ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր պատերազմի սովորական հերոսները

Պատմությունը կերտում են հերոսները, իսկ հերոսները հասարակ մարդիկ են: Սովորական կենսագրությունով մարդիկ, ովքեր իրենց համար կապրեին՝ աշխատելով փոքր կոլեկտիվում, կնկարեին կամ տաքսի կվարեին, հաշվետվություններ կգրեին և չէին էլ պատկերացնի անգամ, թե ինչքան հերոսություն կա իրենց մեջ, եթե չլիներ պատերազմը:

Հայկական բանակը բանակ է դարձել հենց պատերազմի ընթացքում: Զինվորներ և սպաներ նույնպես պատերազմի ընթացքում են դարձել: Սկզբում, երբ ինքնաշեն զենքով դուրս էին գալիս պաշտպանելու իրենց հայրենիքն ու ընտանիքը, ուղղակի ընկերներ էին իրենց նման կամավորների հետ: Հետագայում, երբ պատերազմը շարունակում էր իր սև գործը, ենթարկվում էին նրանց հրամաններին, ում այդ պատերազմը դարձրել էր ավելի ուժեղ, համարձակ, դիմացկուն ...

Ստեփանակերտցի հասարակ տղա Աշոտ Ղուլյանը, ով իսկապես ոսկե ձեռքեր ուներ և ոսկե սիրտ, հայտնի դարձավ Բեկոր անունով մարմնում բազմաթիվ բեկորներ ունենալու պատճառով: Նա կլիներ գործարանի լավագույն փականագործը, եթե չլիներ Ղարաբաղյան պատերազմը, որը Ղուլյանին դարձրեց Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակի առաջին վաշտի հրամանատար:

...Համեստ անձնավորություն և միևնույն ժամանակ լուրջ գիտնական Լեոնիդ Ազգալդյանը ևս, ով ղեկավարում էր Երևանի լազերային տեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտի հաշվողական մաթեմատիկայի բաժինը, ով տաղանդավոր էր ոչ միայն մաթեմատիկայի և ֆիզիկայի ասպարեզում, այլ նաև սպորտում, դժվար թե պատկերացներ, որ կդառնա անկրկնելի հրամանատար, ում շատ էին սիրում զինվորները...

Ամերիկացի Մոնթ Մելքոնյանը, ով ավարտել էր Բերկլիի համալսարանը Ասիայի պատմություն և հնէաբանություն մասնագիտությամբ և տիրապետում էր 9 լեզվի, դժվար թե պատկերացներ, որ իր կյանքը կավարտեր Ղարաբաղում, երբ որպես կամավոր եկել էր պաշտպանելու շրջափակման մեջ հայտնված իր հայրենակիցներին, ովքեր պաշտպանում են իրենց տունը՝ «մերկ» ձեռքերով կռվելով Ադրբեջանի բանակի դեմ:

Այս երեքը հազարներից ընդամենը երեքն են: Երեքն այն հազարավոր մարտիկներից, ովքեր գիտակցաբար և կամավոր ստիպված էին փոխարինել խաղաղ մասնագիտությունը ռազմական գործով՝ միաժամանակ ռազմարվեստի հմտություններ սովորելով և նրանում ստեղծագործական ուղղումներ մտցնելով: Երեքն այն հազարներից, ովքեր ցույց են տալիս ինչպես հայկական բանակի աշխարհագրությունը՝ Հայաստան, Սփյուռք, Ղարաբաղ, այնպես էլ նրա բազմազանությունը: Երեքն այն հազարներից, ովքեր ցույց տվեցին, որ ճշմարիտ գործին հավատը կարող է հրաշքներ գործել, անգամ եթե քո դիմաց հակառակորդ է, ով թվաքանակով և սպառազինությամբ մի քանի անգամ քեզ գերազանցում է:

«Մեր ամենամեծ հարստությունը մեր զինվորներն են: Ավելի մեծ հարստություն այս երկիրը չունի, և չի կարելի նրանց ուղղակիորեն զոհել մի փոքր հողակտոր ազատագրելու համար: Բոլոր նախագծերը, հարձակումները, պաշտպանությունը այնպես կառուցեք, որ զոհեր լինեն հնարավորինս քիչ: Շատ քրտինք, քիչ արյուն», - ասում էր Լեոնիդ Ազգալդյանը՝ ընդգծելով ցանկացած բանակի համար ամենակարևորը՝ «մարդկային կյանքն արժեք է»: Այսօր Լեոնիդ, Աշոտ, Մոնթե... Վարդան, Դավիթ, Արմեն... Սամվել, Մհեր, Տիգրան... զոհվել են: Նրանք մեզ հետ չեն ֆիզիկապես, սակայն այն, հանուն ինչի նրանք մահացել են, շարունակում է ապրել:

Հայ զինվորի հպարտ քայլքը շքերթին, երեխայի բարձր ծիծաղը, ղարաբաղյան գյուղում խաղաղ հայկական խոսքը, Գանձասարում զանգերի ղողանջը. այս բոլորը բոլոր նրանց կենդանի հիշատակն են, ովքեր զոհվել են մեր ապրելու հնարավորության համար: Ցավոք սրտի, հազարավոր զոհվածներ կան: Բարեբախտաբար հազարավոր հերոսներ կան: Եվ միայն նրա համար, որ մենք ունենք ձեզ, ձեր օրինակը, ձեր խոսքերը, ձեր կերպարը, մենք գիտենք. մենք ունենք պատմություն, որից պետք չէ ամաչել: Եվ այդ պատմությունն ունի ապագա: Երջանիկ ապագա, որի մասին մենք երազել ենք...

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: