ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տոնը մարդկային շփման և հոգևոր արժեքների գնահատման պահ է

Հարցազրույց «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանի հետ 

 Ողջու'յն:  Ասացե՛ք խնդրեմ, Անու՛շ, ինչպե՞ս կարելի է Ամանորը դարձնել իրական տոն սեփական անձի և մտերիմների համար:   

Ինչպես շատ այլ ոլորտներում և իրավիճակներում, այստեղ ևս մենք հակված ենք պահպանել ձևական կողմը՝ կորցնելով բովանդակությունը: Տոներն ունեն ավանդական բնույթ հիմնականում: Բացի որոշակի ավանդույթների փոխանցումը, տոնի հիմնական իմաստը համատեղ գործունեությունն է, համատեղ նախապատրատումը տոնին, միասին այն նշելը: Այսինքն տոնը պիտի մարդկային շփման և հոգևոր արժեքների գնահատման պահ լինի: Սակայն մեր իրականության մեջ, դա ավելի շուտ վերածվել է տոնական սեղանի, հագ ու կապի, զարդարանքի մրցակցություն: Դրա մասին են վկայում բոլոր գովազդային հայտարարությունները, որոնք հատկապես սննդի, հագուստի կամ տոնից փախչելու՝ որևէ տեղ հանգստի մեկնելու մասին են: Այն դեպքում, երբ Ամանորը տոն է, որը նշում են ընտանիքի և մտերիմների հետ: Տոնածառը զարդարում են սեփական ձեռքերով և երեխաների հետ միասին, այլ ոչ դիզայների օգնությամբ, որն այդ ընթացքում մտածում է, թե ինչքան կվաստակի իր աշխատանքի դիմաց: Բնական է, կորպորատիվ միջոցառումներում այդպես կարող է արվել, բայց ընտանիքում այս բոլոր գործողությունները տոնի անփոխարինելի մասն են կազմում: Այստեղ կարևոր է ոչ թե արդյունքը, այլ ընթացքը: Կարևոր է, ոչ թե ճաշատեսակը, որը կդրվի տոնական սեղանին, այլ այն համատեղ պատրաստելու գործընթացը: Փաստորեն մենք անգամ ընտանիքի ներսում և մտերիմների հետ ունենք ցուցադրելու և մրցակցելու առիթ: 

Իսկ ի՞նչ է «հոգևոր» ասվածն իր լայն իմաստով:  Եվ ինչպե՞ս կարելի է այդ արժեքները դաստիարակել: Ի՞նչ դեր ունեն այդ հարցում դպրոցն ու մեդիան: 

Այս պարագայում ես «հոգևոր» բնորոշումն օգտագործեցի նյութականին հակադրելու իմաստով: Հոգևոր արժեքներ ասելով ես հասկանում եմ մարդու ներքին բարոյական արժեքներն ու գաղափարները, որոնք կապված են սիրո, հոգատարության, մարդկային ամենանուրբ զգացմունքների, սեփական շահը նվիրաբերելու, մտերիմներին հաճույք պատճառելու, գեղեցիկը ու բարին գնահատելու հետ: Սրանք ոչ մի կերպ չեն կարող համատեղվել մրցակցության հետ, քանի որ մրցակցությունը միշտ ենթադրում է կողմերից մեկի պարտություն: Կարծում եմ ակնհայտ է, թե տոները նշելիս մենք որքան ենք հեռացել տոնի հոգևոր իմաստից:

Մարդու արժեքային համակարգի ձևավորման վրա բնականաբար անփոխարինելի ազդեցություն են թողնում զանգվածային մեդիան և դպրոցը: Միայն հազվագյուտ դեպքերում, երբ ընտանիքը ուժեղ մեթոդներ է ունենում դաստիարակության և արժեքների, փորձի փոխանցման, կարող է մարդը համեմատաբար անկախ լինել առաջիններից, մյուս բոլոր դեպքերում, մեդիան և դպրոցը սերմանում են որոշակի արժեքներ: Այսօր մեդիան նպատակ ունի մարդկանց դարձնել սպառողներ և հասնում է իր նպատակին, իսկ այսօրվա մեր դպրոցը, ընդհանուր առմամբ, թույլ է անձի ձևավորման հարցում: Այստեղ դպրոցը շատ քիչ դերակատարում է ունենում, ցավոք: 

Իսկ ի՞նչ եք կարծում, ինչ խթանների կամ ազդակների կարիք ունի այսօր մեր հասարակությունը, որոնք կդրդեն նրան դառնալ առավել լավատես, տոկուն, ապագայի հանդեպ հավատով  լի՝ անկախ օբյեկտիվ բոլոր դժվարություններից:  

Օբյեկտիվ դժվարություններ միշտ կան, սակայն դրանք չեն միակ պատճառը հուսահատության և առարկայապաշտության: Մարդկանց ներսում գնալով նվազում է հավատը, հավատը ապագայի նկատմամբ: Նույնիսկ այն դեպքերում, երբ մարդիկ բարեկեցիկ կյանքով են ապրում, միևնույն է չեն հավատում, որ վաղը նույնն է լինելու, կամ ավելի լավ, չեն հավատում, որ իրենց ջանքերը ներդնում են բարի գործերի մեջ, չեն հավատում արդարությանը: Սա է մեզ դարձնում դժբախտ: Մեզ մի փոքր արդարություն է պետք:

Եվ երևի կկրկնվեմ, բայց մարդկանց հոգևոր սնունդ է պետք, համախմբում մեկ գաղափարի շուրջ, հոգևոր արժեք ներկայացնող գաղափարի շուրջ: Նման դեպքերում մենք դառնում են դիմացկուն, տոկուն, լավատես, օրինակ` երբ պայքարում ենք ազատության, անկախության, ազնվության ու հայրենիքի համար: Բայց այս համատարած խրախուսվող առարկայապաշտությունը հեշտությամբ շեղում է մարդկանց բուն կարիքներից, հանգեցնում է խոր դեպրեսիայի, որից մարդիկ չեն կարողանում ազատվել: Մենք այսօր ունենք առարկաների առատություն և ուրախության պակաս:

Իսկ մարդկանց կամ աճող սերնդի ներսում ինչ որ բան փոխելու համար կարծում եմ կրթությունը պիտի լինի ամենալուրջ գործոնը: Բայց անգամ կրթության մեջ մենք կրկին մրցակցում ենք և առարկայապաշտ ենք, ամենակարևորը համարում ենք գնահատականը, ատեստատը… 

Շատերն են այսօր քննադատում հասարակության արատավոր երևույթները, օրինակ՝ ցուցամոլությունը, որն առավել ցայտուն է դրսևորվում հենց տոներին: Բայց քննադատելով հանդերձ չենք կարողանում նաև ձերբազատվել դրանցից: Ո՞րն է պատճառը և ինչպե՞ս վարվել: 

Տարբերվելու համար համարձակություն է պահանջվում: Տարբերվողներին հիմնականում քննադատում են, հազվադեպ՝ գնահատում: Բոլորի նման լինելը օգնում է թաքնվել ամբոխի մեջ, չառանձնանալ: Նույնիսկ քննադատությունը արվում է բոլորից չտարբերվելու համար՝ բոլորը քննադատում են, ես էլ կքննադատեմ:  Բայց իրականում համարձակություն է պետք ապրելու այնպես, ինչպես սիրտդ է ուզում այնպիսի հասարակության մեջ, որտեղ նման լինելն է խրախուսվում: Մեր հասարակությունը չի սիրում բազմազանություն: Այդպես ավելի ապահով է: 

 Իսկ ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողին այս լուսավոր տոնի առթիվ:     

Մաղթանքներ ասելուց այնքան էլ լավ չեմ, բայց մաղթում եմ բավարարվածության և սիրված լինելու զգացում, հարազատների, ընտանիքի և սիրելիների հետ ջերմության և հոգատարության մթնոլորտ, առանց պայմանների ընդունված ու սպասված լինելու զգացում: Ի վերջո, մենք բոլորս դրա կարիքն ունենք և միայն այդ ժամանակ ենք մեզ երջանիկ զգում: Վայելե'ք տոները ձեր սիրելիների հետ ուրախ և ջերմ մթնոլորտում՝ թեկուզ համեստ սեղանի շուրջ ու հին խաղալիքներով զարդարված տոնածառի կողքին: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    04.12.2024
       
    05.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: