ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից և Հունգարիայից Սաֆարովի գործով պարզաբանումներ է պահանջում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի և Հունգարիայի կառավարությունները ճանաչել է որպես պատասխանող կողմ արդբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Բուդապեշտում 2004 թվականին կացնահարված հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանի գործով: Այդ մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնի կայքը:

Ինչպես նշվում է ՄԻԵԴ հաղորդագրությունում, ստրասբուրգյան դատարանն ադրբեջանական և հունգարական կողմերից պահանջել է պաշտոնապես պատասխանել սպանված հայ սպայի հարազատների հայցին, որոնց շահերը եվրոպական դատարանում ներկայացնում են Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնը(Լոնդոն), «Legal Guide» հայկական ՀԿ-ն և փաստաբան Նազելի Վարդանյանը:

Ադրբեջանի և Հունգարիայի կառավարություններին գործի վերաբերյալ իրենց պաշտոնական մեկնաբանությունները ներկայացնելու համար մինչև մայիս ժամանակ է տրվել: Հայաստանի կառավարությանը ևս առաջարկվել է իր մեկնաբանությունները ներկայացնել այս առնչությամբ: 

Ըստ հաղորդագրության՝ սպանված հայ սպայի ընտանիքը պնդում է, որ Սաֆարովի ազատ արձակումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով (այն է՝ կյանքի իրավունք),14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքները: Ադրբեջանը խախտել է Գուրգեն Մարգարյանի կյանքի իրավունքը և մարդասպանի դատավճռի լիակատար իրականացումը։ Մարգարյանի հարազատները նաև շեշտում են, որ հայ սպան զոհ է դարձել ազգային ատելության հողի վրա կատարված հանցագործության, որն ավելի ուշ արդարացում է ստացել մարդասպանին ազատ արձակելու և փաստացի հերոսացնելու շնորհիվ։ Հունգարիան, իր հերթին, ինչպես ընդգծել է հայցվոր կողմը, թույլ է տվել Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին՝ առանց վերջինիցս երաշխիքներ ստանալու, որ հանցագործն այդ երկրում կրելու է իր դատավճռով սահմանված պատիժն ամբողջությամբ։ Հաղորդագրությունում նշված է, որ գանգատ է ներկայացրել նաև Հայկ Մակուչյանը, որին, ինչպես պարզել է դատարանը, ցանկացել է սպանել Սաֆարովը Բուդապեշտում նույն միջադեպի ժամանակ։

Հիշեցնենք, 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացների մասնակցող Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովը երեք տարի անց հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի։ 2012 թվականի օգոստոսի վերջին Հունգարիան արտահանձնեց մարդասպանին Ադրբեջանին, որտեղ Սաֆարովին անմիջապես ներում շնորհեցին և փաստացի հերոսացրեցին պետական մակարդակով՝ բարձրացվեց նրա ծառայողական աստիճանը, շնորհվեց բնակարան և 8 տարվա աշխատավարձը:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Սաֆարովի արտահանձման մասին որոշումը կայացրել է իմանալով, որ նա վաղ թե ուշ ազատ է արձակվելու ադրբեջանական իշխանությունների կողմից: Այս մասին նա հայտարարել է կուսակցական փակ ժողովի ժամանակ: Օրբանի խոսքերով՝ Սաֆարովի ազատ արձակումը տեղի էր ունենալու արտահանձնումից ամիսներ անց՝ վերջինիս առողջական վիճակի վրա հղվելով: Օրբանը նաև նշել է, որ ինքը հստակ գիտակցել է ադրբեջանական իշխանությունների հետ այս գործարքի հետևանքները, սակայն դա անհրաժեշտ է եղել երկրի բյուջեի համար նոր վարկեր ապահովելու համար:

 

 

  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    9 C°
     
    22°  10° 
    16.05.2024
    21°   
    17.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: