ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իռլանդական սփյուռքն ամենամեծն է աշխարհում. տեղեկանք

 Ընդունված է համարել, որ բնակչության թվով աշխարհում առաջին տեղը զբաղեցնող Չինաստանի սփյուռքն ամենամեծն է աշխարհում. Այն հաշվվում է շուրջ 35 մլն մարդ: Սակայն, որքան էլ զարմանալի է, արտերկրում բնակվող հայրենակիցների թվով Չինաստանին այսօր գերազանցում է 4,5 մլն բնակչություն ունեցող Իռլանդիան: Իռլանդական սփյուռքի ներկայացուցիչների թիվը հասնում է շուրջ 80 մլնի: Ստորև ներկայացված է՝ երբ և ինչպես է ձևավորվել իռլանդական սփյուռքը, ինչպիսին են հայրենիք-սփյուռք կապերը և համագործակցության ինչ մեխանիզմներ են գործում:

Իռլանդական սփյուռքը ձևավորվել է 17-րդ դարի ավարտին, 18-րդ դարի սկզբին: Այսօր իռլանդացիների մեծ մասը Բրիտանիայից բացի կենտրոնացած է ամերիկյան մայրցամաքում` հիմնականում Միացյալ Նահանգներում: Անդրատլանտյան կայսրության ձևավորումից ի վեր  Անգլիան իր նոր գաղութներում աշխատուժի կարիք ուներ: 1641թ. իռլանդական ապստամբությունից հետո Անգլիան անհնազանդ կղզիաբնակներին փորձում է «հանդարտեցնել» նրանց սեփական հողից արտաքսելու միջոցով, և շատ իռլանդացիներ հարկադրաբար տեղափոխվում են Նոր Աշխարհ: Անգլիայի քաղաքացիական պատերազմի և Կրոմվելի իռլանդական նվաճումից հետո (1649-53թթ.) կղզու շատ բնակիչներ ստիպված էին ընտրություն կատարել հարկադիր գաղթի և մահապատժի միջև: Միայն 1652-59թթ. 50 հազ. իռլանդացիներ են տեղափոխվում Արևմտահնդկաստան, Վիրջինիա և Բերմուդա:

Բացի պատերազմական գործողություններից և բռնի տեղահանություններից՝ կղզու բնակիչները հարազատ վայրերը ստիպված էին լքել նաև քաղցի պատճառով: 18-րդ. դարի կեսին Իռլանդիայի Թագավորությունն ուներ շուրջ 2 մլն 400 հազ. բնակիչ: 1740-41թթ. ծայրահեղ ցուրտ և անձրևոտ եղանակը համատարած սովի պատճառ է դառնում, արդյունքում «Իռլանդական սովի» մեկ տարին խլում է կղզու բնակիչների շուրջ 38%-ի կյանքը: Հազարավոր մարդիկ հեռանում են կղզուց: Խիստ զրկանքների տարիները վերադառնում է շուրջ մեկ դար անց. 1845-52 թվականներն Իռլանդիայի պատմության մեջ հայտնի են որպես «Մեծ սովի» տարիներ, երբ համաճարակներով ուղեկցվող քաղցը շուրջ մեկ միլիոն մարդու կյանք է խլում, ևս մեկ միլիոնը հեռանում է կղզուց: 

Արտերկրում իռլանդացիները սկսում են համախմբվել` սեփական լեզուն և ավանդույթները պահպանելու նպատակով: Արդյունքում 18-րդ դարում ձևավորվում է իռլանդական սփյուռքը:

1700 թվականից ի վեր կղզուց արտագաղթածների թիվը կազմում է 9-10 մլն, ինչն ավելին է, քան կղզու բնակչության թիվն իր աճի գագաթնակետին՝ 1830-ականների 8.5 մլն-ը (այժմ Իռլանդիայի Հանրապետությունում ապրում է շուրջ 4.5 մլն. մարդ, ողջ կղզում՝ գրեթե 6.5 մլն):

1890թ. արդեն Իռլանդիայում ծնվածների 40%-ն ապրում էր կղզուց դուրս: Գաղթականները հիմնականում տեղափոխվում են Բրիտանիա՝ մասնավորապես Լիվերպուլ՝ որպես հնարավոր ամենամոտ և հասանելի վայր: Նրանք, ովքեր ունեին բավարար միջոցներ, այնուհետև տեղափոխվում էին Ամերիկա (շուրջ 5 մլն մարդ):

Այսօր արդեն Իռլանդիայից դուրս բնակվում է  իռլանդական արմատներ ունեցող շուրջ 80 մլն մարդ:  Թեև իռլանդական ծագում ունեցող բոլոր անհատներն էլ, ըստ էության, կազմում են իռլանդական սփյուռք կոչվածը, այնուամենայնիվ հաճախ տարաձայնություններ են առաջանում այն հարցի շուրջ, թե ում կարելի է համարել սփյուռքի ներկայացուցիչ: Դժվար է ասել՝ արտագաղթածների մինչև որերորդ սերունդը կարող է ընդգրկվել սփյուռք կոչվածում. Իռլանդիայի կառավարության սահմանմամբ սփյուռքը կազմում են մշտապես արտերկրում բնակվող բոլոր իռլանդացիները: Վերջիններիս թվում են արտասահման մշտական բնակության մեկնած Իռլանդիայի քաղաքացիները և նրանց երեխաները,  ովքեր ևս Իռլանդիայի օրենսդրությամբ երկրի քաղաքացի են համարվում: Ի դեպ, Իռլանդիայի քաղաքացիություն կարող են ստանալ նաև արտագաղթած քաղաքացիների թոռները, ովքեր գրանցվում են Արտերկրում ծնվածների մատյաններում, ինչպիսիք պահվում են Իռլանդիայի բոլոր օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններում: Քաղաքացիություն կարող են ստանալ նաև արտագաղթած քաղաքացիների ծոռները, եթե նրանց ծնողներից առնվազն մեկն ունեցել է քաղաքացիություն:  

Սփյուռք հասկացությունը չի տարածվում միայն քաղաքացիություն ունեցող անձանց վրա, արտերկրում իռլանդերեն են խոսում, իռլանդական համայնքների կյանքի կազմակերպմանն են մասնակցում իռլանդական արմատներ ունեցող տասնյակ միլիոնավոր անձինք: 

Ինչպես նշվեց, իռլանդական սփյուռքի մեծ մասն այսօր կենտրոնացած է Միացյալ Նահանգներում` ավելի քան 33 մլն մարդ: Ընդ որում, այստեղ մեծ թիվ են կազմում Իռլանդիայի Հանրապետության անկախացումից ի վեր Օլսթերից ԱՄՆ մեկնած բնակիչները: Երկրորդ տեղում է Մեծ Բրիտանիան, որտեղ բնակվում է շուրջ 10 մլն իռլանդացի: 7 մլն իռլանդացիներ ապրում են Ավստրալիայում, 4 մլն` Կանադայում: Մեծաթիվ համայնքներ կան նաև Արգենտինայում, Բերմուդյան, Կարիբյան կղզիներում, Մեքսիկայում, Չիլիում, Ուրուգվայում:

Համայնքների հետ հարաբերությունները համակարգելու նպատակով 2014թ. հուլիսին Իռլանդիայի կառավարությունը հիմնել է Սփյուռքի նախարարությունը, որն այժմ գլխավորում է Ջիմմի Դեենիհանը: 

Աշխարհում հայտնի շատ գործիչներ ունեն իռլանդական ծագում, նրանց թվում են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, Ֆրանսիայի երբեմնի նախագահ Շառլ դը Գոլը, որի նախնիները կրել են ՄակՔարթան ազգանունը, Ջեյմս Քալագանը, Չե Գևարան, ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին, Կանադայի 21-րդ վարչապետ Փոլ Մարտինը և այլոք: Իռլանդուհի է եղել նաև ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամայի մայրը: 

 

Իռլանդիայի՝ սփյուռքի քաղաքականությունը

Թեև իռլանդական սփյուռքը ձևավորվել է 17-18-րդ դարերում, իսկ Իռլանդիան անկախություն է ձեռք բերել նախորդ դարասկզբին, հայրենիք-սփյուռք՝  համագործակցության կայուն մեխանիզմներ դեռ ձևավորման փուլում են:

Հանրային լայն քննարկումներից հետո այս տարվա մարտին հրապարակվել է «Իռլանդիայի՝ սփյուռքի քաղաքականությունը»: Այն կառավարության կողմից ընդունված առաջին հստակ հռչակագիրն է, որում նշվում է, որ Իռլանդիան «յուրօրինակ և կարևոր հարաբերություններ ունի իր սփյուռքի հետ, որոնք պետք է հղկվեն և զարգացվեն»: Փաստաթուղթն ընդգծում է սփյուռքին միաժամանակ և՛ առաջնորդելու, և՛ օժանդակելու անհրաժեշտությունը:

Թեև հայրենիք-սփյուռք հարաբերություններին անդրադառնում է նաև Իռլանդիայի սահմանադրությունը, որի 2-րդ Հոդվածը նշում է, որ «իռլանդացիները փայփայում են իռլանդական արմատներ ունեցող և արտերկրում բնակվող անձանց հետ իրենց մերձավորությունը, ովքեր կիսում են մշակութային նույն ինքնությունն ու ժառանգությունը», սակայն հայրենիքի հետ սփյուռքի կապերի ու համագործակցության կոնկրետ ձևերի մասին խոսվում է «Սփյուռքի քաղաքականություն» փաստաթղթում:

Ինչպես նշում են իրենք՝ իռլանդացիները, սփյուռքը միաժամանակ «և՛ ազգային հարստություն է, և՛ պատասխանատվություն, ուստի հայրենիք-սփյուռք համագործակցությունը երկկողմ երթևեկության պետք է նմանվի»: Սփյուռքի քաղաքականության գերակա ուղղություններից մեկը հենց արտերկրում գտնվող իռլանդացիներին կառավարության կողմից օժանդակության տրամադրումն է: 2004-ից Իռլանդիայում գործում է Արտագաղթածների օժանդակության ծրագիրը: 2004-14թթ. ընթացքում այս ծրագրի շրջանակներում շուրջ 126 մլն եվրոյի օժանդակություն է տրամադրվել աշխարհի շուրջ 30 երկրներում գործող ավելի քան 470 իռլանդական կազմակերպությունների: Վերջին մեկ տարվա ընթացքում միայն իռլանդացի գաղթականների հետ աշխատող շուրջ 210 ընկերություն աշխարհի 20 երկրում ֆինանսական օժանդակություն է ստացել այս ծրագրի շրջանակներում: Դրամաշնորհ են ստացել տարաբնույթ կառույցներ՝ կամավորական միություններից մինչև շահույթ չհետապնդող խոշոր կազմակերպություններ: Դրամաշնորհի են արժանանում  այնպիսի ծրագրեր, որոնց նպատակն է հայրենիքի հետ «Գլոբալ իռլանդացիների» կապերի պահպանումն ու ամրապնդումը, Իռլանդիայից արտագաղթածների՝ հատկապես ծերերի, ֆիզիկական սահմանափակում ունեցող անձանց և այլ խոցելի խմբերի կարիքները հոգալը, իռլանդական ինքնության պահպանումը խրախուսելը, աշխարհում իռլանդացիների գործարար ցանցին, Իռլանդական գլոբալ տնտեսական ֆորումի ջանքերին աջակցությունը: Ծրագրի շրջանակներում հատուկ ուշադրություն է հատկացվում արտերկրում բնակվող իռլանդացիների հոգեկան առողջության խնդիրներին: Ինչպես նշվում է Սփյուռքի քաղաքականության մեջ՝ «արտագաղթն ու արտերկրում ապրելը կարող են հոգեբանական և հուզական առումով մարտահրավեր լինել»:

Սփյուռքի ծրագրի շրջանակներում սահմանված հաջորդ նպատակը Հայրենիք-սփյուռք և սփյուռքի տարբեր համայնքների միջև կապերի հաստատումն ու զարգացումն է: Իռլանդիան իր հայրենակիցներին արտերկրում գտնում է «Իռլանդիան հասնում է դուրս» նախաձեռնության միջոցով: Արտագաղթածների օժանդակության ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող այս նախաձեռնության կամավորները պարզապես հաշվառում են տարբեր տարիների ընթացքում կղզուց արտագաղթածներին, այնուհետև փորձում են կապեր հաստատել վերջիններիս և նրանց ժառանգների հետ, հրավիրում են իրենց բնակության երկրում մասնակցելու իռլանդական համայնքի կյանքին: Նախաձեռնության կամավորները խրախուսում են արտագաղթածների վերադարձը հարազատ վայրեր, օգնում են կապեր հաստատել նախկին ծանոթների և համայնքի այլ անդամների միջև:

Առաջնահերթություն է համարվում նաև տարբեր երկրների համայնքների միջև կապերի հաստատումը: Ինչպես պարզվել է սփյուռքի քաղաքականության հանրային քննարկումների ընթացքում, «մարդիկ ձգտում են կապեր հաստատել միմյանց հետ և կառավարությունից ակնկալում են դերակատարություն ունենալ այդ գործում»: Իռլանդիայի արտաքին հարաբերությունների և առևտրի դեպարտամենտի ջանքերով գործում է «Գլոբալ իռլանդացի» նախաձեռնությունը, որը յուրօրինակ տեղեկատվական հանգույց է, և որի միջոցով իռլանդացիները կարող են տեղյակ լինել հայրենիքում և սփյուռքի տարբեր համայնքներում տեղի ունեցող իրադարձություններին, այն ամենին, ինչը կարող է առնչվել ցանկացած իռլանդացու աշխարհի ցանկացած ծայրում: Նախաձեռնության համար տեղեկատվություն ապահովող, ինչպես և սփռող կարևոր ռեսուրս են ինչպես էլեկտրոնային կայքը, այնպես էլ Իռլանդիայի դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններն արտերկրում: Նախաձեռնության շրջանակներում է հրավիրվել Գլոբալ իռլանդացի առաջին տնտեսական ֆորումը 2009-ին, որի արդյունքում մասնակիցները ձևավորել են «Գլոբալ իռլանդացի» ցանցը: Վերջինս համախմբում է հարյուրավոր իռլանդացի գործարարների ողջ աշխարհում, ֆորումը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ Իռլանդիայում: Ֆորումի նպատակներն են Իռլանդիայի գործարար և առևտրային հարաբերությունների զարգացումը, բիզնես ոլորտի ուղղակի ներդրումների խրախուսումը, Իռլանդիայի միջազգային հեղինակության բարձրացումը: Ֆորումը Իռլանդիայի կառավարությանը հնարավորություն է տալիս միջազգային գործարար հանրության կարևոր դերակատարների հետ ուղղակիորեն քննարկելու երկրի տնտեսական զարգացման հարցում իր մոտեցումներն ու կարիքները:  

Իռլանդացի գործարարների ջանքերով է ստեղծվել նաև «Միացի՛ր Իռլանդիային» կազմակերպությունը, որի նպատակն օտարերկրյա տարբեր ընկերությունների՝ Իռլանդիա մուտքը խրախուսելն է՝ նոր աշխատատեղեր ապահովելու նպատակով:

Այս տարվա հունիսին Դուբլինում առաջին անգամ հրավիրվել է նաև «Գլոբալ իռլանդացի»
սոցիալական ֆորումը, որը համախմբել է սփյուռքի կառույցների հետ աշխատող շուրջ 140 կազմակերպությունների ներկայացուցիչների:

 Իռլանդիայի կառավարությունը հատուկ ուշադրություն է հատկացնում նաև հեռուստատեսությամբ սփյուռքի կյանքի և խնդիրների լուսաբանմանը: Այս նպատակով ձևավորվել է «Գլոբալ իռլանդացի» մեդիա հիմնադրամը:

Իռլանդական ինքնության պահպանման կարևոր գրավական են իռլանդերենը, ինչպես նաև ազգային մշակույթն ու ավանդույթները: Ազգային տոները դարձել են համայնքի անդամների և համայնքների միջև կապերի ամրապնդման միջոց: Այս առումով ողջ աշխարհում իռլանդացիների համար յուրօրինակ նշանակություն ունի Սբ Պատրիկի օրը, որը նշում են մարտի 17-ին՝ Իռլանդիայի երկնային հովանավոր սուրբ Պատրիկի (մոտ 385-461 թթ.) մահվան օրը: Այն խորհրդանշում է իռլանդացիների կողմից քրիստոնեության ընդունումը: Կառավարությունն իր միջոցներով խրախուսում է ազգային տոների, մշակութային տարբեր միջոցառումների կազմակերպումն արտերկրում:

Միաժամանակ Իռլանդիայում և սփյուռքում գործում են տարբեր հիմնադրամներ, որոնց կողմից հովանավորվող ուսումնասիրությունների թիրախում սփյուռքի կարիքների գնահատումն ու կառավարության կողմից հնարավոր օժանդակության դիտարկումն են:

Սփյուռքի հետ համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտության գիտակցմանը զուգահեռ՝ Իռլանդիան լուրջ մարտահրավեր է համարում նաև արտագաղթը: Ուստի տարբեր հիմնադրամներ և ծրագրեր կոչված են ինչպես արտերկրում երկրից արտագաղթածներին օժանդակելուն, այնպես էլ նրանց վերադարձը հայրենիք խրախուսելուն: Արտագաղթածների օժանդակության ծրագրի շրջանակներում Իռլանդիայի կառավարությունը հովանավորում է «Ապահով տուն» նախաձեռնությունը: Վերջինիս շրջանակներում տեղեկատվական և խորհրդատվական օժանդակություն է տրամադրվում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք՝ մշտական բնակության:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: