ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման հնարավոր սցենարներ

telegraph.co.uk

2015 թվականի ավարտին Թուրքիան փակեց իր պատմության ամենից լարված, ողբերգալի և արյունոտ էջերից մեկը: Ահաբեկչական ակտեր, քաղաքների պաշարում երկրի արևելյան շրջաններում, քրդերի դեմ ուղղված կոտորածներ, քաղաքացիական պատերազմ, անհիմն ձերբակալություններ, բռնատիրական կարգեր, ընտրակեղծիքներով լի ընտրություններ, ժողովրդավարական արժեքների ոտնահարումներ … ահա այսպիսին էր Թուրքիայի համար 2015 թվականը: Ի լրումն այս ամենի՝ բավական լարվեցին Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները...

 Թուրքական օդուժի կողմից ռուսական մարտական ինքնաթիռի խոցումը մղեց Ռուսաստանին ձեռնարկել պատասխան քայլեր վերջիններիս նկատմամբ: Նոյեմբերի 26-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարգադրեց 2 օրվա ընթացքում Թուրքիայի դեմ սահմանել տնտեսական պատժամիջոցներ, որոնք, մասնավորապես, վերաբերում էին տնտեսական և շինարարական ոլորտներին: Արդյունքում ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության Կալինինգրադի մարզային վարչությունը Թուրքիային վերադարձրեց մոտ 250 տոննա թռչնամիս, ինչպես նաև ավելի քան 20 տոննա մանդարին: Այսպիսի մի շարք հակաքայլերի ֆոնին` Ռուսաստանը պարտադրված  պատժամիջոցներ կիրառեց  նաև զբոսաշրջության ոլորտում՝ հորդորելով  սեփական բնակիչների խուսափել Թուրքիա մեկնելուց:  Չեն բացառվում նույնիսկ լրացուցիչ քայլերի կիրառումը նաև հետագայում:

Հատկանշական է, որ վերջին տարիներին ռուս-թուրքական հարաբերություններում նկատվում էր փոխադարձ  տնտեսական շահի վրա հիմնված հարաբերությունների զգալի ջերմացում: Չնայած քաղաքական հայացքների հակասություններին՝ Ռուսաստանն ու Թուրքիան հասել էին համագործակցության  գագաթնակետին՝ հատկապես էներգետիկ ոլորտում փորձելով ամրապնդել կապերը:

Երկու երկրների հարաբերությունները սկսվեց դեռ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախագահման տարիներին՝ մասնավորապես 2010թ.-ին,  և առավել ամրապնդվեցին Պուտինի կառավարման օրոք: Այդ ժամանակից սկսած Թուրքիայի և Ռուսաստանի միջև պարբերաբար կնքվել են բազմաթիվ պայմանագրեր, ինչպիսին է մուտքի արտոնագրի պահանջների վերացումը, Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցումը, «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը և այլն: 

Հատկանշականն այն է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը 2014-ին կազմել է 31 միլիարդ դոլար, 2015թ. առաջին 9 ամիսներին այն կազմել է 18.1 միլիարդ դոլար, որից 15 միլիարդը բաժին է հասնում Ռուսաստանից Թուրքիա արտահանմանը:

Ավելին, Թուրքիայի նախագահ Էրդողանը Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ մինչև 2023թ. երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը պետք է հասնի 100 միլիարդ դոլարի:

Սակայն, ռուս-թուրքական վերջին զարգացումները հաշվի առնելով, այս թիվն այդքան էլ իրատեսական չի կարող համարվել:

Այս մասին է փաստում նաև տարեվերջին անցկացվող ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արած այն հայտարարությունը, ըստ որի ինքն այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ոչ մի տարբերակ չի տեսնում և չի բացառում, որ Թուրքիան այս քայլերին գնացել է առանց որևէ մեկի հետ քննարկման, պարզապես ԱՄՆ-ին հաճոյանալու և ցույց տալու համար, որ Թուրքիան ևս դեմ է Սիրիայում Ռուսաստանի գործողություններին:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով Թուրքիայի վարած երկակի և անորոշ քաղաքականությունը, ներկայումս հարկ է առանձնացնել ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացումների հետևյալ սցենարները.  

Առաջին. Երկու կողմերը կպահպանեն իրենց ներկայիս դիրքերը՝ շարունակելով իրենց սուր քաղաքական հռետորաբանությունը, սակայն միևնույն ժամական զերծ կմնան իրավիճակն ավելի սրելու քաղաքականությունից: Այսպիսի սցենարը հնարավոր է միայն այն դեպքում , երբ Ռուսաստանը դադարեցնի թռիչքները թուրք-սիրիական սահմանին, իսկ Անկարան, իր հերթին, չաջակցի թուրքմեններին և կանխի Իսլամական պետության զինյալների մուտքը երկիր:

Երկրորդ. Մոսկվան կփորձի խոչընդոտել Անկարայի ռազմական ծրագրերը՝ ամրապնդելով իր ներկայությունը Սիրիայում, այդ թվում՝ ավելացնելով օդային ուժերը երկրի հյուսիսում: Այս պարագայում Ռուսաստանի ներգրավումը սիրիական հակամարտությանն էլ ավելի կմեծանա և կարող է հանգեցնել Մոսկվայի դերակատման բարձրացմանը տարածաշրջանում, որն այդքան էլ ձեռնտու չէ Թուրքիայի համար:

Երրորդ. Կողմերի մեջ կնկատվի հարաբերությունների որոշակի ջերմացում: Անկարան և Մոսկվան կհամաձայնվեն կանոնավոր շփումների՝ նպատակ ունենալով աստիճանաբար վերականգնել հարաբերություններն առնվազն ռազմական և դիվանագիտական կառույցների մակարդակով: Այս սցենարը միևնույն ժամանակ կհանգեցնի որոշ պատժամիջոցների աստիճանաբար վերացման:  

Չորրորդ. Ռուսաստանն ու Թուրքիան  վերջիվերջո կգտնեն բանակցություններ վարելու և մի շարք փոխադարձ զիջումների գնալու ուղին: Թուրքիան, օրինակ, որոշակի զիջումների կգնա տնտեսական ոլորտում՝ մասնավորապես գազի մատակարարմանն առնչով ծրագրերի շրջանակներում և կընդունի Ռուսաստանի մոտեցումը գազի գների ձևավորման վերաբերյալ, իսկ ռուսական կողմն, իր հերթին, կխոստանա նվազեցնել ռմբակոծությունների քանակը Թուրքիային սահմանամերձ սիրիական շրջաններում: Բացի այդ, նման սցենարի դեպքում անհրաժեշտ կլինի կազմակերպել Էրդողան-Պուտին բարձր մակարդակի հանդիպում, որի ժամանակ ՌԴ նախագահը կհայտարարի Թուրքիայի դեմ ուժը կորցրած ճանաչել նախկինում սահմանված բոլոր պատժամիջոցները:  

Հարկ է նշել, որ ինչպիսի ավարտ էլ ունենա ներկայիս լարվածությունը, այն բավական լուրջ դաս ծառայեց երկու կողմերի համար, ինչը չի կարող անտեսվել հարաբերությունների հետագա կառուցման գործում: Ավելին, կողմերի հակասական շահերը Հարավային Կովկասում, Սիրիայում, Ուկրաինայում միշտ կպահպանեն որոշակի կարմիր գծեր երկկողմ հարաբերություններում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: