկ երկիր է: Ունենալով մուսուլմանական մեծամասնությամբ բնակչություն, այստեղ հանգիստ է նրանց նախագահի շնորհիվ: Եվ այս համագումարը, որն առաջին անգամ անցկացվել է 2003-ին, ավելի կարևոր է դառնում: Գիտե՞ք, թե ով էր 2009-ի համագումարի հիմնական զեկուցողը՝ Շիմոն Պերեսը, Իսրայելի նախագահը: Նայեք 5-րդ համագումարի մասնակիցների ցուցակը. 22 մուսուլմանական կազմակերպություն, 9-ը՝ քրիստոնեական: Չնայած այդքան շատ մուսուլմանների ներկայությանը, նախագահն իր ելույթում ասաց. «Խնդիրը լուծելու միակ ուղին երկխոսությունն է, խոսել միմյանց հետ, հանդիպել, աշխատել ինչքան հնարավոր է ազատ լինել»: Ամենալավը Գանդիի ուղին է՝ բռնություն չիրականացնել:

Ես զգում եմ, որ այս համագումարը շատ կարևոր է, քանի որ խոսելու մթնոլորտ է ստեղծում: Մուսուլմանական մեծամասնությամբ երկիրը հրավիրում է հրեաներին, հինդուներին, քրիստոնյաներին, բուդդայականներին նույն հարթակի վրա և բարձրաձայն հայտարարում է՝ մենք չպետք է ընդունենք արմատականությունը, ահաբեկչությունը և ցանկացածին պետք է խոսելու հնարավորություն տանք: Գտնում եմ, որ այս համագումարը մեծ նպատակի կծառայի: Նույնիսկ եթե որոշ կրոնական և քաղաքական առաջնորդներ հասկանան, թե ինչքան կարևոր է միասին ապրել՝ թույլ տալով բազմազանություն և թույլատրելով մարդկանց դավանել սեփական կրոնն իր սահմանադրության և օրենքի սահմաններում, դա մեծ նվաճում կլինի:

 - Հնդկաստանը հայտնի է իր հանդուրժողականությամբ: Դուք դա կապո՞ւմ եք երկրի հիմնական կրոնի՝ հինդուիզմի հետ:

- Հին ժամանակներից Հնդկաստանը թույլ է տալիս մարդկանց հետևել այն կրոնին, որին ցանկանում են: Եթե ցանկանում եք հավատալ միակ աստծուն կամ միլիոն աստվածների, կերպարով կամ առանց կերպարի աստծու, մարդու կամ կենդանու տեսքով աստծու, դա ձեր ընտրությունն է: Եթե նույնիսկ հավատ էլ չունեք, դա էլ է ձեր ընտրությունը: Հնդկաստանը երբեք խաչակրաց արշավանքներ չի կատարել, կրոնների միջև մեծ պատերազմներ չեն եղել:

Վերջերս մի քննարկում էր գնում՝ հինդուիզմը կրո՞ն է, թե՞ ոչ: Որոշ արևմտյան գիտնականներ ասում են, որ այն կրոն չէ, քանի որ, նախ, չունի կրոնի հիմնադիր պատմական դեմք, ինչպիսին Աբրահամն է հուդայականությունում, Քրիստոսը՝ քրիստոնեությունում, Մուհամմեդն՝ իսլամում: Երկրորդ, չկա կոնկրետ սուրբ գիրք, որն ընդունեն բոլոր դավանանքները: Օրինակ, Աստվածաշունչն ընդունում են կաթոլիկները, ուղղափառները, առաքելականները, բողոքականները, Ղուրաննն ընդունում են շիաները, սունիները, սուֆիները, իսմաիլիտները:

Իսկ ի՞նչ գիրք են ընդունում հինդուները: Մեկն ասում է՝ Վեդաները, մյուսն ասում է՝ Բհագավատ Գիտան, երրորդը՝ Բհագավատ Պուրանան: Հինդուիզմը ծաղկեփունջ է, և յուրաքանչյուր ծաղիկ զարդարում է այն: Հինդուիզմն ուսուցչի և աշակերտի ավանդույթն է. դու ազատ ես ընդունելու այն, ինչ զգում ես, որ ճիշտ է, ես իմ միտքը քեզ չեմ պարտադրում: Հինդուիզմում եղած բազմազանությունը և լիբերալիզմը ոչ մի այլ կրոնում չկան: Ըստ հինդուիզմի, յուրաքանչյուր մարդ անկախ էակ է: Դուք կարող եք նրան սովորեցնել, հոգ տանել, բայց ոչ՝ ուժով, թույլ տալ ձեր տեսակետները լսել՝ դրանք հասկանալու համար, սակայն ֆիզիկապես չստիպել:

 Կրոնը հատուկ ապրելաձև է: Նախ մենք պետք է աշխատենք հասկանալ մեր սեփական բնույթը: Որոշ մարդիկ ի ծնե վերլուծելու ընդունակությունների տեր են: Նրանք միշտ հարցեր են տալիս, փորձում ամեն ինչում տրամաբանություն տեսնել: Իսկ կան մարդիկ, որ իրենց նվիրել են աշխատանքին, այն դարձրել են իրենց պաշտամունքի առարկա: Իսկ մարդկանց երրորդ խումբն էլ շատ զգացմունքային է:

Սակայն կցանկանայի ասել, որ միևնույնն է՝ «բոլոր ճանապարհներն էլ տանում են դեպի Աստված»…

Հարցազրույցը կատարվել է  Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 5-րդ համագումարի ժամանակ՝ Աստանայում (Ղազախստան)՝ «Հայաստան-Ղազախստան.համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներում,  որն  իրականացվում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: