ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամառային հանգիստը քաղաքից դուրս. խորհուրդներ

«Անվճար արձակուրդի» շարքը շարունակելով՝ այսօր կանդրադառնանք քաղաքից դուրս մեկնելու տարբերակին, որից կրկին կարելի է հաճույք ստանալ առանց մեծ գումարներ ծախսելու:

Տանը և քաղաքում ձեր հանգիստը վայելելուց բացի, անշուշտ կարող եք օգտվել նաև երրորդ, շատ ավելի նախընտրելի՝ քաղաքից դուրս մեկնելու տարբերակից:

Եվ այս դեպքում բնավ պարտադիր չէ մտածել ճանապարհածախսերի կամ հյուրանոցներ ամրագրելու մասին: Քաղաքից դուրս հանգիստը կարող է լինել շատ ավելի մատչելի, քան ենթադրում եք: Արդյունքում թե՛ կկտրվեք քաղաքային աղմուկից և առօրյա հոգսերից՝ բնության գրկում վայելելով խաղաղությունն ու անդորրը, թե՛ հնարավորինս կխնայեք ձեր միջոցները:

Նմանօրինակ հանգստի նախապայմանն իհարկե լավ ընկերներն են, սակայն մինչ ընկերական հավաք կազմակերպելն ու միասին քաղաքից դուրս մեկնելը, կարող եք ինքներդ մեկ կամ երկու օրով ձեր միայնությունը վայելել:

Վերցրեք ամենաանհրաժեշտ իրերը միայն և անպայման լուսանկարչական ապարատ: Պատկերացրեք ձեզ պրոֆեսիոնալ լուսանկարչի դերում և փորձեք անմահացնել բնության առավել գեղեցիկ կադրերը՝ լինի դա ընդարձակ կանաչ մարգագետին, թե փոքրիկ պուտավոր զատիկ: Խաղացեք լույս ու ստվերի, գունային գամմաների հետ և ինքնուրույն ստացեք այն պատկերները, որոնցով միշտ հիանում եք համացանցում՝ էկրանից այն կողմ: Իսկ եթե տիրապետում եք նկարչական ձիրքի, շատ ավելի լավ: Վերցրեք ձեզ հետ թուղթ ու վրձին, և հենվելով որևէ սաղարթախիտ ծառի բնին՝ գեղեցիկ բնապատկերներ նկարեք՝ մրցելով «պեյզաժի» լավագույն վարպետների հետ:

Եթե չվախենաք և կարողանաք գիշերը միայնակ բաց տարածության մեջ անցկացնել, ապա կկարողանաք ականատես լինել բնության գիշերային մեծագույն հրաշքներից մեկին՝ աստղազարդ երկնքին: Չէ՞որ քաղաքում այնքան հազվադեպ ենք աստղեր տեսնում: Իսկ այժմ ձեզ հետ տարած փոքրիկ բարձի վրա պառկելով և երկնքին նայելով՝ ժամանակ կունենաք խորհելու շատ ու շատ բաների մասին՝ վերանայելով ձեր հայացքներն ու պատկերացումները կյանքի ու աշխարհի մասին:

Ձեզնից շատերը վստահաբար գյուղում բարեկամներ կունենան: Գնացե՛ք նրանց այցելության: Թե՛ անչափ կուրախացնեք տատիկ-պապիկներին ձեր գալուստով, թե՛ կարժանանաք ամենաջերմ գյուղական ընդունելության: Ի՞նչը կարող է ավելի լավ ու տեղին լինել, քան թոնրում նոր թխած լավաշը,  թարմ կաթն ու անարատ մածունը: Օգտակար լինելով ձեր հարազատներին և միևնույն ժամանակ նորանոր արկածներ փնտրելով՝ կարող եք վաղ առավոտյան կովերին ու ոչխարներին արածեցնելու տանել: Իսկ ավելի համարձակները կարող են փորձել անգամ կթել ընտանի կենդանիներին՝ թե՛ թեթևացնելով մեծերի հոգսը, թե՛ մի լավ զվարճանալով:

Իսկ այժմ իսկական ժամանակն է զանգահարել և մեկ մարդու պես մի տեղ հավաքել բոլոր ընկերներին: Եթե էքստրիմի սիրահար եք և չեք վախենում ադրենալինից, արշավ կազմակերպեք: Սար բարձրացեք և վրաններ վերցրեք՝ գիշերը մութ անտառում անցկացնելու համար: Լավագույն հիշողություններն ապահովված կլինեն, եթե խարույկ վառեք և ծածկոցներով փաթաթված դրա շուրջը ծալապատիկ նստեք: Հավատացեք, որ դա լավագույն վայրն ու ժամն է լինելու անկեղծության երեկո կազմակերպելու: Բոլորդ էլ թերևս ծանոթ կլինեք «ռիսկ և ճշմարտություն» խաղին, որի համար ավելի կատարյալ պահ չեք կարող գտնել: Խարույկի շուրջ խաղալու համար լավ տարբերակ է նաև «մաֆիան», որի ավարտից հետո էլ  կարող եք վախենալու պատմություններ պատմել մեկդ մյուսին կամ նույնիսկ մանկությունը հիշելով՝ հոգի կանչել: Մինչ վրաններում տեղավորվելն ու զով գիշերն այնտեղ անցկացնելը, կարող եք նաև երգ ու պարի մրցույթ կազմակերպել՝ երաժշտության տակ պտտվելով ու թռչկոտելով խարույկի շուրջը:

Իսկ եթե նման արկածախնդիր հանգիստը ձեր սրտով չէ և բնության գրկում հանգստանալու ավելի մեղմ ու թեթև տարբերակ եք նախընտրում ՝ կարող եք ցերեկային մի լավ «պիկնիկ» կազմակերպել ընկերների հետ, յուրաքանչյուրդ ձեզ հետ որևէ համեղ ուտելիք տանելով: Պիկնիկի ժամանակ նաև կարող եք իսկական «բարբեքյու» փորձել պատրաստել՝ խորոված, բայց արտասահմանյան ձևով՝ հատուկ սոուսներով համեմված:

Քաղաքից դուրս հանգիստը ձեզ այնքան դուր կգա, որ այն կրկնելու ցանկությունը երաշխավորված կլինի: Իսկ եթե ամեն անգամ մի նոր ու դեռ չբացահայտված գողտրիկ տեղ ընտրեք ձեր ծածկոցները փռելու և խաղերը խաղալու համար, ապա շատ ավելի հետաքրքիր ու բազմազան արձակուրդ կվայելեք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    29 C°
     
    28°  16° 
    02.05.2024
    23°  14° 
    03.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: