ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կայուն խորհրդարանական մեծամասնություն. եվրոպական փորձ

 

Հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ քննարկումները, ինչպես նաև մեկնարկած քարոզարշավը՝ «Արմեդիա» ՏՎԳ-ն «Հայացք» վերլուծական կենտրոնի աջակցությամբ սկսում է վերլուծական հոդվածների շարք, որոնք սահմանադրական բարեփոխումների նախագծի առանձին տարրեր կդիտարկեն եվրոպական փորձի համատեքստում:

 

Դեկտեմբերի 6-ին սպասվող Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ ավելի են ակտիվանում Սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները: Այս քննարկումներում ամենաշատ արծարծվող հարցերից մեկը սահմանադրության բարեփոխված տարբերակում Ազգային ժողովի կազմին և ընտրության կարգին վերաբերող 89-րդ հոդվածի 3-րդ կետն է, որում մասնավորապես ասվում է.

«Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե ընտրության արդյունքում կամ կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվել, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքի ձևավորում: Քաղաքական կոալիցիա կազմելու սահմանափակումները, պայմանները և կարգը սահմանվում է Ընտրական օրենսգրքով»:

Ստորև կանդրադառնանք խորհրդարանական կայուն մեծամասնության ապահովման մեխանիզմի միջազգային՝ մասնավորապես եվրոպական փորձին՝ հասկանալու համար, թե որոնք են դրա բացասական և դրական կողմերը:

Եվրոպական երկրներում խորհրդարանական կայուն մեծամասնություն ապահովելու հիմնական մեխանիզմն այսպես կոչված մեծամասնական բոնուսային համակարգ է (majority bonus system): Այս համակարգը մասնավորապես ընդունված է Հունաստանում, Իտալիայում և Սան Մարինոյում: 

Բոնուսային համակարգի տրամաբանությունը հետևյալն է. հաղթող կուսակցությունը կամ դաշինքը ստանում է ամրագրված թվով խորհրդարանական մանդատներ, որպեսզի խորհրդարանում ապահովվի վերջինիս ձայների մեծամասնությունը:

Օրինակ՝ Հունաստանի խորհրդարանում հաղթող կուսակցությունը ստանում է հավելյալ 50 տեղ: Սան Մարինոյի խորհրդարանում հաղթող կուսակցությունը կամ դաշինքը ստանում է ձայների 58 տոկոսը, իսկ բոնուսային տեղերը լրացվում են խորհրդարանում ամենաքիչ ձայներ հավաքած կուսակցությունների մանդատների հաշվին: Իտալիայում ձայների առնվազն 40 տոկոսը ստացած կուսակցությանը տրվում է մեծամասնական բոնուս: Եթե ոչ մի կուսակցություն այս շեմը չի հաղթահարում, ապա առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցության համար անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ, ինչի արդյունքում հաղթող կուսակցությունը ստանում է 340 տեղ 630-ից:

Համաձայն ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից առաջարկած ապագա ընտրական համակարգի որոշ դրույթների` ՀՀ-ում կայուն խորհրդարանական մեծամասնությունը երաշխավորելու համար որպես հիմք վերցվել է եվրոպական պրակտիկայում հայտնի Մեծամասնական բոնուսային համակարգը՝ ադապտացվելով համամասնական ընտրակարգի համար: Այդ նպատակին է ծառայում նաև այն դրույթը, որի համաձայն՝ եթե ընտրությունների արդյունքում որևէ կուսակցության չհաջողվի ստանալ ձայների մեծամասնություն, կուսակցություններին հնարավորություն է տրվելու ձևավորել նոր դաշինքներ:

Եթե այնուամենայնիվ ընտրությունների երկրորդ փուլում կուսակցություններին կրկին չհաջողվի ձևավորել դաշինք, ապա կանցկացվի ընտրությունների երրորդ փուլ, որում հաղթած կուսակցությունը կամ դաշինքը կստանա բոնուսային մանդատներ: Սակայն այդ բոնուսային մանդատները չեն լինի ընտրական շեմը հաղթահարած այլ կուսակցությունների մանդատների հաշվին: Սա է պատճառը, որ Սահմանադրության բարեփոխված տարբերակում սահմանվում է պատգամավորների մանդատի միայն նվազագույն շեմ` 101 մանդատ:

Անդրադառնալով բոնուսային համակարգի բացասական կողմերին, ոլորտի մասնագետները փաստում են, որ հնարավոր չէ տալ ընդհանրական գնահատական, քանի որ կախված այն երկրի քաղաքական համակարգի առանձնահատկություններից, որտեղ կիրառվելու է բոնուսային համակարգը, բացասական կողմերը կարող են հավասարակշռվել երկրի քաղաքական համակարգի այլ յուրահատկություններով:

Այնուամենայնիվ, առանձնացվող հիմնական դրական և բացասական կողմերը հետևյալն են:

Բացասական կողմեր

  • Մեկ քաղաքական ուժը հստակ հնարավորություն կստանա ուղղակիորեն ձևավորելու քաղաքական մենաշնորհ,
  • Կուսակցությունների մեջ չի խրախուսվի դաշինքի ձևավորումը,
  • Փոքր կուսակցությունների դերը կնվազի:

Դրական կողմեր

  • Քաղաքական համակարգը զերծ կմնա հավանական ճգնաժամերից, քանի որ կբացառվի երկիրն անորոշ ժամանակով առանց կառավարման (իշխանության) թողնելու հնարավորությունը,
  • Փոքր կուսակցությունները կունենան ավելի ամուր դաշինքներ և չեն խոչընդոտի խորհրդարանի աշխատանքը,
  • Փոքր կուսակցությունները, ընտրությունների արդյունքում հաղթահարելով սահմանված ընտրական շեմը, կարող են դաշինք կազմել մեծ կուսակցությունների հետ՝ իրենց ձայնը ավելի լսելի դարձնելով,
  • Այն կխթանի երկկուսակցական համակարգի ձևավորումը, ինչը հնարավորություն կտա խորհրդարանական երկրորդ մեծ ընդդիմադիր ուժին ստանալու ազդեցության նոր լծակներ:

Առաջին հայացքից վերը նշված դրական և բացասական կողմերը կարող են հակասական թվալ: Օրինակ, որպես բացասական կողմ՝ նշվում է այն, որ համակարգը նպաստում է քաղաքական մենաշնորհի ձևավորմանը, մյուս կողմից որպես դրական կողմ խոսվում է ընդդիմադիր քաղաքական ուժի նոր ազդեցության լծակներ ստանալու մասին: Նման անորոշության պատճառն այն է, որ այս համակարգում էական դեր են խաղում ընտրական օրենսգրքում սահմանվող արգելապատնեշները. որքա՞ն ձայն պետք է ստանա կուսակցությունը, որպեսզի կարողանա հաղթահարել նվազագույն շեմը, որքա՞ն ձայն պետք է հավաքի կուսակցությունը, որպեսզի ստանա սահմանված բոնուսային մանդատները, արդյո՞ք կա բոնուսային մանդատների սահմանված շեմ:

Օրինակ՝ Իտալիայի դեպքում Սահմանադրական դատարանը 2013 թվականին գործող ընտրական օրենքը հակասահմանադրական ճանաչեց երկու պատճառաբանությամբ. առաջին՝ օրենքը չէր սահմանում մեծամասնական բոնուս ստանալու արգելապատնեշը, և երկրորդ՝ օրենքը նախատեսում էր թեկնածուների երկար ու փակ ցուցակներ: Դատարանի որոշումից հետո ամրագրվեց կիսաբաց ընտրացուցակներով համակարգ, և սահմանվեց բոնուս ստանալու արգելապատնեշ` 340 մանդատ:

Ուստի եթե փորձենք ամփոփել, ապա պետք է փաստենք, որ առաջարկվող նոր ընտրակարգի կիրառման արդյունավետությունը հիմնականում կախված կլինի նրանից, թե որքան կլինի ընտրական նվազագույն շեմը և որքանով համակարգի տարբեր տարրեր կարտացոլեն երկրի քաղաքական իրականությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: