ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպիսի՞ն էր 2015 թվականը Թուրքիայի համար

2015 թվականը Թուրքիայի համար ներքին և արտաքին հետաքրքիր զարգացումների տարի էր, ինչը մեծապես պայմանավորված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արկածախնդիր քաղաքականությամբ: Էրդողանի ներքին քաղաքականությունը որակվեց որպես «հեղաշրջում» և իշխանության բռնապետացում, իսկ արտաքին հարաբերություններում Անկարայի մոտեցումներն ինչպես պարտությունների, այնպես էլ «կեղտոտ գործարքների» հանգեցրին: Բայց այս ամենի մասին՝ հերթով:

2015 թվականը կարևոր տարի էր Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության համար: Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում չստանալով ձայների մեծամասնությունը՝ ԱԶԿ-ն երկիրը տարավ դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ արդյունքում իսկական քաղաքական և տնտեսական ճգնաժամ առաջացնելով երկրում: Նոյեմբերի 1-ին Թուրքիայում բռնությունների և ահաբեկչությունների ֆոնին կայացան խորհրդարանական արտահերթ ընտրությունները, որոնց արդյունքում ԱԶԿ-ին հաջողվեց ստանալ ձայների շուրջ 50%-ը: Էրդողանի գերնպատակը` Սահմանադրության փոփոխությունն ու կառավարման նախագահական համակարգի հաստատումը̦ իրականացման հնարավորություն ստացավ: Ինչպես Էրդողանն է սիրում կրկնել. «Թուրքիայում համակարգի «դե ֆակտո» փոփոխություն է տեղի ունեցել, և հիմա դա պետք է ամրագրվի Սահմանադրությամբ»:

Փաստորեն, Էրդողանի՝ առաջին հայացքից չափազանց պարզունակ թվացող խաղն իրեն արդարացրեց: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի իմիտացիայի ներքո պատերազմ սկսելով քրդերի դեմ՝ Էրդողանը կարողացավ իր կողմը գրավել ազգայնական զանգվածներին՝ ապացուցելով, որ ազգայնական արմատներն այնքան խորն են թուրքական հասարակության ներսում, որ անգամ 100 տարի անց հնարավոր է ակտիվացնել դրանք: ԱԶԿ-ի հաղթանակը Էրդողանին մինչև 2019 թվականը գործելու հնարավորություն է տալիս, ինչը սպառնում է երկրում ավտորիտարիզմի էլ ավելի խորացմամբ:

2015 թվականը նշանավորվեց Թուրքիայում քրդական խնդրի լրջագույն սրմամբ: Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակի ներքո թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ ավիահարվածներ են սկսում Թուրքիայի և Իրաքի տարածքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դիրքերի վրա, բայց իրականում Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ նահանգներում «արտահերթ դրության» կամ «անվտանգության գոտու» քողի ներքո թուրքական անվտանգության ուժերը բնաջնջում են քուրդ բնակչությանը: ԶԼՄ-ները հայտնում են խաղաղ բնակչության շրջանում տասնյակ զոհերի մասին: Ընդ որում, քրդերի դեմ պայքարն աստիճանաբար էթնիկ բնույթ է ստանում:

Մեծապես տուժել է Թուրքիայի տնտեսությունը, երկրի տնտեսական անվտանգությունը լուրջ մարտահրավերների առջև է հայտնվել: Բայց Էրդողանն ապացուցում է, որ պատրաստ է ռիսկի դիմելու և բախվելու անգամ ամենավատ տնտեսական հետևանքներին, միայն թե պաշտպանի իր քաղաքական շահերը:

Միջազգային և տարածաշրջանային զարգացումները նոր մարտահրավերներ և հնարավորություններ ստեղծեցին Թուրքիայի համար: Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագիրը̦ ինչպես և ակնկալվում էր, էականորեն փոխեց աշխարհաքաղաքական իրադրությունն ինչպես Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, այնպես էլ ողջ աշխարհում` սկիզբ դնելով աշխարհի հետ Իրանի հարաբերությունների վերաձևմանը:

Իրանի ազդեցության մեծացման արդյունքում Անկարան սկսեց ավելի ագրեսիվորեն միջամտել տարածաշրջանային հակամարտություններին: Խոսքը հատկապես Սիրիայի և Իրաքի մասին է: Սիրիական ճգնաժամում Իրանի, ինչպես նաև Ռուսաստանի բացահայտ ռազմական ներգրավումը տապալում է Սիրիայի հետ սահմանին այսպես կոչված «անվտանգության գոտի» ստեղծելու թուրքական ծրագրերը՝ վերջնական անհաջողության մատնելով Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայում: Հենց «իրանական վտանգով» պայմանավորված՝ Թուրքիան զորք մտցրեց Իրաք՝ տարածաշրջանում իր վերջին լծակները փրկելու համար: Այս նույն համատեքստում է պետք դիտարկել նաև վերջին ամիսների լարվածությունը Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում: Այս նույն զարգացումների համատեքստում Թուրքիան և Իսրայելը, որոնց հարաբերութունները 2010 թվականից ճգնաժամ էին ապրում, բանակցություններ սկսեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

2015 թվականը միջազգային հանրությանը կանգնեցրեց ահաբեկչության դեմ պայքարի հրատապ խնդրի առջև: Մասնավորապես ԻՊ-ի դեմ պայքարը դարձավ այն հարթակը, որի շրջանակներում տարածաշրջանային երկրները և գերտերությունները սկսեցին կառուցել իրենց մերձավորարևելյան քաղաքականությունը: Թուրքիայի ղեկավարությունը շարունակ քայլեր է ձեռնարկում իր և միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ վճռական է տրամադրված ԻՊ-ի դեմ անզիջում պայքար մղելու հարցում: Միջազգային ուժերի կողմից ԻՊ-ի դեմ կոալիցիայի ստեղծումից հետո Թուրքիան աստիճանաբար ներգրավվեց կոալիցիայի գործողություններում: Անգամ համաձայնեց Ինջիրլիկ ավիաբազան տրամադրել ԻՊ-ի դեմ ավիահարվածներ իրականացնելու համար, այնուհետև պաշտոնապես միացավ կոալիցիայի ավիահարվածներին: Իսկ իրականում Անկարան օգտագործում է ԻՊ-ի դեմ պայքարի իմիտացիան՝ իր ներքին և արտաքին խնդիրների լուծման, ինչպես նաև ձախողումների քողարկման համար:

Այս տեսանկյունից հատկանշական է Թուրքիա-ԵՄ երկխոսության վերսկսումը: Հայտարարելով ԻՊ-ի դեմ պայքարի մասին՝ Թուրքիան արժանանում է Արևմուտքի «գովասանքին», ինչն Իրանի և Արևմուտքի միջև միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո չափազանց կարևոր է թուրքական իշխանությունների համար: Թուրքիան և Իրանը մրցակցում են տարածաշրջանային գերակայության և մուսուլմանական աշխարհի առաջնորդության համար, հետևաբար ԻՊ-ի հարցում արևմտյան քաղաքականությանը հետևելը զգալի դիվիդենտներ է բերում Թուրքիային՝ միաժամանակ թույլ տալով շարունակել զինված գործողությունները քրդերի դեմ:

Միաժամանակ գլխավորապես մերձավորարևելյան հակամարտությունների հետևանքով Եվրոպայի առջև ծառացած միգրացիոն ճգնաժամը ստիպեց ԵՄ-ին վերսկսել երկխոսությունը Թուրքիայի հետ: Հենց փախստականների հոսքը Եվրոպա կասեցնելու համար ժողովրդավարական արժեքներ քարոզող Եվրոպան աչք փակեց Էրդողանի կողմից Թուրքիայի հասարակության իսլամականացման, խոսքի ազատության շարունակական ոտնահարման, լրագրողների ձերբակալության, անգամ քրդերի դեմ պատերազմի վրա:

Արդյունքում կնքվեց գերմանական լրատվամիջոցների բնորոշմամբ «կեղտոտ գործարքը»: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը վերսկսելու, վիզային ռեժիմի ազատականացման և վերջապես 3 միլիարդ եվրոյի դիմաց Թուրքիան պարտավորվեց քայլեր ձեռնարկել փախստականների հոսքը կասեցնելու համար: Թուրքիայի հանդեպ եվրոպական քաղաքականությունը հերթական անգամ ապացուցեց, որ Եվրոպայի համար ժողովրդավարությունը սկսվում և ավարտվում է այնտեղ, որտեղ իր շահերն են:

Ամփոփելով նշենք, որ 2015 թվականը կարևոր տարի էր Թուրքիայի մերձավորարևելյան քաղաքականության համար: Այն ի ցույց դրեց, որ Մերձավոր Արևելքում Թուրքիայի քաղաքականությունը տապալվում է, բայց Թուրքիան իրեն հատուկ կերպով կարողացավ դիվիդենտներ շահել անգամ դրանից և ծառայեցնել դա արտաքին և ներքին մի շարք խնդիրների կարգավորմանը:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: