ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավելի շատ ՆԱՏՕ Վրաստանում և ավելի շատ Վրաստան ՆԱՏՕ-ում

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Վրաստան ներկայացվեց որպես տարածաշրջանային կարևորություն ունեցող մի իրադարձություն: Վրացական մամուլի կողմից լուսաբանման մակարդակը և տարբեր պաշտոնյաների մեկնաբանությունները փաստում են, որ իշխանություններն այս այցին լուրջ են պատրաստվել, և PR կոմպոնենտի միջոցով նպատակ կա բարձրացնելու իշխանությունների հեղինակությունը և նվազեցնելու/հաղթահարելու վրացական հասարակության մոտ ձևավորված «պատերազմում պարտվածի բարդույթը»:

Այցի հետ կապված՝ ցանկալի է առանձնացնել երկու հիմնական ասպեկտ՝ Վրաստանի եվրաատլանտյան հեռանկարի խնդիրը և Վրաստանի ու ՆԱՏՕ-ի համատեղ ուսումնական կենտրոնի բացումը:

Վրաստանի եվրաատլանտյան հեռանկարը, բնականաբար, չէր կարող շրջանցվել Ստոլտենբերգի այցի ժամանակ: Երկկողմ հանդիպումներում այս անգամ ևս հնչել են ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների խորացման և ամրապնդման անհրաժեշտության և համատեղ գործընկերության մասին հայտարարությունները: Սակայն Վրաստանին ՆԱՏՕ-ի Անդամակցության գործողությունների պլան (Membership Action Plan (MAP)) տրամադրելու կառույցի մտադրությունների մասին այս անգամ ևս ոչինչ չհնչեց: Ստոլտենբերգը շեշտեց, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչ որոշում կկայացվի եկող տարի կայանալիք Վարշավայի գագաթաժողովին: Ավելին՝ նա նաև նշել է, որ Վրաստանն արդեն ստացել է բոլոր անհրաժեշտ գործիքները դեպի դաշինք շարժվելու համար:

 Հավանաբար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նկատի է ունեցել Ուելսում տրամադրված հատուկ միջոցների փաթեթը, որը դեռևս լիարժեք իրացված չէ: Սակայն վրացի գործընկերներին հիասթափություն չպատճառելու համար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ներմուծեց բավական հետաքրքիր թեզ, որը հաջողությամբ ընդունվեց և փոխառվեց վրացական իշխանությունների կողմից, այն է՝ «Ավելի շատ ՆԱՏՕ Վրաստանում և ավելի շատ Վրաստան ՆԱՏՕ-ում»: Հաշվի առնելով վրացական իշխանությունների կողմից ՆԱՏՕ-ի անդամակցության արդեն մի քանի տարի անհաջող քարոզչությունը՝ կարող ենք ենթադրել, որ երկրի ղեկավարների կողմից այս թեզը կսկսի բավական ակտիվ օգտագործվել հանրության հետ իրականացվող աշխատանքներում:

 Ինչ վերաբերում է Վրաստանի և ՆԱՏՕ-ի համատեղ ուսումնական կենտրոնին, ապա դրա վերաբերյալ խոսվում է արդեն շուրջ մեկ տարի: Կենտրոնի բացումը դեռ 2014թ.-ի սեպտեմբերին Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին կառույցի կողմից Վրաստանին տրամադրված հատուկ փաթեթի բաղկացուցիչ է:

Համատեղ կենտրոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Թբիլիսիի մոտ գտնվող «Կրցանիսի» Ազգային ուսումնական կենտրոնում: Հատկանշական է, որ համատեղ ուսումնական և գնահատման կենտրոնն իրենից ներկայացնում է տարբեր օբյեկտների ցանց, որում, բացի «Կրցանիսիի» ուսումնական կենտրոնի մի մասից, ընդգրկված են նաև Վազիանիում գտնվող զորավարժարանը, Օրֆոլոյի 

զորավարժարանը, ինչպես նաև Սաչխերյան լեռնահրաձգային վարժարանը մասամբ: Հատկանշական է, որ վրացական կողմը ՆԱՏՕ-ի ղեկավարի այցը համարեց լավագույն պահը՝ ուսումնական կենտրոնի հնարավորինս հնչեղ բացում կազմակերպելու համար՝ չկարևորելով այն հանգամանքը, որ կենտրոնի հիմնական կառույցների շինարարությունը կամ որոշ օբյեկտների վերակառուցումն անգամ չի սկսվել: Այսինքն, չնայած կենտրոնի բացման արարողությանը, այն դեռևս տևական ժամանակահատված հազիվ թե կարողանա լիարժեք ծառայել իր նպատակին, այն է՝ նպաստել վրացի, ինչպես նաև ՆԱՏՕ անդամ ու գործընկեր երկրների զինծառայողների պատրաստմանը:

 Վրաստանի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն այս ամենի առնչությամբ արդեն իսկ հայտարարել է, որ համատեղ ուսումնական կենտրոնի բոլոր ենթակառուցվածքները պետք է ստեղծվեն փուլ առ փուլ, իսկ նման շտապողականությունը բացատրել է օր առաջ վարժանքներ սկսելու ցանկությամբ:

  Իսկ թե իրականում ինչո՞վ էր պայմանավորված կենտրոնի բացման նման շտապողականությունը և հնչեղությունը, կարելի է ենթադրել: Սակայն ակնհայտ է, որ բացման արարողության միջոցով իշխանությունները մի կողմից փորձեցին բարձրացնել սեփական վարկանիշը, հաշվի առնելով խորհրդարանական ընտրությունների՝ սեպտեմբերին մեկնարկող նախընտրական աշխատանքները, մյուս կողմից փորձեցին ցույց տալ եվրոատլանտյան ինտեգրման ուղղությամբ այդքան սպասված առաջընթաց, ինչպես նաև ցրել վրաց-հարավօսական սահմանին ցուցանակների տեղաշարժի հետ կապված հանրային մտահոգությունները:

 Հատկանշական է այն հանգամանքը, որ վրացական ղեկավարության մոտ առկա էին հստակ մտավախություններ՝ պայմանավորված Ռուսաստանի հնարավոր արձագանքի հետ: Դա դրսևորվեց անգամ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքում, ով շեշտեց, որ չպետք է շփոթել ՆԱՏՕ-ի ռազմական բազան ուսումնական կենտրոնի հետ, ավելին՝ նա ընդգծեց, որ տվյալ ուսումնական կենտրոնը կնպաստի տարածաշրջանային անվտանգությանը: Սակայն, ինչպես և սպասելի էր, Մոսկվայում այդքան էլ համաձայն չեն ուսումնական կենտրոնի նման որակումների հետ: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կենտրոնի բացումը գնահատեց որպես սադրիչ քաղաքականության շարունակություն, իսկ բուն կենտրոնը՝ որպես «լուրջ ապակայունացնող գործոն տարածաշրջանի անվտանգության համար»: Ռուսական կողմն անգամ զուգահեռներ անցկացրեց 2008թ.-ի իրադարձությունների հետ՝ նախազգուշացնելով հնարավոր հետևանքների մասին:

 Ամփոփելով Ստոլտենբերգի վրաստանյան այցը՝ կարող ենք նշել, որ չնայած եվրաատլանտյան հեռանկարներն այդպես էլ մնացին մշուշոտ, իսկ Ռուսաստանը ձեռք բերեց անհանգստության նոր պատճառ, այնուամենայնիվ կենտրոնի՝ թեկուզ խորհրդանշական բացումը բավական կարևոր իրադարձություն է տարածաշրջանի համար, քանզի այն դարձավ Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության նոր բաղադրիչ, որն այսուհետ պետք է հաշվի առնել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: