ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞վ կարևորվեց ՀԱՊԿ նստաշրջանը Հայաստանի համար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) 2015թ-ի գործունեությունն ամփոփելու համար՝ կառույցի անդամ երկրների ղեկավարները հավաքվել էին Դուշանբեում՝ Տաջիկստանի մայրաքաղաքում, որն այս տարի իրականացրել էր ՀԱՊԿ նախագահությունը:

Հավաքական անվտանգության խորհրդի այս նստաշրջանը մեզ համար բավական մեծ հետաքրքրություն էր ներկայացնում մի քանի առումներով՝ 1. կառույցի ռազմական բաղադրիչի զարգացում, 2. ՀԱՊԿ նախագահության անցում Հայաստանին, 3. կառույցի ներքին բարեփոխումներ: Այժմ այս ամենը դիտարկենք առանձին առանձին.

Կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացում։ Այս նստաշրջանին ՀԱՊԿ ղեկավարները համաձայնության եկան կառույցի ռազմական բաղադրիչի զարգացման վերաբերյալ բավական կարևոր մի շարք հարցերի շուրջ: Մանավորապես, որոշում է ընդունվել ՀԱՊԿ կազմակերպության ուժային բաղկացուցչի կարևորագույն տարրի՝ հավաքական օդային ուժերի (Հավաքական ավիացիոն ուժերի կազմի և տեղակայման) վերաբերյալ, ինչի անհրաժեշտությունը բազմիցս բարձրաձայնվել է ՀՀ կողմից:

Հատկանշական է, որ առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել հատկապես հաղորդակցության, մասնավորապես՝ զինվորական և այլ միավորումների փոխադրման, ռազմական նշանակության շարժական և այլ արտադրանքի տարանցման կազմակերպման խնդիրներին: Նշենք, որ այս խնդիրն առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստանի Հանրապետության համար, որն ընդհանուր սահման չունի ՀԱՊԿ մյուս անդամ երկրների հետ: Տվյալ ոլորտի կազմակերպման նպատակով ստորագրվել  է համաձայնագիր ռազմական և այլ կազմավորումների, նրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրման ոլորտում համագործակցության վերաբերյալ, որը նախատեսում է նման իրավիճակներում պետությունների փոխգործակցություն տարանցման պլանավորման և կազմակերպման համար ինչպես սեփական, այնպես էլ կազմակերպության անդամ չհանդիսացող երկրների տարածքով:

Պետք է արձանագրել, որ ՀԱՊԿ-ում արդեն արմատավորվում է երկարաժամկետ կտրվածքով քաղաքականության պլանավորումը: Հենց դրա դրսևորում է հանդիսանում այն, որ հետևողականորեն պահպանվում է դեռ 2013թ-ին ընդունված «մինչև 2020թ-ը ՀԱՊԿ անդամ երկրների մինչև ռազմական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունների իրացման միջացառումների ծրագիրը», ինչն ընդգծվեց ՀԱՊԿ երկրների ղեկավարների կողմից:

ՀԱՊԿ-ում նախագահության անցումը Հայաստանին։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում ամենաակտիվ և կառույցի զարգացման հարցում բավական նախաձեռնողական անդամներից մեկն է: Բնականաբար, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալ կառույցը հանդիսանում է Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր մեխանիզմներից մեկը, ուստի կառույցի լիարժեք կայացումը, դրա զարգացումն ու  կատարելագործումը ՀՀ համար ունեն մեծ կարևորություն: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կարելի է կանխատեսել, որ Հայաստանի կողմից մեկ տարով ՀԱՊԿ նախագահության ստանձնումը կլինի բավական արդյունավետ կառույցի համար: Այս հարցում վստահության հիմքեր են տալիս նաև Սերժ Սարգսյանի կողմից Դուշանբեում ներկայացված ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության գերակայությունները.

  1. ՀԱՊԿ հավաքական ներուժի մեծացում՝ համաձայն կազմակերպության օրենսդրության և ժառանգորդության սկզբունքի հիման վրա,
  2. ՀԱՊԿ գործունեության հայեցակարգային հիմքերի և ճգնաժամային արձագանքման համակարգի հետագա զարգացում,
  3. ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացման ինստիտուցիոնալ ասպեկտները, այդ թվում՝ արտաքին քաղաքականության համակարգման կատարելագործման և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման հարցերը,
  4. ՀԱՊԿ համակարգի ուժերի ու միջոցների կառավարման համակարգի հետագա կատարելագործում, խաղաղապահ ներուժի մեծացում, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության:

Հատկանշական է, որ ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ստանձնումն առանձնացավ նաև հայկական կողմից պրակտիկ առաջարկներով, մասնավորապես ՀՀ նախագահն  առաջարկեց ՀԱՊԿ-ի կազմում խաղաղապահների պատրաստման կազմակերպություն ստեղծել, որի համար կարող է հիմք ծառայել Հայաստանի ԶՈւ խաղաղապահ գումարտակի պատրաստման կենտրոնը: Հաշվի առնելով այս ոլորտում ՀՀ շուրջ 10-ամյա փորձը տարբեր առաքելությունների շրջանակներում՝ նման նախաձեռնությունը բավական իրատեսական է և կարող է շոշափելի ազդակ հաղորդել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զարգացմանը: Ավելին, հայկական կողմը հանդես եկավ նաև 2016թ-ին Հայաստանում նորագույն ինֆորմացիոն տեխնոլոգիաներով ՀԱՊԿ երկրների կիբերտարածության անվտանգության ապահովման խնդիրներին նվիրված կոնֆերանսի  անցկացման առաջարկով: Վերջին շրջանում կառույցի ակտիվացումը կիբերանվտանգության ոլորտում առկա հիմնախնդիրների հետ կապված հիմք է տալիս ենթադրելու, որ  նման նախաձեռնությունը պահանջված էր: Բացի այդ  ՀՀ նախագահն առաջարկեց նաև սկսել մշակել և արդեն 2016թ-ին ընդունել մինչև 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը, որը կծառայի որպես կառույցի զարգացման միջնաժամկետ կանխորոշիչ ուղի և կարևոր գործոն կհանդիսանա կառույցի զարգացման և լիարժեք կայացման հարցում:

Կառույցի ներքին բարեփոխումները։ Վերջին շրջանում լայնորեն շրջանառվում է այն մոտեցումը, որ ՀԱՊԿ-ն արդեն անցել է կայացման լուրջ ճանապարհ և հասել է մի աստիճանի, երբ կառույցում անհրաժեշտ են որոշակի բարեփոխումներ՝ նրա արդյունավետության առավել բարձրացման համար: Թերևս հենց այս տրամաբանության շրջանակներում կարելի է դիտարկել Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին անդամ երկրների ղեկավարների որոշումը, որի համաձայն կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պետք է կիրառվի ռոտացիոն մեխանիզմ, որը կմշակվի մինչև այս տարվա վերջ: Նման փոփոխությունն, ըստ էության, մի կողմից կնպաստի կառույցի հնարավոր լճացման կանխմանը, մյուս կողմից՝ արդյունավետության բարձրացմանը:

Ամփոփելով Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը՝ կարող ենք նշել, որ կառույցը տարեցտարի ամրապնդվում և կայանում է՝ առավել ընդլայնելով և խորացնելով անդամ երկրների միջև համագործակցությունը: Նման պայմաններում հայկական կողմի նախաձեռնողականության շնորհիվ (հատկապես սեփական նախագահության շրջանում) 2016թ-ի աշնանը՝ Երևանում կայանալիք ՀԱՊԿ հաջորդ նստաշրջանին, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները գոհունակությամբ կարձանագրեն կառույցի նոր և շոշափելի ձեռքբերումները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: