ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանի` պարզունակ թվացող խաղն իրեն արդարացրեց

Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ հարցազրույցը «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Արփինե Հովսեփյանի հետ:

- Ինչպե՞ս կգնահատեիք Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Արդյո՞ք դրանք անսպասելի էին:

- Նոյեմբերի 1-ին Թուրքիայում քաղաքական անկայունության, տնտեսական անկման, բռնությունների և ահաբեկչությունների ֆոնին կայացան խորհրդարանական արտահերթ` այս տարվա ընթացքում արդեն երկրորդ ընտրությունները: Հունիսի 7-ին կայացած նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ Արդարություն և զարգացում կուսակցությանը հաջողվեց շուրջ 10%-ով բարելավել իր արդյունքները` ստանալով ձայների շուրջ 50%-ը: Մինչդեռ հասարակական կարծիքի բոլոր հարցումները վկայում էին այն մասին, որ ԱԶԿ-ն կարող է ավելի քիչ տեղ ստանալ խորհրդարանում:

ԱԶԿ-ի ստացած 317 տեղը բավարար է առաջիկա 4 տարիներին միակուսակցական կառավարություն ձևավորելու համար, բայց պետք չէ մոռանալ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռահար նպատակն է փոխել երկրի Սահմանադրությունը և կառավարման նախագահական համակարգ մտցնել: Սրա համար ԱԶԿ-ին 367 տեղ էր պետք, թեև 330-ն էլ բավարար է հարցը հանրաքվեի դնելու համար: Սա նշանակում է, որ նոր Սահմանադրության հարցը փակված չէ, Էրդողանը դեռևս այն փոխելու հնարավորություն ունի:

Հաշվի առնելով Էրդողանի մարտավարությունը, որի միջոցով նա կարողացավ «չեզոքացնել» Թուրքիայում ավանդաբար մեծ դերակատարում ունեցող զինվորականությանը, ինչպես նաև վերահսկողություն հաստատել դատական համակարգի վրա, կարելի է վստահորեն ասել, որ առաջիկայում Էրդողանը չի վարանի սահմանադրական փոփոխությունների իրականացմանն ուղղված նոր քայլեր ձեռնարկել:

Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը հաջողվել է աննշան կերպով բարելավել իր դիրքերը` ստանալով ձայների 25,8%-ը` նախորդ 25%-ի փոխարեն: Իսկ Քրդամետ ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունը, որը հունիսին դարձավ Թուրքիայի պատմության մեջ խորհրդարան անցած առաջին քրդական ուժը, զգալի ձայներ է կորցրել: Քրդամետ կուսակցությունն այս անգամ ևս կարողացել է հաղթահարել 10%-անոց շեմը` ստանալով շուրջ 11%-ը` հունիսյան ընտրությունների մոտ 13%-ի փոխարեն: Կուսակցությունում այս արդյունքը կապում են ընտրություններին նախորդած «աննորմալ» ժամանակահատվածի հետ: Մի շարք տեղեկությունների համաձայն՝ ընտրությունների անցկացման ժամանակ բազմաթիվ խախտումներ են գրանցվել, այդ թվում նաև հաղորդագրություններ կան լայնածավալ ընտրախախտումների և արդյունքների կեղծման վերաբերյալ: 

- Որո՞նք են այն գործոնները, որ նպաստեցին ԱԶԿ-ի հաղթանակին:

- Եթե կա հաղթող, ի դեմս ԱԶԿ-ի, պետք է լինի նաև պարտվող: Այս անգամ դա Ազգային շարժում կուսակցությունն է, որի ձայները 16 տոկոսից իջել են մինչև 12%: Սա վկայում է այն մասին, որ Թուրքիայում ազգայնական կրքեր բորբոքելն ու դրանից լրացուցիչ դիվիդենտներ ստանալը դեռևս շատ ակտուալ է: Էրդողանի` առաջին հայացքից չափազանց պարզունակ թվացող քայլն իրեն արդարացրեց: ԻՊ-ի դեմ պայքարի իմիտացիայի ներքո պատերազմ սկսելով քրդերի դեմ` Էրդողանը կարողացավ իր կողմը գրավել ազգայնական զանգվածներին: Ինչպես երևում է, ազգայնական արմատներն այնքան խորն են թուրքական հասարակության ներսում, որ անգամ 100 տարի անց հնարավոր է ակտիվացնել դրանք:

Պետք չէ մոռանալ նաև կայունության գործոնի մասին: «Տվեք ինձ 400 պատգամավոր, և ես կապահովեմ խնդիրների խաղաղ լուծումը»̦ - ընտրություններից առաջ հայտարարում էր Էրդողանը: Վերջին 5 ամիսների ընթացքում երկրում պարբերաբար գրանցվող ահաբեկչություններն իրենց ազդեցությունն ունեցան մարդկանց գիտակցության վրա: Ի վերջո, ԱԶԿ-ի ստացած ավելի քան 4 միլիոն ձայները վկայում են այն մասին, որ կայունությունն ավելի առաջնային դասվեց, քան ժողովրդավարությունն ու հիմնարար ազատությունները:

Ի դեպ, Թուրքիայում կայունությունն այս պահին պետք է նաև նրա արևմտյան դաշնակիցներին: Մասնավորապես փախստականների հոսքը Եվրոպա կանգնեցնելու նպատակով Թուրքիայի աջակցությունը ստանալու համար ԵՄ-ն հետաձգեց Թուրքիայի առաջընթացի մասին իր ամենամյա զեկույցի հրապարակումը, որը զգալի քննադատություն է պարունակում Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումների մասին: Հենց այդ նույն պատճառով եվրոպական գործընկերները, աչք փակելով նախընտրական շրջանում և ընտրությունների օրը տեղ գտած խախտումների վրա, շտապեցին ընտրություններին տալ «ժողովրդավարական» որակումը:

- Ի՞նչ հետևանքներ կունենա ԱԶԿ-ի հաղթանակը:

- Ակնհայտ է, որ ԱԶԿ-ի հաղթանակն իր հետևանքներն է ունենալու Թուրքիայի ինչպես ներքին իրավիճակի, այնպես էլ արտաքին քաղաքականության վրա: Մտավախություններ կան, որ այս հաջողությունը կարող է հանգեցնել երկրում ավտորիտարիզմի էլ ավելի խորացմանը: Չի բացառվում, որ ընդդիմադիր ուժերի և լրատվամիջոցների վրա ճնշումներն ավելի կսաստկանան: Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԶԿ-ի հաջողությունը նաև կուսակցության նախագահ, երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հաղթանակն է, ով այսուհետ, հնարավոր է, չցանկանա գործել Էրդողանի ստվերում, չի բացառվում, որ ԱԶԿ-ի ներսում առկա պառակտումը կարող է ավելի խորանալ:

Եվ, վերջապես, Թուրքիան կարող է կանգնել քրդական խնդրի էլ ավելի սրացման վտանգի առջև: Երեկ երեկոյան գլխավորապես քրդաբնակ Դիարբեքիրում գրանցված բախումները, որոնց հետևանքով մեկ մարդ մահացել է, ավելի քան 20-ը` վիրավորվել, ասվածի ապացույցն են: Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ քրդերը կազմում են Թուրքիայի բնակչության 18%-ը (պաշտոնական տվյալներով՝ 10%), ընդլայնվում է նրանց ավանդական տեղակայման գոտին: Այս ժողովրդագրական փոփոխությունները ներկա իրողությունների հետ  կարող են լրջագույն մարտահրավեր դառնալ իշխանությունների համար, որոնց առջև բազմաթիվ այլ խնդիրներ կան, այդ թվում՝ տնտեսական խնդիրների հաղթահարում, սիրիական ճգնաժամ, ահաբեկչության դեմ պայքար կամ դրա իմիտացիա, միջազգային և տարածաշրջանային հարթակում երկրի հեղինակության վերականգնում և այլն:

Այս ընտրությունների արդյունքներն Էրդողանին և նրա Արդարություն և զարգացում կուսակցությանը մինչև 2019 թվականը գործելու հնարավորություն են տալիս: Սա թուրք հասարակության իսլամականացումը և նեոօսմանիզմի քաղաքականությունը շարունակելու հնարավորություն է: Էրդողանն այն մաքսիմալ կերպով կօգտագործի: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: