ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հաճույքով հայ բժիշկներին կընդունենք մեզ մոտ` պրակտիկա անցնելու

Նարեշ Տրեհան   
"Մեդանտա" բժշկական
կենտրոնի նախագահ եւ տնօրեն
  

-Պարո՛ն Տրեհան, խնդրում եմ` պատմե՛ք, թե ինչպես է ստեղծվել "Մեդանտա" բժշկական կենտրոնը:
-Ինչպես գիտեք, Հնդկաստանը շատ արագ առաջընթաց է ապրում վերջին 10-15 տարիների ընթացքում: Եվ աշխարհի այս մասում չկար բարձր չափանիշներով բժշկական հիմնարկություն: Օրինակ` կա Հովարդը, Միոկլինիկան, Քլիվլենդի կլինիկան Ամերիկայում, այլ կլինիկաներ Եվրոպայում, սակայն դրանց նմանը չկար աշխարհի այս հատվածում: Ուստի ես հիմնեցի այս հիմնարկը երեք նպատակով: Առաջին` որպեսզի այստեղ կարողանանք կատարել բարձր մակարդակի բուժում: Այժմ մենք արդեն խոսում ենք լյարդի ու երիկամների պատվաստման, ոսկորի եւ հոդերի, սրտի, ուղեղի, նյարդավիրաբուժական բարդ խնդիրների եւ քաղցկեղի մասին: Սրանք մեր ունեցած հիմնական խնդիրներն են, եւ այս հիվանդությունները նույնքան լավ ենք բուժում, որքան նույնիսկ ԱՄՆ-ում: Սա էր այս կենտրոնը կառուցելու նպատակը: Երկրորդ նպատակն այն էր, որ մենք կարողանանք կատարել մեր սեփական հետազոտական աշխատանքը, որպեսզի կարողանանք բժշկությունը հասցնել ավելի էժան մակարդակի, որպեսզի մեզ նման մարդիկ կարողանան օգտվել: Օրինակ` նույնիսկ ԱՄՆ-ում շատ մարդիկ չեն կարողանում իրենց թույլ տալ նման վիրահատություններ, ինչ մենք ենք անում: Եվ երրորդը` ուսուցանել այլ բժիշկների, ոչ միայն Հնդկաստանից, այլեւ մյուս երկրներից: Այժմ մենք կարողացել ենք իրականացնել առաջին նպատակը: Սկսել ենք հետազոտական աշխատանքները: Այժմ ԱՄՆ-ի Դյուկ համալսարանը հետազոտական աշխատանքներում մեր գործընկերն է: Սկսել ենք նաեւ ուսուցումը: Մեզ մոտ պրակտիկա անցնելու նպատակով սկսել են բժիշկներ գալ ոչ միայն մեր տարածաշրջանից, այլեւ Սաուդյան Արաբիայից, Մերձավոր Արեւելքից, ինչպես նաեւ Ինդոնեզիայից, Չինաստանից: Իսկ ամենալավն այն է, որ մենք այս կենտրոնում կարողանում ենք կատարել աշխարհում արվող համարյա բոլոր վիրահատությունները:

-Խնդրում եմ` ասացե՛ք, միաժամանակ քանի՞ հիվանդ կարող եք ընդունել: Վճարովի՞ է արդյոք հիվանդանոցը:
-Մեր ծառայությունների 5%-ն աղքատների համար է, սակայն մնացած 95%-ը վճարովի է: Այս պահի դրությամբ ունենք 650 հիվանդատեղ: Շուտով կավարտենք մեկ հարկ եւս, եւ տեղերի ընդհանուր թիվը կդառնա 1500:

-Իսկ ուսման, պրակտիկայի համար կարող են միայն Ձեր նշած երկրների՞ց գալ:
-Ցանկացած երկրից կարող են գալ, քանի որ մենք այնքան հիվանդ ունենք: Օրական կատարում ենք 60-70 շատ բարդ վիրահատություններ: Եվ մարդիկ այստեղ կարող են շատ մեծ փորձ ձեռք բերել: Մենք կարող ենք ընդունել բժիշկների, տեխնիկական աշխատողների, բուժքույրերի ցանկացած երկրից:

-Ինչպե՞ս են բժիշկ դառնում Հնդկաստանում, քանի տարի է տեւում ուսուցումը:
-Մեր կրթական համակարգը կոչվում է 10+2, դա դպրոցն է: Դրանից հետո կարող են գնալ բժշկական քոլեջ, որը 4-5 տարով է: Այնուհետեւ պետք է մեկ տարի պարտադիր ինտերնատուրա անցնեն: Այսինքն` կարող ես բժիշկ դառնալ դպրոց ընդունվելուց 17 տարի անց: Այսինքն` կարող ես 22-23 տարեկան լինել եւ արդեն աշխատել որպես բժիշկ:

-Երեւանի պետական բժշկական համալսարանում Հնդկաստանից հարյուրավոր ուսանողներ են սովորում: Նրանց ստացած դիպլոմը Հնդկաստանում վավե՞ր է:
-Վերադառնալուց հետո նրանք այստեղ քննություն պետք է հանձնեն, որը ստուգում է նրանց հիմնական բժշկական գիտելիքները, որպեսզի մենք համոզվենք, որ նրանք տիրապետում են ընդունված չափորոշիչներին: Նրանցից շատերը, որոնք լավ համալսարաններ են ավարտել ու եկել, խնդիր չունեն: Նրանց ստացած գնահատականները, կոչումն այստեղ ընդունվում են:

-Խնդրում եմ` պատմե՛ք վերջին տասնամյակներում Հնդկաստանում բժշկության զարգացման մասին:
-Եթե վերցնենք ըստ մասնագիտացումների, օրինակ` սրտաբանությունը, այսինքն "կարդիոլոգիան", եւ սրտի վիրաբուժությունը, այստեղ մենք կատարում ենք "շունտավորում" ռոբոտի միջոցով: Եվ սա մեծ առաջընթաց է: Մենք արդեն ամբողջ կրծքավանդակը չենք բացում եւ վիրահատությունը կատարում ենք կրծքավանդակի վրա արված փոքր անցքից: Եվ սա շատ լավ է հիվանդի համար: Ծառայությունների գներն էլ շատ ավելի ցածր են, քան ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում: Մենք բուժում ենք նաեւ թույլ սիրտ ունեցող մարդկանց` հիվանդ սրտում տեղադրելով ցողունային բջիջներ, եւ այն մարդիկ, որոնք մինչ այդ հազիվ էին քայլում, կամ նույնիսկ շնչել չէին կարողանում, այժմ արդեն իրենց շատ լավ են զգում ցողունային բջիջների թերապիայի շնորհիվ: Այժմ մենք նոր ծրագիր ենք սկսել. սրտի փականը փոխարինում ենք "կատետրի" օգնությամբ, այսինքն` նույնիսկ հարկավոր չէ կտրվածք կատարել կրծքավանդակի վրա: Այնպես որ, սրտաբանական ողջ ժամանակակից տեխնոլոգիան մենք օգտագործում ենք: Նույնն էլ վերաբերում է նյարդաբանությանը: Ուղեղի վիրահատությունը կատարվում է հատուկ սարքավորման հսկողությամբ, եւ այդ դեպքում վիրահատության արդյունավետությունը բարձրանում է 30%-ով: Օրթոպեդիայում` ոսկորների եւ հոդերի բուժման մեջ ունենք նավիգացիոն համակարգը, որը չափում է մարմնի ցանկացած ոսկորը: Կարող ենք արհեստական հոդ պատվիրել եւ պատրաստել հենց այստեղ` մեզ մոտ, հատուկ հենց տվյալ հիվանդի համար: Մենք ունենք քաղցկեղի շատ մեծ ինստիտուտ, ունենք ամենավերջին տեխնիկական սարքավորումները քիմիոթերապիայի, ճառագայթաբուժության, վիրահատության համար: Մենք մասնագիտանում ենք լյարդի, երիկամի տրանսպլանտացիայի մեջ: Այսինքն` ինչ որ աշխարհում արվում է, մենք էլ ենք անում:

-Բժշկական ինստիտուտների շրջանավարտներին արդյո՞ք հեշտ է աշխատանք գտնել:
-Բանն այն է, որ մենք բժիշկների բավականին պակաս ունենք: Այսօր մեզ հարկավոր է ավելի քան 500 հազար բժիշկ: Այնպես որ, աշխատանք գտնելը դժվար չէ: Շատ կարեւոր գործոն է կրթության որակը: Ուստի այժմ մենք ավելի ու ավելի շատ բժշկական ինստիտուտներ ենք հիմնում: Բացի այդ, մեր ուսանողները սովորում են աշխարհի տարբեր երկրներում: Ինչպես նշեցիք, Հայաստանում էլ են սովորում, նաեւ ԱՊՀ այլ երկրներում: Դրանք այն մարդիկ են, ովքեր փորձել են այստեղ բժշկական ընդունվել, սակայն չեն կարողացել, քանի որ այդպիսի ինստիտուտները շատ քիչ են: Այնպես որ, այժմ փորձում ենք հնարավորինս շատ որակյալ բժշկական ինստիտուտներ հիմնել: Իսկ արտասահմանում սովորելուց հետո Հնդկաստան վերադարձածները նույնպես աշխատանք են գտնում, բոլորովին խնդիր չկա: Աշխատանք գտնելը խնդիր չէ, բժիշկներ ամենուր էլ հարկավոր են:

-Հնդկաստանը հայտնի է նաեւ իր ավանդական բժշկությամբ` այուրվեդայով: Օգտագործո՞ւմ եք արդյոք այուրվեդայի սկզբունքները ժամանակակից բժշկության մեջ:
-Երբ ես խոսում էի մեր հետազոտական աշխատանքի մասին, ես հենց դա նկատի ունեի: Մենք արդեն սկսել ենք այուրվեդայի սկզբունքներով բժշկությունը, մենք անում ենք "պանչա-կարմա", մենք միավորում ենք ժամանակակից բժշկությունը այուրվեդայի հետ: Գալիք տարիներին մենք կունենանք սրանց համակցությունը, ինչը շատ լավ կլինի այն առումով, որ այն շատ արդյունավետ է, պակաս թունավոր օրգանիզմի համար եւ շատ ավելի էժան: Այնպես որ, այն երկրները, որոնք մեզ նման մեծաթիվ աղքատ բնակչություն ունեն, կարող են լավ բուժում ստանալ:

-Ի՞նչ կցանկանայիք ասել հայ հեռուստադիտողին, ի՞նչ խորհուրդ կտայիք հայերին որպես բժիշկ:
-Ես գիտեմ, որ Հայաստանը բավականին կրթված երկիր է, մարդիկ լավն են, ինչպես դուք բոլորդ, շատ հաճելի էր ձեզ հետ ծանոթանալը: Եվ դուք պետք է որ լավ բժշկական կրթօջախներ ունենաք, եթե այդքան հնդիկ ուսանող է գալիս ձեզ մոտ սովորելու: Եվ դա շատ լավ է: Բայց ես նկատել եմ, որ ձեր շրջապատում գտնվող երկրներում առողջապահական կենտրոններն այնքան էլ լավ զարգացած, հագեցած չեն, մնացել են խորհրդային ժամանակներից: Խորհրդային մեթոդաբանությունը լավն էր, սակայն առաջատար չէր: Եվ ես կցանկանայի հայ ժողովրդին ասել, որ մենք շատ կուզենայինք հարաբերություններ ստեղծել գիտության, բժշկության բնագավառում, կատարել փորձի փոխանակում: Եթե մենք ինչ-որ բանում կարողանանք օգնել այնտեղ ինչ-որ բաներ կառուցելու, ցանկացողներին այստեղ բերելու, մեզ մոտ պրակտիկա անցնելու համար, մենք շատ ուրախ կլինենք նրանց ընդունել, քանի որ մենք հսկայական բնակչություն ունենք, մեծ կլինիկական նյութ կա շատ արագ սովորելու համար: Այնպես որ, մեծ ուրախությամբ նրանց կընդունենք:
  Նաիրա Մկրտչյան
Հարցազրույցն իրականացվել է
"Հնդկաստան. հեռու եւ մոտ" ծրագրի շրջանակում
23.05.2011


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2025
       
    23.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: