ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2015-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ամփոփում)

2015 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը տոնեց իր անկախության 24-րդ տարեդարձը: Արդեն շուրջ 24 տարի հայկական երկրորդ հանրապետության իշխանությունը և ժողովուրդը միահամուռ ջանքերով շարունակում են առաջ գնալ բարեփոխումների ճանապարհով` էլ ավելի ամրացնելով անվտանգ և ժողովրդավար երկիրը:

Ստորև կանդրադառնանք 2015 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցած հիմնական ներքաղաքական զարգացումներին` մասնավորապես խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև իրականացված սոցիալական, կրթական մի շարք խոշոր ծրագրերի:

2015 թվականի մայիսի 3-ին տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վեցերորդ խորհրդարանական ընտրություններով դրվեց հայկական երկրորդ հանրապետության ժողովրդավարական հիմքերը ամրապնդող հերթական հիմնարար սյունը: 2015 թվականի խորհրդարանական ընտրությունները տարբերվեցին հետևյալ հիմնական հատկանիշներով.

1. Ի տարբերություն 2010-ի խորհրդարանական ընտրությունների՝ 2015-ի խորհրդարանական ընտրություններին արցախցիների մասնակցության տոկոսն ավելի բարձր էր 70.6 (2010 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցության տոկոսը եղել է 67.8),

2. Համաձայն ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների` այս տարի կայացած խորհրդարանական ընտրություններին նաև կրկնապատկվել էր թեկնածուների թիվը` 184 քաղաքացիներ, որոնցից 41-ը՝ կանայք:

3. Ընտրություններին մասնակցող 7 կուսակցություններից առնվազն 5-ը հանդես եկան ընդդիմադիր դիրքերից։ Այդ կուսակցություններից 3-ը երիտասարդ քաղաքական ուժեր էին, և որոնցից 2-ը տեղեր ստացան Ազգային ժողովում։ Ի հավելումն՝ կարելի է ընդգծել, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, բացառությամբ ՀՅԴ-ի, որը համահայկական քաղաքական կուսակցություն է, բացառապես տեղական կուսակցություններ են:

4. Ընտրություններին մասնակցում էր մոտ 100 միջազգային դիտորդ շուրջ երեք տասնյակ երկրից: Միջազգային դիտորդները ևս փաստեցին, որ ԼՂՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները անցկացվել են միջազգային չափանիշներին համապատասխան: Օրինակ՝ ԼՂՀ ընտրություններին որպես դիտորդ մասնակցած Եվրոպական խորհրդարանում «Արցախ» խմբի նախագահ Ֆրանկ Էնգելի ղեկավարած պատվիրակության զեկույցում նշվում է. «Այս ընտրություններին մասնակցել են ընտրողների շուրջ 71%-ը, ինչն ավելի բարձր ցուցանիշ է, քան ԵՄ մի շարք երկրների ընտրողների մասնակցության ցուցանիշը։ Ընտրական գործընթացների որակը փաստում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարության սկզբունքներին և ապացուցում ԼՂՀ ինստիտուտների օրինականությունը»:

5. Եվ որ ամենակարևորն է 2015-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում նախկինում կիսապրոֆեսիոնալ հիմունքներով գործող խորհրդարանի փոխարեն ձևավորվեց որակապես նոր` պրոֆեսիոնալ խորհրդարան:

Խորհրդարանական ընտրություններից զատ՝ ներքաղաքական զարգացումների շարքում կարելի է առանձնացնել կրթական ոլորտում առկա ձեռքբերումները: 2015 թվականին ԼՂՀ-ում բացվեցին մի շարք կարևոր կրթական հաստատություններ: Ապրիլին Շուշիում տեղի ունեցավ «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի բացման արարողությունը. կենտրոն, որը անկասկած կնպաստի ԼՂՀ տեղեկատվական ոլորտի առաջընթացին` գործնական կապեր հաստատելով տեղական, հայաստանյան ու արտասահմանյան առաջատար ընկերությունների հետ:

Արդեն սեպտեմբերին կրկին Շուշիում տեղի ունեցավ «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի» Ստեփանակերտի մասնաճյուղի նոր շենքի բացման արարողությունը: Նոր մասնաճյուղի գործարկմանը զուգահեռ Արցախում գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով հեռանկարում ծրագիր կա Հադրութի շրջանում՝ Արաքսի հովտում կառուցելու Ագրարային համալսարանի ուսումնափորձնական տնտեսություն, որտեղ կանցկացվեն գործնական պարապմունքներ:

«Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարանը» 2015 թվականին Շուշիում գործարկված թվով 3-րդ կրթական հաստատությունն էր: Ուսումնարանը, որն արդեն ունի մոտ 70 աշակերտ ԼՂՀ բոլոր շրջաններից և Սյունիքից, գործում է երկակի համակարգով՝ ուսուցման գործընթացում ընդգրկելով կրթական հաստատությունը և շինարարական ընկերությունները, իսկ դասավանդումը կազմակերպվում է Ֆրանսիայում վերապատրաստված հայազգի և հրավիրյալ ֆրանսիացի դասախոսների կողմից:

2015 սեպտեմբերին այս անգամ արդեն Ստեփանակերտում բացվեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որտեղ կարող են անվճար ուսում ստանալ 12-18 տարեկան 500-1000 արցախցի երեխաներ։ Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում արցախցի երիտասարդները կստանան 21-րդ դարին բնորոշ այնպիսի հմտություններ, ինչպիսիք են 3D մոդելավորումը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը և այլն:

2015-ին խոշոր էին ձեռքբերումները նաև տնտեսական ոլորտում: Թրղի գետի վրա կառուցվեց և գործարկվեց «Թրղի-3»՝ 5 մեգավատ հզորությամբ փոքր ՀԷԿ-ը, որը դարձավ հերթական ձեռքբերումը Արցախի էներգետիկ ինքնաբավության աստիճանը բարձրացնելու ճանապարհին: Մատաղիսում հիմնադրված սև խավիարի արտադրամասում նույնպես ակտիվ շարունակում էին աշխատանքները, տեղադրվեց առաջին ձկնկիթը, և, ինչպես արտադրամասում են փաստում, մոտ 3 տարի անց վաճառքի կհանվեն ձկան, իսկ 5 տարի հետո` սև խավիարի առաջին խմբաքանակները

 ԼՂՀ կառավարությունը, ինչպես ամեն տարի, 2015-ին նույնպես չէր անտեսել սոցիալական ոլորտը: Սոցիալական ծրագրերի շրջանակում գյուղական բնակավայրերում բնակվող երիտասարդ 18 ընտանիք ստացավ բնակարանաշինության համար նախատեսված 3 մլն դրամի չափով աջակցությունը: Նոյեմբերին Ներքին Ճարտարում տեղի ունեցավ բազմաբնակարան շենքերի հիմնարկեքի արարողությանը: «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» միջոցներով սպայական ընտանիքների համար կառուցվող երկու շենքերից յուրաքանչյուրը կունենա 24 բնակարան. ծրագրով նախատեսված է կառուցել նաև խաղահրապարակ, ավտոկայանատեղի և այլ ենթակառուցվածքներ:

Եթե փորձենք վերը նշվածը ամփոփել, ապա պետք է փաստել, որ 2015 թվականը Արցախի բնակիչների, ինչպես նաև Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների ջանքերի շնորհիվ բեղմնավոր տարի դարձավ հայկական երկրորդ հանրապետության համար: 2015-ին իրականացված խորհրդարանական ընտրությունները, հիմնադրված ուսումնական հաստատությունները, ինչպես նաև իրականացված սոցիալական ծրագրերը երկարաժամկետ կտրվածքում դեռևս կշարունակեն նպաստել ԼՂՀ զարգացմանը


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: