ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

SOCAR-ը կկորցնի՞ իր մենաշնորհային դիրքը Վրաստանում

Վերջին շրջանում բավական ակտիվ քննարկվում են Վրաստանի գազային մատակարարումների դիվերսիֆիկացման հեռանկարները, ինչպես նաև այս համատեքստում Վրաստան-Ադրբեջան հարաբերություններում նկատվող լարվածությունը:

Այն, որ Վրաստանը վճռական է տրամադրված այլընտրանքային ներկրումների հարցում և որպես հիմնական տարբերակ դիտարկում է ռուսական գազի ձեռքբերումը, ակնհայտ է: Թբիլիսիին չկարողացավ անգամ համոզել հատուկ առաքելությամբ Վրաստան ժամանակ SOCAR-ի նախագահ Ռովգան Աբդուլաևը: Չնայած կողմերը պայմանավորվեցին, որ ադրբեջանական ընկերությունը կմեծացնի գազի մատակարարման ծավալը «որքան հնարավոր է»՝ փորձելով այն  հասցնել 7 մլն մ3-ի, այնուամենայնիվ, հանդիպումից հետո Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն կրկին հայտարարեց, որ Ադրբեջանն ի վիճակի չէ ընթացիկ տարում ծածկել Վրաստանի գազային ողջ պակասորդը և գազի լուրջ ծավալներ Վրաստանը կարող է ակնկալել միայն 2019թ-ին՝ «Շահ-Դենիզ 2»-ի շահագործման արդյունքում:

Խնդիրն այն է, որ Վրաստանի գազի պահանջարկը 2012թ-ից ի վեր աճել է շուրջ 38%-ով և վերջին շրջանում գազի պակասորդը Թբիլիսին ստիպված է լրացնել ռուսական գազի հաշվին: Չնայած ադրբեջանական կողմի հավաստիացումներին, թե խնդիրն արհեստական է և SOCAR-ը լիովին կարող է բավարարել Վրաստանի գազային պակասորդը, իրականում ադրբեջանական մատակարարումների մեծացման համար առկա են տեխնիկական խնդիրներ և առանց լրացուցիչ ներդրումների խնդիրն անհնար է լուծել:

Հաշվի առնելով, որ Վրաստանում կանխատեսում են գազի սպառման կտրուկ աճ՝ պայմանավորված արդյունաբերական նոր հզորությունների ծրագրերով, ինչպես նաև այն, որ Թբիլիսին չի կարող սպասել մինչև 2019 թվականը, բավական տրամաբանական է, որ այլընտրանքային մատակարարումների ապահովման անհրաժեշտությունը պետք է տեղափոխվեր գործնական դաշտ: Այս առումով ռուսական «Գազպրոմ»-ի հետ տարվող բանակցությունները՝ կոմերցիոն գազի ձեռքբերման հետ կապված, Վրաստանի հանրային և քաղաքական որոշ շրջանակներում բավական բուռն դժգոհություն հարուցեց: Ամենայն հավանականությամբ այս հարցում Բաքվի լոբբիստները ջանք ու եռանդ չէին խնայել:

Որպես «ռազմավարական դաշնակցի դավաճանություն» պիտակված բանակցությունները, սակայն, տնտեսական առումով բավական պրագմատիկ եղան: Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն անգամ հայտարարեց, որ «Գազպրոմ»-ն առաջարկում է առավել մատչելի գազ, քան SOCAR-ը: Հատկանշական է, որ ադրբեջանցի վերլուծաբանները և որոշ վրացի լոբբիստներ մինչ այդ բավական հաջող մանիպուլյացիայի էին դիմում՝ վրացական հանրությանը ներկայացնելով, թե Ադրբեջանը բացառիկ պայմաններով է Վրաստանին գազ վաճառում և դիվերսիֆիկացման ցանկացած փորձ «թիկունքից հարված» է բարեկամ Ադրեջանին: Իրական պատկերը հետևյալն է. Վրաստանն Ադրբեջանից ստանում է հինգ տիպի գազ՝ 1. որպես տարանցիկ երկիր Վրաստանն, ըստ պայմանագրի, Ադրբեջանից կարող է տարեկան ձեռք բերել 500 մլն մ3 գազ 64 դոլարով, 2. 250 մլն մ3՝ 55 դոլարով, 3. մոտավոր 500 մլն մ3 այսպես կոչված «սոցիալական գազը», որի համար Վրաստանը վճարում է 189 դոլար, 4. անվճար գազ, որը կազմում է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով տեղափոխվող Շահ Դենիզից հանված գազի 5%-ը (մոտ 400 մլն մ3) 5. մնացած գազը, որի մեծ մասն օգտագործվում է արդյունաբերությունում՝ 237 դոլարով։ Եթե հաշվի առնենք, որ Վրաստանի ներկայիս գազի ծախսը կազմում է տարեկան շուրջ 2.5 մլրդ մ3 և դրա մոտ կեսը Վրաստանը ձեռք է բերում 237 դոլորով, որն, իրականում, այդքան էլ մատչելի չէ, ապա նման պայմաններում անգամ անտրամաբանական կլիներ, եթե վրացական իշխանությունները հրաժարվեին «Գազպրոմ»-ի առաջարկած առավել մատչելի կոմերցիոն գազից: Բացի այդ, ռուսական գազի ձեռքբերման դեպքում SOCAR-ը կկորցնի իր մենաշնորհային դիրքը Վրաստանում, ինչը ևս ձեռնտու է Թբիլիսիի համար:

Կարելի է ենթադրել, որ բացի վրաց-ռուսական բանակցություններից Ադրեջանի համար բավական ցավոտ է նաև Վրաստան իրանական գազի մատակարարման հեռանկարը, առավել ևս, որ այդ մատակարարումներն անցնելու են Հայաստանի տարածքով: Այս ամենի հետ կապված Իրանի Գազի արտահանման պետական ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին արդեն հայտարարել է, որ Իրանը և Վրաստանը նախնական համաձայնության են եկել Հայաստանի տարածքով տարեկան շուրջ 500 մլն մ3 գազի մատակարարումների շուրջ:

Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք եզրակացնել, որ 2016-ը զգալիորեն կփոխի Հարավային Կովկասի էներգետիկ պատկերը, ինչը չի կարող իր անդրադարձը չունենալ քաղաքական գործընթացների վրա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: