ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ ՄԽ երկրների քաղաքականությունը Բաքվի նկատմամբ ապարդյուն է դարձնում ղարաբաղյան կարգավորման նրանց ջանքերը

Երեկ Բաքվում 7-8.5 տարվա ազատազրկման են դատապարտվել ադրբեջանցի հայտնի պատմաբան, հասարակական գործիչ Արիֆ Յունուսը և նրա կինը`  իրավապաշտպան Լեյլա Յունուսը: Ճաղերի հետևում է շարունակում մնալ «Ազատություն» ռադիոկայանի նախկին թղթակից Հադիջա Իսմայիլովան, ով դեռ 2014-ին համարձակվել էր հրապարակել Ադրբեջանում առկա քաղբանտարկյալների ցանկը: Հիշեցնենք` համաձայն նույն Իսմայիլովայի իրականացրած լրագրողական հետաքննության ` 2014-ին Ադրբեջանում ձերբակալվել է 98 լրագրող և բլոգեր, իրավապաշտպան, ընդդիմադիր քաղաքական գործիչ, երիտասարդական ու կրոնական կազմակերպությունների ակտիվիստ: Կան նաև մարդիկ, ովքեր ցմահ բանտարկված են` քաղաքական դրդապատճառներով: Թվում էր` լրագրողների և իրավապաշտպանների դեմ  շինծշու դատական գործերն ու արդյունքում նրանց ազատազրկումը հարևան երկրում խոսքի ազատության դեմ ուղղված ծայրահեղ միջոցներ են, սակայն օրեր առաջ ականատես եղանք նման «պայքարի» շատ առավել «արմատական» դրսևորման. դաժան ծեծի հետևանքով սպանվեց ընդդիմադիր լրագրող Ռասիմ Ալիևը: Նշենք, որ նա տարիներ շարունակ «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտ» ՀԿ-ում գլխավորել էր ադրբեջանական ԶԼՄ-ների մոնիթորինգային խումբը: Նշված կազամկերպությունը Բաքվում գործունեությունը դադարեցրել էր նախորդ տարի այն բանից հետո, երբ սառեցվել էին կառույցի բանկային հաշիվները: Միջազգային կառույցները վրդովված են մարդու իրավունքների ու խոսքի ազատության կոպիտ խախտումների այս աղաղակող փաստերից և նույնիսկ արտահայտում են այդ վրդովմունքը բազմաթիվ հայտարարությունների տեսքով: Սակայն, ակնհայտ է, որ դրանք որևէ կերպ չեն կաշկանդում Բաքվին: Ընդամենը մեկ ամիս առաջ այստեղ փակվեց ԵԱՀԿ գրասենյակը. ինչպես կառույցի ղեկավար մարմինների, այնպես էլ միջազգային դերակատարների, այդ թվում` ԱՄՆ-ի կողմից հնչած հորդորներն այդ որոշումը վերանայելու մասին որևէ արդյունք չտվեցին:  Տպավորություն է, որ պաշտոնական Բաքուն տեղյակ է միջազգային իրավունքի սկզբունքներից միայն մեկին, որը կոչ է անում ձեռնպահ մնալ ինքնիշխան երկրի ներքին գործերին միջամտելուց:  Թվում է` Բաքվում տեղյակ չեն, որ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները կազմում են մեկ ամբողջություն, և ներքին գործերի միջամտությւոնից զերծ մնալու դրույթը դադարում է գործել այն դեպքում, երբ կոնկրետ երկիրը դառնում է սպառնալիք միջազգային կայունությանն ու խաղաղությանը:  Իսկ այն, որ ադրբեջանական ղեկավարության գործողությունները երկրի ներսում սերտորեն փոխկապակցված են նրա  արտաքին գործողությունների հետ` մենք այսօր զգում ենք սեփական մաշկի վրա: Ադրբեջանի ներկայիս իշխանության գործողությունները կարելի է որակել մեկ բառով` մարդատյացություն, այն դրսևորվում է ինչպես երկրի ներսում` սեփական ժողովրդի հանդեպ` բնռաճնշումների, մարդու իրավուքնների կոպիտ խախտումների տեսքով, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմաններին: Բանն այն է, որ տոտալ վերահսկողության ներքո առնելով երկրի տեղեկատվական դաշտը` ալիևյան կլանը փորձում է երաշխավորել իր կոռումպացված և կլանային վարչակարգի հնարավորինս երկար գոյությունը: Սակայն ԶԼՄ դաշտի վերահսկողությունը, հասկանալի է, որ բավարար գործոն չէ սոցիալական հասունացող պայթյունից խուսափելու համար: Անհրաժեշտ է գտնել միջոց արդեն բավականին հասունացած և օրեցօր էլ ավելի աճող սոցիալական դժգոհությունն այնպես ուղղորդելու համար, որ այն չսպառնա վարչակարգի գոյությանը: Եվ այստեղ Ալիևը տեղեկատվական դաշտի նկատմամբ վերահսկողությունն ու սեփական ժողովրդի տեղեկատվական «շրջափակումը» կիրառում է շատ ավելի զազրելի նպատակով, քան պարզապես խոսքի ազատության սահմանափակումն է: Գաղտնիք չէ, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տարիներ շարունակ կերտում են հայի` որպես թշնամու և ադրբեջանական ժողովրդի բոլոր դժբախտությունների միակ ու հիմնական աղբյուրի կերպարը: Արդյունքը ՀՀ և ԼՂՀ սահմաններին զոհերն են ինչպես զինծառայողների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում: 

Այն, ինչ անում է Ալիևը թե՛ սեփական ժողովրդի, թե՛ հայերիս նկատմամբ, որքան էլ տխուր, այնուամենայնիվ պարզ է ու հասկանալի… Սակայն վրդովմունք է առաջացնում միջազգային հանրության կեցվածքը, որը, մերկ հայտարարություններից անդին չգնալով, ապացուցում է, որ շահերը գերակա են արժեքների, մարդկային կյանքի` որպես գերագույն արժեքի նկատմամբ: Դժվար է պատկերացնել, որ միջազգային դերակատարները  չեն գիտակցում, թե նպաստում են նոր արևելյան բռնակալի առաջացմանը՝ դրանից բխող վտանգներով: Հնարավոր է` միջազգային հանրությունն օրերից մի օր անդրադառնա Ալիև բռնապետին, սակայն հասկանալի է, որ դա կանի ըստ անհրաժեշտության. մասնավորեցնենք` սեփական շահերից բխող անհրաժեշտության և նպատակահարմարության: Եվ այս պարագայում որքան էլ զարմանալի հնչի, հայերս ադրբեջանցի ժողովրդի հետ հայտնվում ենք, ինչ-որ իմաստով, բարիկադի նույն կողմում: Թվում է` սա էլ է քաջ գիտակցում Ալիևը և հենց այդ պատճառով էլ փորձում է ամեն կերպ բացառել քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև շփման ցանկացած հնարավորություն: Սակայն այս պարագայում միջազգային հանրությունը` մասնավորապես ղարաբաղյան կարգավորման միջնորդները, պետք է խոստովանեն, որ սեփական կառավարությունների վարած քաղաքականության արդյունքում`մասնավորապես Ալիևին  «երես տալու» համատեքստում, ապարդյուն են դառնում իրենց կողմից ձեռնարկված բոլոր քայլերը: Չէ՞ որ մեկ անգամ չեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարել, թե առաջնային խնդիր է ոչ թե կողմերի միջև համաձայնագրի կնքումը, այլ` հանրությունների միջև վստահության մթնոլորտի  վերականգնումը:     

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: