ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանն ընտրություններից հետո. ի՞նչ կփոխվի երկրի ներսում և նրա սահմաններից դուրս

Իրանի Իսլամական Հանրապետությունում ամփոփում են Խորհրդարանի և Իմաստունների խորհրդի ընտրությունների արդյունքները։ Ռեֆորմիստների և չափավորները ընտրություններից առաջ կոալիցիա կազմեցին և համատեղ ցուցակ ներկայացրին, որը ստացավ «Հույսի ցուցակ» անվանումը: Նրանց հիմնական մրցակիցը պահպանողականների ճամբարն էր:

Պայմանական ասած, ռեֆորմիստների ճակատը հայտարարում է իր հաղթանակի մասին. մայրաքաղաքում մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքում նրանց հաջողվեց ստանալ Թեհրանի համար նախատեսված պատգամավորական բոլոր 30 աթոռները: Ինչ վերաբերում է գյուղական շրջաններին, ապա այստեղ, ինչպես և ակնկալվում էր, ավելի ամուր էին պահպանողականների դիրքերը։ Ընդհանուր առմամբ ընտրությունների առաջին փուլի արդյունքներով Իրանի խորհրդարան անցան 80 ռեֆորմիստ և 60 անկախ թեկնածուներ, որոնց մեծ մասը չափավորներ են: Պահպանողականներին բաժին ընկավ 290 պատգամավորական աթոռներից 76-ը: Մնացած 62 տեղերի համար պայքարը կշարունակվի ընտրությունների երկրորդ փուլում (այս տվյալները դեռևս վերջնական չեն)Որպես կրոնական փոքրամասնություն` հայկական համայնքին Իրանի խորհրդարանում 2 տեղ է հատկացված: Իրանահայ թեկնածուներից ընտրվել են Կարեն Խանլարյանն ու Ժորժ Աբրահամյանը:

Ոչ պակաս կարևոր նշանակություն ունեին նաև Հոգևոր առաջնորդին ընտրող և  վերջինիս գործունեությունը վերահսկող Իմաստունների խորհրդի ընտրությունները, քանի որ այս խորհրդի անդամներն առաջիկա 8 տարվա ընթացքում կարող են նոր Հոգևոր առաջնորդ ընտրել՝ հաշվի առնելով ներկա առաջնորդ  76-ամյա Այաթոլլահ Ալի Խամենեիի առողջության մասին շրջանառվող լուրերը: Հատկանշական է, որ այս խորհրդում էապես ամրապնդվել է ռեֆորմիստների դիրքերը: Իմաստունների խորհրդի համար մայրաքաղաքին հատկացված 16 տեղերից 15-ը ևս ռեֆորմիստներինն է։ Ընդ որում, առաջին հորիզոնականում է նախագահ Հասան Ռոուհանիի աջակից և արտաքին քաղաքական հարցերում առավել ազատական հայացքներ ունեցող այաթոլլահ  Հաշեմի Ռաֆսանջանին, ում անունը շրջանառվում է որպես Իրանի հաջորդ Հոգևոր առաջնորդի հնարավոր թեկնածու։ Իմաստունների խորհրդի 88 անդամներից 52-ը ռեֆորմիստների ցուցակից են:

Իրականում դժվար է խոսել որևէ ճամբարի հաղթանակի մասին, և դրա համար մի շարք պատճառներ կան: Նախ, ռեֆորմիստներիև պահպանողականների միջև սահմանն ամենևին հստակ չէ։ Բացի այդ, ռեֆորմիստների թեկնածուների մեծ մասը Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից զրկվել է ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Հետևաբար, դժվար է միանշանակ խոսել ռեֆորմիստական և պահպանողական ճամբարների բաժանման կամ ռեֆորմիստների հաղթանակի մասին։

Ընտրությունները կարևոր նշանակություն ունեին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի համար, ով, ամենայն հավանականությամբ, մտադիր է մյուս տարի կրկին առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններին: Այս ընտրությունները որոշ առումով դիտարկվում էին որպես նրա արտաքին քաղաքական կուրսին հանրային աջակցության թեստ։ Հետևաբար, կարելի է ակնկալել, որ բարեփոխիչների ճամբարի «հաղթանակը» էապես կբարելավի Ռոհանիի դիրքերը երկրի ներսում` հնարավորություն տալով շարունակել Արևմուտքի հետ լարվածության թուլացման և երկրի ներսում տնտեսական բարեփոխումների զգուշավոր քաղաքականությունը։

Ընդհանուր առմամբ, սա դրական ազդակ է նաև մերձավորարևելյան տարածաշրջանի համար, որտեղ շիական և սուննիական ուժերի միջև պայքարը նոր թափ է ստացել: Արևմուտքի հետ լարվածության թուլացման քաղաքականությունը և դրա արդյունքում տարածաշրջանում Իրանի դիրքերի ամրապնդումը հնարավորություն կտա խուսափել հավելյալ լարվածությունից առանց այն էլ խիստ պայթյունավտանգ մերձավորարևելյան տարածաշրջանում:

Իհարկե չպետք է մոռանալ, որ Իրանը կրոնապետական կառուցվածք և փակ քաղաքական համակարգ ունեցող երկիր է, որտեղ ողջ իշխանությունն, ըստ էության, բխում է երկրի Հոգևոր առաջնորդից: Նա ուղղակի կամ անուղղակի կերպով վերահսկում է երկրի գործադիր, օրենսդիր և դատական իշխանություններն, ինչպես նաև ռազմական ուժերը: Երկրի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող բոլոր կարևոր որոշումները կայացվում են նրա համաձայնությամբ:

Հետևաբար, ակնկալել, թե նոր խորհրդարանի կամ Իմաստունների խորհրդի ձևավորումը կարող է կտրուկ փոփոխություններ մտցնել երկրի կյանքում, հատկապես արտաքին քաղաքականության մեջ, այնքան էլ իրատեսական չէ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: