ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 519,28 դրամ ԱՐԾԱԹ - 261,56 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 388,89 դրամ

Թուրքիա-ԵՄ. երկար ընթացող ուղի՝ անորոշ ավարտով

Թուրքիայի արտաքին քաղաքականության առանցքային գերակայություններից մեկը դեռ շարունակում է մնալ Եվրամիությանն (ԵՄ) անդամակցությունը։ 

1999 թվականի դեկտեմբերի 10-ին Եվրախորհրդի (ԵԽ)` Հելսինկիում տեղի ունեցած գագաթաժողովում Թուրքիային Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ շնորհվելուց ի վեր, Թուրքիային այդպես էլ չհաջողվեց իրականացնել ԵՄ անդամակցության համար պարտադիր մի շարք լուրջ ու համակարգային բարեփոխումներ, որոնց շնորհիվ նա կարող էր դառնալ ԵՄ լիիրավ անդամ:

Թուրքիայում արևմտականացման գործընթացը սկսվել է դեռևս Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կառավարման ժամանակաշրջանից սկսած: Հարկ է նշել, որ Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության վրա մեծապես ազդել է Աթաթուրքի «Դեպի Արևմուտք» կոչը: Վերջինս, ցանկանալով կտրել Թուրքիան օսմանյան և իսլամական արմատներից՝ փորձում էր երկիրն ավելի մոտեցնել Արևմուտքին՝ այն դիտարկելով որպես զարգացման միակ ուղի: Չնայած այն փաստին, որ վերջինս, որոշակի արմատական փոփոխություններ իրականացնելով, մեծ հետք թողեց Թուրքիայի քաղաքական կյանքում, այնուամենայնիվ, Թուրքիան ամբողջապես արևմտականացնելն այդպես էլ մնաց անիրականանալի հեռանկար: Ներկայումս Թուրքիան համարվում է այն բացառիկ պետությունը, որը շուրջ կես դար բախելով Եվրամիության դռները, այդպես էլ չի հաջողացնում դառնալ վերջինիս լիիարավ անդամ: 

Հարկ է նշել, որ Թուրքիայի՝  Եվրոպական տնտեսական համայնքին (Եվրոպական միության) անդամակցելու դիմումը ներկայացրել է դեռ 1987թ-ի ապրիլի 14-ին, իսկ ԵՏՀ  ասոցացված անդամի կարգավճակ ունեցել է 1963 թվականից սկսած: Տասը հիմնադիր անդամներից հետո Թուրքիան մեկն էր այն առաջիններից, որը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ պետություն 1949 թվականին, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հիմնադիր անդամ 1961 թվականից, ինչպես նաև անդամակցեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) 1973 թվականին:  Իսկ  1992-ից մինչև 2011-ի ավարտը վերջինս եղել է նաև Արևմտաեվրոպական միության ասոցացված անդամ:

ԵՄ-Թուրքիա հարաբերություններն ավելի բարձր հարթություն տեղափոխվեց 1999թ. Եվրախորհրդի Հելսինկյան գագաթաժողովում, որտեղ Թուրքիային շնորհվեց Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ:  Դրան նպաստեցին Հունաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերը և 1998թ. Գերմանիայում Թուրքիայի հանդեպ բարյացակամ տրամադրված սոցիալ-դեմոկրատների իշխանության գալը։ Այս ժամանակահատվածում Հունաստանն առաջին անգամ հանեց իր առարկությունները Թուրքիայի ԵՄ-ին միանալու վերաբերյալ, իսկ  Թուրքիան, ի պատասխան այս քայլի, համաձայնեց բանակցել մասնատված Կիպրոսի խնդրի շուրջ։

2000 թվականի նոյեմբերին Եվրահանձնաժողովը (ԵՀ) պատրաստեց և 2001 թվականի մարտին հաստատեց Թուրքիայի «Անդամակցության գործընթացի ժամկետի մասին» փաստաթուղթը: Դրա արդյունքում Թուրքիան արդեն 2001 թվականի մարտին հրապարակեց «Ազգային ծրագրի ընդհանուր ռազմավարությունը» և պատրաստեց սահմանադրական բարեփոխումների 3 փաթեթ (դրանցից առաջինն ընդունվեց 2001 թվականի հոկտեմբերին, երկրորդը` 2002 թվականի մարտին, իսկ երրորդը` 2002 թվականի օգոստոսին), ինչպես նաև  փոփոխություններ իրականացրեց Քաղաքացիական օրենսգրքում:

Հարկ է նշել, որ ԵՄ- Թուրքիա հարաբերություններում նոր էջ բացվեց 2002թ-ին, երբ Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, խորհրդարանում մեծամասնություն կազմելով, հնարավորություն ստացավ մի շարք օրենսդրական բարեփոխումներ անցկացնել, ինչը Թուրքիային որոշակի չափով մոտեցրեց ԵՄ-ին: ԵՄ-ն, իր հերթին, դրան ի պատասխան հանդես եկավ Թուրքիայի հետ անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու որոշմամբ, որն էլ կայացվեց ԵՄ ղեկավարների կողմից 2004 թ.: Հարկ է նշել, որ նոր իշխանության եկած իսլամական արմատներով կուսակցության համար ԵՄ անդամակցությունը պայմանավորված էր մի շարք գործոններով:  Դրանցից առաջնայինն այն էր, որ ԵՄ-ին անդամակցության բանակցությունները կուսակցության համար ստեղծեցին ռազմական հեղաշրջման վտանգը նվազեցնելու, ինչպես նաև իսլամական կուսակցության համբավից ազատվելու հնարավորություն: ԱԶԿ-ն քաջ գիտակցում էր, որ ԵՄ-ին անդամակցելու պարագայում Թուրքիայում գրեթե կբացառվի ռազմական հեղաշրջման տարբերակը, ինչը մշտապես արդիական է եղել: Բացի այդ,  կարելի է ասել, որ ԱԶԿ-ի կողմից ԵՄ-ից պահանջվող 35 «գլուխներում» նշված մի շարք բարեփոխումների իրականացումը  պայմանավորված էր  նրանով, որ դա համընկնում էր նաև ԱԶԿ շահերին: 

Հենց այդ բարեփոխումների շնորհիվ էլ 2004 թ. դեկտեմբերին Բրյուսելում անցկացված ԵԽ համաժողովում միաձայն որոշվեց Թուրքիայի հետ բանակցություններ սկսել 2005 թվականի հոկտեմբերի 3-ին: Սակայն, սահմանված ժամկետում Թուրքիային չհաջողվեց իրականացնել ԵՄ-ի կողմից սահմանված պահանջները, բացի այդ Թուրքիայի անդամակցության հարցում ԵՄ-ում ևս չկար միասնական մոտեցում (դեմ էին արտահայտվում մասնավորապես Գերմանիան, Ֆրանսիան և Ավստրիան): Եվրամիության հետ  հարաբերությունների սառեցումն իր գագաթնակետին հասավ, երբ պաշտոնական Անկարան հրաժարվեց կատարել  Եվրամիության անդամ Կիպրոսի հանդեպ ունեցած առևտրային պարտավորությունները: 

2010 թվականին արդեն իսկ պարզ դարձավ, որ բանակցային գործընթացը հայտնվել է փակուղում, ինչի համար կային բավարար պատճառներ: Այս ժամանակ սեպտեմբերին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն Նյու Յորքում հայտարարեց, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ճանապարհին ընկած ամենամեծ արգելքներից մեկը մշակութային տարբերությունն է: Բացի այդ երկրում գոյություն չուներ փոքրամասնությունների իրավունքների, խոսքի ազատության ապահովում:

2011թ հունիսին խորհրդարանական ընտրություններից հետո ԵՄ-ի անդամակցության գործընթացը վերակենդանացնելու նպատակով Թուրքիան ստեղծեց ԵՄ հարցերով նախարարություն, որը պետք է զբաղվեր ԵՄ անդամակցության գործընթացով, ինչն էլ բարձր գնահատվեց ԵՄ-ի կողմից: ԵՄ-Թուրքիա հարաբերությունների այս «վերակենդանացումը», տարբեր մասնագետների կարծիքով պայմանավորված էր մի շարք աշխարհաքաղաքական գործոններով՝ Սիրիայից ներգաղթյալների հսկայական հոսքով, Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումներով, ինչն էլ ավելի ընդգծեց ԵՄ-ի դերը Թուրքիայի համար: Սակայն այս փուլը նշանավորվեց նաև Ֆրանսիա-Թուրքիա և Կիպրոս-Թուրքիա հարաբերությունների լարմամբ:  Ֆրանսիայի հետ հարաբերությունների վատթարացման  պատճառ հանդիսացավ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումը Ֆրանսիայի կողմից: Իսկ Կիպրոսի հետ հարաբերությունների գերլարումը տեղի ունեցավ Կիպրոսի ծովափնյա հատվածում գազի խոշոր պաշարների հայտնաբերման և դրանց շահագործման խնդիրների հետ կապված:

Աշխարհաքաղաքական գործոններով է պայմանավորված նաև Թուրքիա-ԵՄ հարաբերությունների բանակցությունների ներկայիս փուլը: Այլևս չկարողանալով կառավարել փախստականների հոսքը դեպի Եվրոպա` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու եվրոպական այլ առաջնորդներ համաձայնել են 3 միլիարդ դոլար տրամադրել Թուրքիային, մերձավորարևելյան շրջաններից եկած փախստականների հոսքը փոքր-ինչ կրճատելու նպատակով: 

Սակայն, բացի հատկացվող գումարից խոստացվել է ԵՄ անդամ պետությունների տարածքներ մտնելու համար Թուրքիայի քաղաքացիներին տրամադրել ընդլայնված վիզա, ինչպես նաև նոր թափով վերսկսել ԵՄ անդամակցության հարցում փակուղում գտնվող բանակցությունները:

Սակայն այս ամենի կողքին հատկանշական է նաև Եվրամիության կողմից հրապարակված ամենամյա զեկույցը: Կարելի է ասել, որ այս տարվա զեկույցի առանցքային կետերը գրեթե չեն տարբերվում նախորդ տարիներին հրապարակված զեկույցների կետերից, քանի որ այստեղ կրկին խոսք է գնում իշխող կուսակցության կողմից ժողովրդավարական արժեքների, փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման և խոսքի ազատության ու այլ առանցքային սկզբունքների սահմանափակման մասին: Ինչ վերաբերում է քաղաքական հարցերին, ապա այստեղ բարեփոխումների տեմպերը դանդաղեցված են, իսկ որոշ առանցքային օրենսդրական կարգավորումներ դեմ են եվրոպական չափանիշներին:

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Թուրքիան դեռևս չի հասունացել ԵՄ-ի անդամ երկիր դառնալու համար: Հաշվի առնելով միայն երկրի ներքաղաքական կյանքի անկայունությունը, ազգայնամոլական տրամադրվածությունները, «քաղաքացի» և «թուրք» եզրույթները նույնացնելով՝  փոքրամասնությունների նկատմամբ ցուցաբերած անհանդուրժողականությունը, հարևանների հետ ունեցած խնդիրները՝ հարկ է նշել, որ  ԵՄ-ին անդամակցելու հարցում Թուրքիան շատ դժվարին ու երկարատև ճանապարհ ունի անցնելու, ինչը քաջ հայտնի է նաև ԵՄ անդամ պետություններին: Կարելի է ասել, որ մյուս կողմից ԵՄ-ն նաև քաջ գիտակցում է այն հանգամանքը, որ Թուրքիայի եվրաանդամակցությունն առաջ է քաշում մի շարք մարտահրավերներ, քանի որ անդամակցության դեպքում այդ երկիրն իր բնակչության քանակի շնորհիվ կստանա ամենաշատ ձայները ԵՄ Խորհրդարանում, որն էլ կհանգեցնի որոշ ԵՄ առանցքային դերակատարների ազդեցիկ դիրքի թուլացմանը Միության որոշումների կայացման հարցում…  

 

 

 

 

 

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 50%
Քամի՝ 5 կմ/ժ
0 C°
 
   
21.11.2019
   
22.11.2019
Հարցում

Կո՞ղմ եք ՀՀ վարչապետի առաջարկած բանաձևին, ըստ որի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի համար։