ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ես շատ հպարտ եմ սահել Հայաստանի անունից. Թինա Կարապետյան (ԲԱՑԱՌԻԿ)

armnoc.am

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց կանադահայ գեղասահորդուհի Թինա Կարապետյանի հետ, ով Սիմոն Սենեկալի հետ «Bavarian Open» հեղինակավոր մրցաշարում նվաճել է արծաթե մեդալ: 

 

-Ի՞նչ զգացողություններ ունեիք, երբ ձեր զույգը «Bavarian Open» հեղինակավոր մրցաշարում արծաթե մեդալակիր հայտարարվեց:

- Մենք ակնհայտորեն շատ ուրախ էինք, սակայն այն փաստը, որ ստացել ենք նվազագույն հաշիվն աշխարհի առաջնությունում կարճ պարի համար նույնպես շատ ոգևորիչ էր: Իրականում երկու ծրագրերի միջև ընկած գիշերը ես ինձ շատ վատ էին զգում, ջերմություն ունեի: Ես առավոտյան նույնիսկ պատրաստվելու համար անկողնուց բարձրանալու ուժ չունեի: Իմ վիճակը չափազանց վատ էր մրցելու պատրաստվող մարզիկի համար, ուստի վստահ չէին, որ կկարողանամ կատարել ազատ ծրագիրը: Բարեբախտաբար, իմ մարզիչի, մայրիկի և զուգընկերոջ օգնությամբ ես կարողացա դուրս գալ սահադաշտ և ստանալ մեր զույգի համար ամենաբարձր արդյունքը: Եվս մեկ ձեռքբերում, որով ես շատ հպարտ եմ: Սթրեսային և դժվար շաբաթ էր, սակայն նման ավարտը արժեր այդ ամենը: Մենք շատ գոհ էինք արդյունքից և այս ընթացքում մեր երկրորդ համատեղ մեդալի համար: 

- Երբ Ձեզ առաջարկեցին հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, ինչպիսի՞ն էր Ձեր առաջին արձագանքը: Հայաստանը միջազգային մրցաշարում ներկայացնելու Ձեր որոշումն ինչ-որ բան փոխե՞լ է Ձեր կյանքում և որպես հայի Ձեր զգացողություններում:

-Ես շատ հուզված էի և ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել իմ երկիրը: Հայաստանի գրությամբ մարզաշապիկը ցույց տալն իմ ամենասիրած բաներից է: Ես շատ հպարտ եմ սահել Հայաստանի անունից: Դա միայն ինձ ավելի մոտ է դարձնում իմ արմատներին և ստիպում է ինձ գիտակցել, թե ինչքան երջանիկ եմ հայ լինելու համար: 

- Որքանով տեղյակ եմ, Դուք վերջերս այցելել եք Հայաստան: Ինչպիսի՞ն էր Ձեր տպավորությունը:

- Այո՛, այս ամառ ընտանիքիս հետ Համահայկական խաղերի ժամանակ այցելել եմ Հայաստան: Իսկապես ամենալավ զգացողությունն է քայլել Հայաստանում՝ ամենուր տեսնելով դրոշներ, այն ամենը, ինչ ես սովորել եմ դպրոցում, հայերեն գրություններով ցուցանակներ և խանութներ, մարդկանց, ովքեր խոսում են իմ լեզվով: Ես իսկապես ինձ տանն էին զգում: Ես այնքան ուրախ եմ ասել, որ այցելել եմ իմ երկիր: Դա պատիվ էր:

- Ինչպե՞ս է Ձեր զուգընկերն ընտրվել, և հե՞շտ է նրա հետ աշխատելը:

- Նախորդ տարի միջազգային մրցաշարերում պատանիների տարիքային խմբում Հայաստանը ներկայացնում էի Ալեքսանդր Լալիբերտի հետ զույգով: Մենք աշխարհի պատանեկան առաջնությունում զբաղեցրել ենք 16-րդ հորիզոնականը և շատ գոհ էինք մեր ձեռքբերմամբ: Դժբախտաբար, մենք հաղորդակցության և աշխատանքային խնդիրներ ունեինք ու որոշեցինք, որ 2015 թվականի մարտի այդ մեծ իրադարձությունից հետո բաժանվենք: Իմ մարզիչները, ինչպես նաև ես գիտեինք, որ Սիմոնի հետ մենք հրաշալի զույգ կդառնանք: Նա նույնպես բաժանվել էր իր զուգընկերուհուց: Մենք մարզվում էինք նույն մարզիչների մոտ, նույն սառցադաշտում: Մենք բավականին լավ ընկերներ էինք մինչ միասին մարզվելը, այնպես որ, երբ սկսեցինք միասին մարզվել, շատ հեշտ էր նոր իրավիճակին հարմարվելը:

Նրա հետ աշխատելը երբեմն կարող է շատ դժվար լինել, քանի որ մենք երկուսս էլ շատ համառ ենք, սակայն մենք միշտ զվարճանում ենք և ցանկացած դժվարություն միասին ենք հաղթահարում: Իմ բախտը բերել է նման բարի, ուրախ, աշխատասեր, հասկացող, հոգատար և, իհարկե, գերազանց սահող զուգընկեր ունենալու հարցում: Մենք շատ ուրախ ենք միասին սահելու համար, հատկապես այս մրցաշրջանում մեր հրաշալի արդյունքից հետո, ինչը նաև անհավանական է՝ հաշվի առնելով, որ մենք նոր զույգ ենք, և ես առաջին տարին եմ այս տարիքային խմբում հանդես գալիս:

- Ինչպե՞ս կգնահատեք Ձեր զույգի հնարավորությունները Բոսթոնում կայանալիք Աշխարհի առաջնությունում:

 - Մենք անպայման օգտագործելու ենք առաջիկա մի քանի շաբաթները՝ մեր ծրագիրը և դրա տարրերը կատարելագործելու համար: Մենք ջանասիրաբար կաշխատենք Աշխարհի առաջնությունում՝ հնարավոր ամեն բան անելու համար: Մենք գիտենք, որ աշխարհի առաջատար թիմերն են մեզ հետ լինելու, և դա շատ ոգևորիչ է: Իրականում եվրոպականի նման մենք պետք է որակավորում ստանանք կարճ ծրագրում՝ ազատի անցնելու համար: Նրանք վերցնում են միայն 20 լավագույն զույգերին: Մենք եվրոպականում դա արեցինք: Մենք գիտենք, որ հյուսիսամերիկյան զույգերն էլ են ավելանալու լավագույն զույգերի ցուցակին, այնպես որ հույս ունենք, որ կհայտնվենք լավագույն 20-ամյակում: Մենք, իհարկե, ամեն ինչ կանենք, և եթե չստացվի, մեծ ձեռքբերում կլինի՝ մրցել Աշխարհի առաջնությունում: Ուստի ցանկացած դեպքում մենք հպարտ կլինենք այս սեզոնում մեր հրաշալի աշխատանքով:

- Ձեր ապագան առանց գեղասահքի տեսնու՞մ եք, և եթե այո, ապա ո՞ր ոլորտում:

-Ես սիրում եմ գեղասահքը: Այն զբաղեցնում է իմ սրտի և իմ կյանքի մի շատ մեծ հատվածը: Ես գիտեմ, որ դա երբևէ ամենաբարդ բանն է լինելու, սակայն իմ կարիերայի որոշակի կետում ես ստիպված եմ լինելու ինչ-որ ուրիշ բան էլ անել: Ես սովորում եմ քոլեջում՝ բիզնեսի բաժնում, և մտադիր եմ այդ ուղղությամբ շարունակել ուսումս համալսարանում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: