ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նամակ Ցուկերբերգին. Փարիզի դեպքերը ֆեյսբուքյան բանավեճերի պատճառ

«Սիրելի՛ Մարկ Ցուկերբերգ, ես կցանկանայի ֆեյսբուքն ինձ հնարավորություն ընձեռեր փոփոխել գլխավոր նկարս հետևյալ դրոշների գույներով՝ Լիբանանի դրոշի գույներով, որտեղ ընդամենն օրեր առաջ պայթյուններից 45 հոգի զոհվեց ու վիրավորվեց, Սիրիայի դրոշի գույներով, որտեղ այս հինգ տարվա ընթացքում անթիվ-անհամար զոհեր են եղել, Քենյայի դրոշի գույներով, որտեղ այս տարվա ապրիլին մոտ 150 ուսանող կրկին ահաբեկչության զոհ դարձավ հենց համալսարանի շենքում, ինչպես նաև Նիգերիայի, Կոնգոյի, Պակիստանի, Պաղեստինի և այլ տարբեր երկրիների դրոշների գույներով, որտեղ հազարավոր անմեղ կյանքեր են զոհ գնում ահաբեկչությանն ու քաղաքական խժդժություններին», - ահա այսպիսի մի նամակ է գրել Ֆեյսբուք սոցիալական կայքի երիտասարդ հիմնադրին աֆրիկաբնակ մի օգտատեր, ով վրդովվել է այն բանից հետո, երբ Փարիզում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հաջորդ օրն իսկ Ցուկերբերգն իր նկարի օրինակով առաջարկել է մյուս բոլոր ֆեյսբուքյան օգտատերերին սատարել Ֆրանսիային՝ երկրի դրոշը նկարին «փակցնելով»:

«Ֆեյսբուքն ունի մեկուկես միլիարդ օգտատեր ողջ աշխարհով մեկ, սակայն միայն կարեկցանք է ցուցաբերում այն ժամանակ, երբ Արևմուտքի սպիտակամորթ բնակիչներին է ինչ-որ բան պատահում», - մեկ այլ օգտատեր էլ զայրացել է Ֆեյսբուքի վրա՝ դրոշ փոխելու հնարավորությունն այդպիսով ռասիզմ ու խտրականություն համարելով:

Մեկ ուրիշն էլ խստորեն դատապարտել է ողջ ֆեյսբուքյան հասարակությանն այն բանի պատճառով, որ նրանք չեն ցավում ու վշտակցում այն մարդկանց համար, ովքեր ամբողջ կյանքի ընթացքում են նմանատիպ տառապանքներով անցնում, ամեն օր արյուն ու քրտինք թափում «երրորդ կարգի» երկրներում, իսկ ահա «բարձրաշխարհիկ ֆրանսիացիները, երբ իրենց զվարճանքի պահին՝ ռեստորանում կամ համերգասրահում անսպասելի մահվան են հանդիպում, դա փաստորեն ամբողջ աշխարհն է ցնցում»:

Հիմնական քննադատություններն ուղղված սոցցանցերի օգտատերերին վերաբերում էին նրան, որ վերջիններս սիրում են վիշտը շոուի վերածել և անհեթեթ ու արհեստական ֆլեշմոբեր պատրաստել: Իսկ անձամբ Մարկ Ցուկերբերգին անգամ մեղադրել են այն բանի մեջ, որ նմանատիպ ակցիաներ կազմակերպելու շնորհիվ նա ինչ-ինչ ֆինանսական շահ է հետապնդում և կողմնակի եկամուտներ ձեռք բերում:

Ինչևէ, այս ամենի կողքով անտարբեր չի անցել հայ հասարակությունը ևս: Ֆեյսբուքահայերը, բացի Սիրիան ու Լիբանանը պարբերաբար հիշատակելուց և համեմատելուց, նաև չափազանց բորբոքված էին այն փաստից, որ փարիզյան դեպքերից ընդամենը մեկ օր առաջ երկու հայ երիտասարդ զինծառայող էր զոհվել սահմանին՝ թշնամու արձակած գնդակից, իսկ դրա անդրադարձը լրատվամիջոցներում այդքան բուռն ու լայնամասշտաբ չէր եղել, ինչպես Ֆրանսիայի ահաբեկչություններինը: Ուստի վիրավորված հայերն իրենց սեփական դրոշն էին «տեղադրում» գլխավոր նկարին՝ այդպիսով կարծես հակաակցիա կազմակերպելով ֆեյսբուքում:

Այնուամենայնիվ, ֆեյսբուքահայերից մեկն էլ այս ամենի ֆոնին արդարև նշել էր, որ հարցը ո՛չ ցուցամոլության մեջ է, ո՛չ կեղծ ու շինծու կարեկցանքի, ո՛չ էլ առավել ևս ապարտեիդի կամ կողմնակալության: «Խնդիրը մեդիապատկերի մեջ է», - նշել էր օգտատերը, - «Եթե Աստված մի արասցե միևնույն բանը տևական ժամանակ Փարիզում կատարվի, ինչպես դա արդեն քանի տարի է Սիրիայում է կատարվում, ապա շարքային ընթերցողի աչքն արդեն դրան էլ կսովորի և կսկսի վերաբերվել որպես հերթական վիճակագրության, ոչ՛ ավելին»: Բայց քանի որ Ֆրանսիայում նմանատիպ իրադարձություններն իրոք ցնցող էին հասարակության համար, ի տարբերություն Մերձավոր Արևելքում տիրող մշտական հեղհեղուկ վիճակի, ուստի և եղավ այս ամբողջ իրարանցումն ու քաոսը, այսպես ասած՝ ներցանցային խուճապը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: