ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ կտա Ուկրաինային Յացենյուկի հրաժարականը

Unian

Ուկրաինայում մոտ երկու ամիս շարունակվող քաղաքական ճգնաժամը, կարելի է ասել, հարթվում է. նախօրեին վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ վայր է դնում իր լիազորությունները: «10 րոպե վարչապետի հետ» հեռուստահաղորդման եթերում Յացենյուկը բոլորի համար անսպասելիորեն հայտարարել է, որ հրաժարվում է իր պաշտոնից: Խոսելով իր հեռանալու պատճառների մասին՝ Յացենյուկն ընդգծել է, որ երկրում քաղաքական ճգնաժամը ստեղծվել է արհեստականորեն, մեկ մարդու փոխելու ցանկությունը կուրացրել է քաղաքական գործիչներին»:

Հիշեցնենք, որ Գերագույն ռադայի պատգամավորները փետրվարի 16-ին կառավարության աշխատանքը գնահատեցին անբավարար, բայց նրա ղեկավարի պաշտոնաթողության համար քվեարկել չկարողացան: Դա հանգեցրեց կառավարող կոալիցիայի փաստական կազմալուծման: Այժմ նոր կոալիցիայի հարցը կարծես թե լուծվել է. Յացենյուկի «Ժողովրդական ճակատ» և նախագահի «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» կուսակցություններին հաջողվել է համաձայնության գալ: Միևնույն ժամանակ քաղաքական ուժերին հաջողվել է համաձայնության գալ նաև նոր վարչապետի թեկնածության շուրջ, ինչն էլ հանգեցրել է Յացենյուկի կողմից հրաժարականի մասին հայտարարելուն: Այսպես, նախատեսվում է, որ ապրիլի 12-ին կայանալիք Գերագույն Ռադայի նիստի ժամանակ կքննարկվի ռադայի ներկայիս խոսնակ Վլադիմիր Գրոյսմանի թեկնածությունը:

Նշենք, որ Յացենյուկի հրաժարականը հավանության արժանացավ Ուկրաինայի քաղաքական բոլոր ուժերի, այդ թվում՝ վերջինիս կուսակիցների կողմից: Ուկրաինայում հույս ունեն, որ այդպիսով հնարավոր կլինի հաղթահարել երկրում առկա քաղաքական ճգնաժամը: Սակայն, որոշ փորձագետներ նշում են, որ Ուկրաինայում նոր կառավարությունից արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու սպասումներ չեն կարող լինել, քանի որ նրան աջակցելու է 230 հոգանոց խորհրդարանական կոալիցան: Սակայն, մի շարք վերլուծաբաններ համաձայն չեն այս տեսակետի հետ՝ կարծելով, որ երկու կուսակցությունից բաղկացած կոալիցիան ավելի կառուցողական կլինի, քան 5 կուսակցությունից բաղկացածը, քանի որ փոքր կուսակցությունները իրականում ներքին ընդդիմություն էին հանդիսանում նախկին կոալիցիայի համար:

Սակայն, հարկ է նշել, որ Յացենյուկի հրաժարականը լուծում է Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամի միայն տեսանելի մասը: Քաղաքական ճգնաժամի կարգավորման համար անհրաժեշտ են իշխանության բեռնաթափման ուժեղ գործիքակազմ, ինչը հնարավոր կլինի արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում: «Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, ուղղակի ցավազրկող միջոց է, սակայն աշնանը վիրահատական միջամտության անհրաժեշտություն կլինի, և մեզ սպասվում են արդեն արտահերթ ընտրություններ կամ աշնանը, կամ 2017 թվականի սկզբին», - նշել է Գլոբալ ռազմավարությունների ինստիտուտի տնօրեն Վադիմ Կարասևը:

Նշենք, որ Արևմուտքի կողմից հավանության արժանացած Պորոշենկո-Յացենյուկ տանդեմին այդպես էլ չհաջողվեց առաջընթաց գրանցել ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու հարցում: Ավելին՝ վերջին շրջանում Յացենյուկը պարբերաբար հայտնվում էր քաղաքական սկանդալների կենտրոնում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: