ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպական հարևանության քաղաքականության update. հնարավորություններն ԱլԳ ձևաչափի՝ մասնավորապես Հայաստանի համար

Քաղաքական ամփոփագիր

 

Սույն ամփոփագիրը մշակվել է 2015թ. սեպտեմբերի 30-ին անցկացված «Եվրոպական հարևանության քաղաքականության update. հնարավորություններն ԱլԳ ձևաչափի՝ մասնավորապես Հայաստանի համար» խորագրով կլոր սեղան-քննարկման ընթացքում հնչած կարծիքների հիման վրա: Քննարկմանը մասնակցել են ՀՀ գործադիր իշխանության ներկայացուցիչներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ: Կլոր սեղան-քննարկումը կազմակերպվել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն՝ հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակներում:

Քննարկման ընթացքում հնչած կարծիքներից, առաջարկներից և մտահոգություններից փաստաթղթում առանձնացվել են հատկապես այնպիսիք, որոնք կարող են ունենալ կիրառական նշանակություն՝ որոշակիորեն նպաստելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանը:


Արևելյան գործընկերության ձևաչափի մշակումից ի վեր ԱլԳ վեց երկրների հետ ԵՄ հարաբերությունները, չնայած որ կառուցված են միևնույն սկզբունքների վրա, զարգացել են տարբեր ուղիներով: Այս տարբերությունները պայմանավորված են թե՛ երկրներից յուրաքանչյուրի քաղաքականությամբ ու նպատակներով, թե՛ ԵՄ կողմից առաջ քաշվող պահանջները բավարարելու հնարավորությամբ կամ պատրաստակամությամբ: Արդյունքում այսօր ԱլԳ ներքո Վրաստանն ու Մոլդովան ստորագրել են Ասոցացման համաձայնագիրը և ԽՀԱԱՀ-ն ու անցել են դրա իրականացման նախնական փուլին, որը նախատեսվում է իրագործել նախքան համաձայնագրերի վավերացումը ԵՄ բոլոր անդամ երկրների կողմից: Ուկրաինան ստորագրել է ԱՀ/ԽՀԱԱՀ-ն, բայց Խոր և Համապարփակ Ազատ Առևտրի համաձայնագրի իրականացումը հետաձգվել է մինչև 2016թ., Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը կանգ է առել շատերի բնորոշմամբ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումից հետո, ներկայումս նախապատրաստվում են երկկողմ նոր բանակցություններ: Ադրբեջանին և Բելառուսին չի առաջարկվել բանակցել Ասոցացման համաձայնագրի շուրջ:

Միևնույն ժամանակ այս վեց երկրներից յուրաքանչյուրը տարածաշրջանում իր կարևորությունն ու նշանակությունն ունի ԵՄ-ի համար: Բացի այդ, կապված Մերձավոր Արևելքում տեղի ունեցած մի շարք հեղափոխությունների և ճգնաժամերի հետ, ԵՄ քաղաքականության վերանայման անհրաժեշտություն է առաջացել նաև Միջերկրածովյան տարածաշրջանի հետ հարաբերություններում: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ԵՄ-ի կողմից որոշում է կայացվել վերանայել, թարմացնել Եվրոպական հարևանության քաղաքականությունը, որի ներքո դեռ 2009թ.-ին ձևավորվել էր Արևելյան գործընկերության ձևաչափը: Վերանայման հիմքում դրված է առավել մեծ դիֆերենցման ու գործընկեր երկրներից յուրաքանչյուրի հետ հարաբերությունները նրա քաղաքական նպատակներին, ցանկություններին և պատրաստակամությանը համապատասխան շարունակելու սկզբունքը: Ըստ եվրահանձնակատարների հայտարարությունների՝ նախատեսվում է նաև նեղացնել գործընկերներից յուրաքանչյուրի հետ աշխատանքի ոլորտները և պարտադիր չհամարել բոլորի հետ բոլոր ոլորտներում համագործակցությունը:

ԵՀՔ վերափոխման այս գործընթացը, ինչպես նաև Արևելյան գործընկերության՝ Ռիգայում տեղի ունեցած գագաթաժողովի ժամանակ և դրանից հետո ստեղծված քաղաքական իրավիճակը մի շարք հնարավորություններ և մարտահրավերներ են ստեղծել ԱլԳ երկրներից յուրաքանչյուրի, այդ թվում նաև Հայաստանի համար:

Եվրոպական հարևանության քաղաքականության բարեփոխման որոշումն ու գործընթացն ընդհանուր առմամբ կարող են դրական կերպով անդրադառնալ Արևելյան գործընկերության քաղաքականության և ԵՄ-ի հետ այս վեց երկրների հարաբերությունների վրա՝ առավել ևս հաշվի առնելով դրանց առավել դիֆերենցման նպատակը: Այն ուղղված է գործընկեր երկրների, բոլոր դերակատարների կարծիքները և առաջարկները հավաքագրելուն, դրանք հաշվի առնելով՝ նոր քաղաքականություն մշակելուն: Դա գործընկեր երկրներից յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս ներկայացնելու իր մոտեցումները, առաջ մղելու դրանք և կողմերի համար փոխադարձ ընկալելի և շահավետ համագործակցության հիմք ստեղծելու:

Տրվող գնահատականներն ու նոր քաղաքականությունից ակնկալիքները, սակայն, նախնական բնույթ են կրում, քանի որ նորացված քաղաքականությունը Եվրահանձնաժողովի կողմից դեռևս չի հրապարակվել, և դրա մասին պատկերացում կազմելու հնարավորություն են տալիս դեռևս միայն ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն ու Եվրախորհրդարանի կողմից ընդունված համապատասխան բանաձևը:

Դրա հետ մեկտեղ՝ այս վերանայումներն ու բարեփոխումները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե մշակվեն հայտարարվող քաղաքականությանը համապատասխան գործիքներ: Հակառակ դեպքում, եթե հայտարարվեն քաղաքականության նորացված սկզբունքները, բայց անփոփոխ մնա կիրառվող գործիքակազմը, այն կշարունակի իր մեջ պահպանել առկա մարտահրավերները՝ իմիջային հարված հասցնելով ինչպես ԱլԳ քաղաքականությանը, այնպես էլ Եվրամիությանն ընդհանրապես:

Միաժամանակ, ԱլԳ երկրների մոտ պետք է առկա լինի այն ընկալումը, որ ԵՀՔ բարեփոխումից բխող հնարավորությունները որպես դեղատոմս չեն մատուցվելու գործընկեր երկրներին, դրանց իրացման և իրական քաղաքականության մեջ այդ հնարավորությունների իմպլեմենտացման հաջողությունը կախված է լինելու նաև վեց երկրներից յուրաքանչյուրի, այդ թվում Հայաստանի նախաձեռնողականությունից: Այդ գործընթացում իրենց ուրույն դերակատարությունը պետք է ունենան թե՛ պետական ինստիտուտները, թե՛ քաղաքացիական հասարակությունն ու ԶԼՄ-ները։

ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման և զարգացման ցանկության և անհրաժեշտության գիտակցման պարագայում նախաձեռնողականության պակասը չի կարող բացատրվել աշխարհաքաղաքական տարբեր զարգացումներով, այլ ուժային կենտրոնների կամ տարածաշրջանային դերակատարների մոտ «խանդի զգացողություն» առաջացնելու մտավախությամբ կամ այլ գործոններով: Հայաստանը՝ որպես ԱլԳ գործընկեր երկիր, որն իր հերթին հայտարարել է ԵՄ-ի հետ համագործակցությունը շարունակելու, բոլոր ուղղություններով բարեփոխումները զարգացնելու մտադրության մասին, պետք է հանդես գա նախաձեռնողականությամբ՝ ինչ-ինչ հարցերում նույնիսկ անկախ ԵՄ աջակցության առկայությունից: Հայաստանի և Հայաստան-Եվրամիություն համագործակցության համար կարևոր նախաձեռնությունների մշակման և արդյունավետ իրագործման պարագայում հնարավոր կլինի բանակցել ԵՄ գործընկերների հետ անհրաժեշտ աջակցություն ստանալու և գրանցված հաջողությունը զարգացնելու համար:

Հնարավոր նախաձեռնությունների շարքում կարելի է ԵՄ-ի հետ բանակցություններ սկսել Հայաստանում Եվրամիության տարածաշրջանային մի շարք գրասենյակներ հիմնելու վերաբերյալ: Դա մի կողմից կխթանի տարածաշրջանային ինտեգրացիայի խորացումն ու ռեսուրսների դիվերսիֆիկացումը, մյուս կողմից կընդլայնի Հայաստանում հասարակության տարբեր շերտերի հետ ԵՄ անմիջական համագործակցության հնարավորությունները: Այդ համատեքստում կարևոր է նաև ոչ պետական ինստիտուտների՝ Հայաստանում և տարածաշրջանում գործունեություն ծավալող եվրոպական խոշոր հիմնադրամների հետ հետևողական աշխատանք իրականացնելը: Հարկավոր է նրանց ուշադրությունը հրավիրել Հայաստանում լիարժեք գրասենյակներ հիմնելու, առավել մեծ անձնակազմի ներգրավմամբ ուսումնասիրություններ կատարելու և հասարակության տարբեր շերտերի և խմբերի հետ համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտության վրա՝ այդ թվում հաշվի առնելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն ու ինտեգրացիոն գործընթացների համադրման հաջող փորձը:

ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամության համատեքստում հնարավոր է դիտարկել նաև Հայաստանի հնարավոր նախաձեռնություններն ու դերակատարությունը ԵՄ-ԵԱՏՄ երկխոսության ներքո: Նման երկխոսության մեկնարկի պարագայում թե՛ ԵՄ անդամ երկրներում, թե՛ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում որոշակի դերակատարություն և ազդեցության հնարավոր ռեսուրս կարող է լինել հայկական Սփյուռքի ազդեցությունն ու պոտենցիալը: Այդ համատեքստում Հայաստանը կարող է նաև նախաձեռնողականություն ցուցաբերել բիզնեսի, տեխնոլոգիաների, գիտության ոլորտում կապերի խորացման ու երկխոսության խթանման հարցում:

Կարևոր է նաև պետական համակարգի և քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունը, այդ թվում՝ անհրաժեշտ նախաձեռնությունների շուրջ փոխգործակցությունն ու գաղափարների փոխանակումը: Սա ևս մեկ քայլ է՝ ուղղված հանրության իրազեկմանն ու գործընթացների թափանցիկության ապահովմանը:

Գործընթացի թափանցիկությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների կառուցման ներկայիս փուլի արդյունավետության և դրա հանդեպ հասարակության վստահության ապահովման կարևորագույն գրավականներից է: Հասարակությունը պետք է հնարավորինս ներգրավվածություն ունենա և տեղեկացված լինի ԵՄ-ի հետ բանակցությունների ողջ ընթացքին, արդյունքներին՝ մշակման փուլից մինչև իրականացում և վերահսկում: Այդ հարցում մեծ դերակատարում կարող է ունենալ ինչպես քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների, այնպես էլ առաջին հերթին փորձագետների ներգրավումը:

Գործընթացի արդյունավետության և դրա հանդեպ վստահության առումով կարևոր է նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավական նոր հիմք հանդիսացող փաստաթղթի շուրջ բանակցությունները սկսելու համար անհրաժեշտ մանդատի հաստատումը ԵՄ-ի կողմից և բանակցային գործընթացի համար ողջամիտ ժամկետների սահմանումը:

Կարևոր, անհրաժեշտ և տրամաբանական կլինի, որ այդ փաստաթուղթը, անկախ անվանումից, ներառի համագործակցության բոլոր հնարավոր ոլորտները, այդ թվում տնտեսականը:

Նպատակահարմար է դիտարկել փորձագիտական մշտական գործող ձևաչափի մշակումը, որը պետական ինստիտուտների հետ խորհրդակցությունների արդյունքներով կկարողանա մշտապես գեներացնել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խթանմանը նպաստող նոր գաղափարներ: Զուգահեռաբար այն կմշակի հանրության իրազեկման և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության քաղաքականություն՝ ապահովելով նոր գաղափարների կիրառում և հասարակության արդյունավետ իրազեկում:

Բարեփոխումների շարունակման և հետընթաց թույլ չտալու տեսակետից կարևոր է եվրոպացի գործընկերների հետ համագործակցության խորացումը, պետական համակարգի գործունեության թափանցիկության ապահովումը եվրոպացի փորձագետների, խորհրդարանականների համար, նրանց հետ խորհրդակցությունների անցկացումը:

Նմանօրինակ մեկ այլ գործիք կարող է լինել ԱլԳ երկրների համար մոնիթորինգային մեխանիզմի մշակումը՝ նույն փորձագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների ներգրավմամբ: Այն հնարավորություն կտա միևնույն չափանիշներով, անկախ նրանից, թե երկրի հետ ստորագրվե՞լ է ԱՀ-ն, թե ոչ, գնահատել ԱլԳ երկրներից յուրաքանչյուրում ընթացող բարեփոխումներն ու ԵՄ առջև իրենց ստանձնած պարտավորությունների կատարման արդյունավետությունը: Բոլոր վեց երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ և միևնույն չափորոշիչներով այս մեխանիզմի կիրառումը մի կողմից հնարավորություն կտա ձևավորելու համեմատման օբյեկտիվ եզրեր, մյուս կողմից կնպաստի ԱլԳ երկրների համագործակցությանը:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման համատեքստում հարկավոր է դիտարկել նաև Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Նոր Սահմանադրությունն իր բովանդակությամբ, նախագծի լրամշակման գործընթացի թափանցիկությամբ ու բազմակարծությամբ, վերջնական արդյունքներով ժողովրդավարացման և եվրոպական չափանիշների տեղայնացման մի շարք բաղադրիչներ է պարունակում: Եթե դրա բովանդակությունն ու ընդունման գործընթացի բոլոր փուլերը բավարարեն ժողովրդավարության չափանիշներին, սահմանադրական բարեփոխումների այս գործընթացը կարող է քայլ առաջ լինել ՀՀ ժողովրդավարացման ճանապարհին և զգալի դեր խաղալ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կլոր սեղան-քննարկումն ու քաղաքական ամփոփագիրն առաջինը չեն այս ծրագրի շրջանակներում՝ մասնակիցները նպատակահարմար են գտել անդրադարձ կատարել նախորդ քննարկումների հիման վրա հրապարակված քաղաքական ամփոփագրերում ներառված առաջարկների կյանքի կոչմանը: Նշվել է, որ առաջարկներից շատերը կիրառվում են, սակայն ցանկալի կլինի ավելացնել դրանց կիրառման ծավալներն ու տեմպերը:

Նման առաջարկների օրինակներ են ԵՄ-ՀՀ հարաբերությունների զարգացման, ընթացիկ փուլի և կողմերի նպատակների վերաբերյալ հանրության հետ առավել խորքային և հետևողական աշխատանքի իրականացումը, բարեփոխումների գործընթացի նկատմամբ քաղաքացիական հասարակության ինստիտուտների և ԶԼՄ-ների վերահսկողության և մոնիթորինգի առավել մեծ դերակատարության ապահովումը, թե՛ ՀՀ-ի, թե՛ ԵՄ-ի կողմից պատշաճ կերպով և ողջ ծավալով բոլոր նախաձեռնությունների ներկայացումը սեփական հանրություններին, արտաքին առևտրատնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիայի ապահովումը, համագործակցության դաշտում առկա գործիքների կորստի բացառումը և այլն:

Որոշ առաջարկներ դեռևս չեն իրականացվել, կամ դրանց իրականացումն առնվազն տեսանելի չէ, ուստի դրանք պահպանում են իրենց արդիականությունը: Օրինակ՝ ՀՀ-ԵՄ բանակցությունների մեկնարկի, նախապատրաստման փուլում բանակցությունների տևողությունը սահմանափակող ողջամիտ ժամկետների սահմանումը կամ դրա անհրաժեշտության մասին հայտարարությունները, Հայաստանի ներսում տնտեսական գործունեության պայմանների հարցում տարբերակված մոտեցում ցուցաբերելը, բանակցություններին աջակցելու նպատակով տնտեսագետների տարբեր խմբերի կողմից վերլուծությունների իրականացումը ԵԱՏՄ (համապատասխան գործիքներ)-ԽՀԱԱԳ համադրելիության առավելագույն հնարավորությունների, դրանց վիճահարույց դրույթների և հակասությունների մասով, եվրոպական չափորոշիչների տեղայնացման համատեքստում ՀՀ-ում մշակման փուլում գտնվող իրավական ակտերի (առաջին փուլում՝ ոչ տնտեսական) փորձագիտական վերլուծության ու համապատասխան եզրակացությունների տրամադրման ինստիտուտի ներդրումը և այլն:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ մասնակիցները նշել են, որ կարևոր է, որպեսզի եվրաինտեգրումը շարունակի լինել Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից մեկը, և կողմերը շարունակեն ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն ուղղված քայլեր ձեռնարկել:

ԵՀՔ բարեփոխման ներքո կարևոր է Արևելյան գործընկերության վերանայումն ու մոտեցումների թարմացումը, դրա ներքո դիֆերենցման սկզբունքի խորացումը և համապատասխան գործիքների ձևավորումը:

Հայաստանն իր հերթին պետք է շարունակի ինչպես հասարակական, այնպես էլ քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում պահել ԵՀՔ բարեփոխման գործընթացը: Հարկավոր է հետևել ներկայացվող առաջարկների կիրառմանն ու անհրաժեշտության դեպքում առաջարկել դրանց նորացված, բարեփոխված տարբերակները:

Այդ նպատակով նպատակահարմար է ձևավորել տարբեր ոլորտներում ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման քննարկմանը և դրանց խթանմանն ուղղված առաջարկների մշակման համար գործող մշտական ձևաչափ:

ԵՀՔ update-ի վերջնական տարբերակի հրապարակումից և դրան ծառայող գործիքների ներկայացումից հետո անհրաժեշտություն կառաջանա անցկացնելու ևս մի քանի նման կլոր սեղան-քննարկումներ՝ հնարավորություններն ու մարտահրավերները գնահատելու և առաջարկված գործիքների առավել արդյունավետ կիրառման մեխանիզմները քննարկելու նպատակով:

Փաստաթղթի բովանդակությունը չի արտացոլում Եվրոպական Միության և ոչ էլ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի՝ որպես կոնսորցիումի առաջատարի պաշտոնական տեսակետը։ Փաստաթղթում տեղ գտած տեղեկատվության և կարծիքների պատասխանատվությունն ամբողջովին կրում է(են) հեղինակ(ներ)ը։

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: