ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Կարիերայի ուղին». եռօրյա սեմինար Աղվերանում

Ինչպե՞ս գտնել աշխատանք, ո՞ւմ դիմել և որ ամենակարևորն է՝ ինչպե՞ս դիմել. հարցեր, որոնք հուզում են կարիերայի մեկնարկին գտնվող ամեն երիտասարդի: Իրենց կյանքի հենց այդ փուլում են գտնվում Երևանի թիվ 2 տարածաշրջանային քոլեջի ներկայիս ու արդեն ավարտած ուսանողները:

Օգոստոսի 28-30-ը, Աղվերան քաղաքում կանադական «Հայ ծնողազուրկ երեխաների հիմնադրամ»-ի («Armenian Orphans Fund»), ֆրանսիական «Terres d'ailleurs» կազմակերպության կողմից կազմակերպվեց եռօրյա սեմինար քոլեջի 15-17 տարեկան սաների համար: Օգոստոսի 28-30-ը, Աղվերան քաղաքում կանադական «Հայ ծնողազուրկ երեխաների հիմնադրամ»-ի («Armenian Orphans Fund» ներկայացուցիչ` Ռոբերտ Սթ-Ժերմեն), ֆրանսիական «Terres d'ailleurs» կազմակերպության (ներկայացուցիչ, նախագահ`Սարգիս Արբաջյան), կողմից կազմակերպվեց եռօրյա սեմինար քոլեջի 15-17 տարեկան սաների համար: «Կարիերայի ուղին» թեմայով մասնագիտական սեմինարի նպատակն էր մասնագիտական ուղին սկսող պատանիներին ներկայացնել աշխատանք գտնելու ճիշտ  մեթոդները,  ծանոթացնել ինքնակենսագրական, ինչպես նաև ուղեկից նամակ կազմելու հմտություններին, ինչպես նաև պոտենցիալ գործատուի հետ առաջին հաղորդակցության կանոններին:

Վերոնշյալ թեմաներով սաների համար դասախոսություններ կարդացին «Հայ ծնողազուրկ երեխաների հիմնադրամ»-ի կազմակերպության քարտուղար, հաշվապահ, Ռոբերտ Սենթ Ժերմենը, նույն քոլեջի կարիերայի  կենտրոնի վարիչ Լիանա Ամիրաղյանը և գրադարանավարուհի, աշխարհագրության դասատու Շուշան Նավասարդյանը, ինչպես նաև «Արմեդիա» ՏՎԳ տնտեսագետ-վերլուծաբան Լիլիա Ամիրխանյանը:

Ի դեպ պետք է նշել, որ հաճելի պատահականությամբ մինչ քոլեջի սաների ժամանումը, Աղվերանում էին գտնվում նաև «ՍՕՍ. Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի սաներն, ում համար պարոն Սենթ Ժերմենը երեկոյան  դասախոսություն կարդաց, որի շրջանակներում առաջացած քննարկումը մտքերի ակտիվ փոխանակումների, բանավեճերի, հարցուպատասխանի ջերմ մթնոլորտ ստեղծեց: Լիցքավորված դրական էմոցիաներով, կազմակերպիչները դիմավորեցին սեմինարի հիմնական մասնակիցներին:

Սեմինարի առաջին օրվա ընթացքում Կանադայի սոցիալ-տնտեսական, ինչպես նաև աշխարհագրական առանձնահատկություններն ուսանողներին ներկայացրեց պարոն Սթ. Ժերմենն, ով փաստացի, հանդիսանում է սեմինարի հիմանական կազմակերպիչը:

Մեր երկրից մեծապես տարբերվող երկրին, նոր մշակույթին ծանոթանալու, ճանաչողության նոր սահմաններ գծելու տեսանկյունից ուսանողներին բավական հետաքրքրեց Կանադայի ներկայացումը: Առաջին օրվա երկրորդ դասախոսության ընթացքում պարոն Ժերմենը ներկայացրեց իր կարիերայի փորձը:  Բնական է, որ միմյանցից լրիվ տարբերվող մի քանի ոլորտներում փորձ ունեցող ու ի վերջո ավելի քան 35 տարի կանադական Դաշնային Կառավարությունում աշխատած ներկայիս թոշակառուի կարիերայի ուղին պետք է որ լիներ ողջ սեմինարի ընթացքում ներկայացվող տեսական նյութի գործնական ամենավառ արտահայտումը: Այդպիսին է պարոն Ժերմենի անցած ուղին՝ լի մի շարք նրբություններով, որոնց մասին խոսվում է դասագրքերում և վառ ու գունեղ՝ ինչպիսին հենց ինքն է: Պարոն Ժերմենի դասախոսությունը հենց այդպես էլ կոչվում էր՝ «Կարիերայի ուղին»: Առանցքային կետերը, որոնք ներառված էին դասախոսության մեջ ամփոփված էին հետևյալ գաղափարների մեջ.

  • մարդ պետք է նպատակ ունենա,
  • պետք է սկսի մշակել դեպի իր նպատակը տանող ուղին,
  • պետք չէ շեղվել երբեմն ուղիղ, իսկ երբեմն գալարվող ուղղուց: Եթե անգամ շեղվում եք, մի՛ մոռացեք նպատակը, վերադարձե՛ք կարիերայի ձեր նախանշած ուղղուն,
  • նպատակին հասնելու համար կարելի է անել ամեն ինչ՝ անգամ այնպիսի աշխատանք, որը կապ չունի նպատակիդ հետ: Կարևորը՝ դա նպատակին ծառայեցնելն է,
  • պետք է անընդհատ թակել դռները, լինել նախաձեռնողական:

Սեմինարի երկրորդ օրվա ընթացքում դասախոսություններ ներկայացրեցին Լիանա Ամիրաղյանն ու Շուշան Նավասարդյանն, ովքեր պատանիներին սովորեցրեցին ինքնակենսագրական (CV) և ուղեկից նամակ գրել: Դասախոսություններից հետո մասնակիցներն ինքնուրույն գրեցին իրենց առաջին CV-ները, որոնք պետք է պահեն՝որպես հիմք, հետագայում փոփոխություններով լրացնելու համար: Դասախոսները կազմակերպել էին նաև յուրատեսակ խաղ-բանակցություն, որի ընթացքում քոլեջի ուսանողները հանդես եկան պայմանական աշխատանքի դիմողի ու գործատուի դերերում:

Սեմինարի երկրորդ օրվա ընթացքում «Ինչպես հաղորդակցվել հեռախոսով» և «Ժեստերի լեզուն» թեմաներով դասախոսություններ ներկայացրեց նաև Լիլիա Ամիրխանյանն, ով առաջին զեկույցի ընթացքում խոսեց պոտենցիալ գործատուի հետ հեռախոսազրույցի առանձնահատկությունների մասին, իսկ երկորդի ժամանակ՝ դեմ առ դեմ հանդիպման ընթացքում առկա ժեստերի լեզվի մասին:

Դասախոսություններից հետո սեմինարի մասնակիցները բաժանվեցին երկու պայմանական ընդդիմադիր թիմերի, որոնցից յուրաքանչյուրը երրորդ կողմին պետք է նախապես որոշված պայմանական խնդրի շուրջ իրենց համոզիչ փաստարկները ներկայացներ՝ վերջինիցս իրենց համար շահավետ որոշում կորզելու նպատակով: Խաղի նպատակն էր բացահայտել մասնակիցների բանացկելու  ունակություններն ու քննարկել թույլ տրված սխալները:

Սեմինարի երրորդ օրն անցավ շատ ավելի ոչ ֆորմալ միջավայրում:

Առավոտյան քոլեջի սաներին կազմակերպիչների կողմից ներկայացվեցին գնահատման թերթիկներ,այնուհետև մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ, որից հետո մասնակիցները հաջողված սեմինարի ավարտը նշեցին հայկական ավանդական խորովածի սեղանի շուրջ, որի ակտիվ «մեղավորն էր» «Արեգակ» ՀԿ նախագահ Վարդուհի Խաչիկյանը:

Սեմինարն իր շարունակությունն ունեցավ նաև Երևանում՝ արդեն նույն քոլեջի մյուս սաների համար. սկզբունքը հետևյալն էր՝ այն երեխաներն, ովքեր այս կամ այն պատճառներով չէին կարողացել մասնակցել Աղվերանի միջոցառմանը, հնարավորություն ստացան պարոն Ժերմենի խորհուրդները լսել Երևանում: 

Երևանյան երկօրյա սեմինարին հաջորդեցին նույն թեմայով դասախոսությունները Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ուսանողների համար:

Ինչպես երևում է՝ կազմակերպիչ կողմի հայաստանյան այցը հագեցած էր ու հավանաբար գոհացուցիչ:

Դե իսկ այն, որ մասնակիցներ-կազմակերպիչներ-սեմինարավարներ հարաբերությունները կոնտակտների փոխանակման արդյունքում տեղափոխվեցին ավելի ընկերական հարթություն, երևի թե ավելորդ չէ նշել: Իսկ որքանով սեմինարի մասնագիտական կողմը կմնա մասնակիցների կյանքում, ցույց կտա միմիայն ժամանակը: Ամեն դեպքում, առաջին քայլն արված է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 94%
    Քամի՝ 0 կմ/ժ
    14 C°
     
    22°  12° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: