ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունն անիրատեսական է

Սիրիական հակամարտությունն ու դրա հետևանքով առաջացած միգրացիոն ճգնաժամը ԵՄ-ի համար մի շարք խնդիրներ հարուցեցին, որոնք վերաբերում են ոչ միայն սոցիալական ոլորտին: Հերթական անգամ ի հայտ եկան ԵՄ անդամ երկրների միջև առկա տարաձայնություններն ու շահերի հակադրումները, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայացքները մի շարք հարցերում սկսեցին հակասել միմյանց: Դրա հետ մեկտեղ՝ ԵՄ-ն ստիպված եղավ փոխել տոնայնությունը Թուրքիայի հետ հարաբերություններում:

Թուրքիան ԵՄ-ի համար մեծացրեց իր կշիռը՝ ի հաշիվ սիրիացի փախստականներին իր մոտ պահելու և նրանց հոսքը ԵՄ կասեցնելու հնարավորության: Խնդրի հետ կապված՝ ԵՄ-ին և Թուրքիային հաջողվեց հաստատել Միգրացիոն ճգնաժամին առնչվող Գործողությունների ծրագիր:

ԵՄ-ն ցանկանում է համոզված լինել, որ Թուրքիան կապահովի անհրաժեշտ պայմանները՝ թույլ չտալու համար իր մոտ գտնվող սիրիացի միգրանտների հոսք ԵՄ, և կանի ավելին՝ վերջիններիս ընձեռելով աշխատելու հնարավորություն: Դրա դիմաց Թուրքիան բնականաբար ստացավ ֆինանսական աջակցություն և փորձեց բարձրացնել իր իմիջը՝ պահանջելով իրեն ճանաչել ապահով երկիր, արագացնել վիզաների ազատականացման և ԵՄ-ին իր անդամակցության գործընթացները:

Ինչ վերաբերում է վիզաների ազատականացմանը, բանակցություններն այս պահին վերաբերում են բացառապես գործնական այցով ԵՄ մեկնողներին: Գործընթացի առաջմղման համար Թուրքիային 72 նախապայման է առաջադրվել, որոնց կատարումն անհրաժեշտ է ազատականացման ստորագրման համար: Բացի այդ՝ դեռևս լիարժեք չի իրագործվում նաև 2014թ. հոկտեմբերին ուժի մեջ մտած Ռեադմիսիայի համաձայնագիրը, որը նույնպես կարևոր նախապայման է ազատականացման համար:

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները մեկնարկել են 2005թ.-ին, սակայն այս գործընթացն ավելի բարդ է, քան ԵՄ անդամակցության թեկնածու ցանկացած այլ երկրի պարագայում: Եվրոպան, այն էլ այսօր, պատրաստ չէ իր դռները բացել 76 միլիոնանոց մահմեդական բնակչություն ունեցող Թուրքիայի առաջ:

Եթե նույնիսկ ԵՄ-ն այսօր նպատակ ունենա որևէ կերպ Թուրքիայի «սիրտը շահելու», դա դժվար թե անդրադառնա անդամակցության գործընթացի վրա: ԵՄ-Թուրքիա բանակցային փաթեթը բաղկացած է 35 գլուխներից, որոնցից բանակցությունների համար բացվել են 14-ը, իսկ համաձայնեցվել և փակվել է միայն մեկը՝ առնչվող գիտությանը և հետազոտություններին: Գլուխներից 8-ի շուրջ բանակցություններն արգելափակված են ԵՄ խորհրդի որոշմամբ, ևս 6 գլուխների բանակցման դեմ իր վետոյի իրավունքն է կիրառել Կիպրոսը, 3-ի դեմ՝ Ֆրանսիան:

Ուստի չնայած Թուրքիան այսօր բավական մեծ կարևորություն է ձեռք բերել ԵՄ-ի համար, և նրան կարող են որոշակի զիջումներ արվել, դրանք, ամենայն հավանականությամբ, կվերաբերեն կայանալիք խորհրդարանական ընտրություններին միջազգային դիտորդների գնահատականներին, քրդերի հանդեպ վերջինիս վարած քաղաքականության վերաբերյալ արձագանքին, միգուցե որոշ չափով նաև հասարակության առանձին շերտերի համար վիզաների ազատականացման գործընթացին: Սպասել, որ ԵՄ-ն կընդունի Թուրքիային իր ընտանիք, առավել քան անիրատեսական է:

Մյուս կողմից՝ Թուրքիայի ներքաղաքական գործընթացների հանդեպ ԵՄ-ի մեղմ գնահատականները նույնպես մի շարք վտանգներ են պարունակում և դառնում են Էրդողանի կողմից բռնաճնշումների և արտաքին քաղաքականության մեջ ռազմատենչ հռետորաբանության ուժգնացման պատճառ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: