ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանը և ապրիլյան 4-օրյա պատերազմը

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած 4-օրյա պատերազմի ավարտից հետո հաստատված հարաբերական հրադադարը հնարավորություն է տալիս հետադարձ հայացք գցել այդ օրերին մեր հարևան երկրների որդեգրած դիրքորոշումներին: Այս առումով առանձնահատուկ ուշադրություն կարելի է դարձնել մասնավորպես Վրաստանին: Ունենալով բավական սերտ գործընկերային կապեր թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, մյուս կողմից՝ ունենալով ադրբեջանական և հայկական մեծաքանակ համայնքներ` վրացական իշխանությունները, կարելի է ասել, հայտնվել էին բավական բարդ իրավիճակում: Հակամարտության էսկալացիայի շարունակությունը կամ հնարավոր ընդլայնումը նաև Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայքով Վրաստանի համար հղի էր բավական լուրջ սպառնալիքներով: Նման զարգացման բավական դիպուկ բնորոշում է տվել Վրաստանի բարեփոխումների ասոցիացիա» հասարակական կազմակերպության (GRASS) համահիմնադիր, վերլուծաբան Սերգի Կապանաձեն. «Աստված մի արասցե Ղարաբաղում սկսվի լայնամասշտաբ պատերազմ. չգիտեմ թե որ կողմը կհաղթի, բայց, ամենայն հավանականությամբ, Վրաստանը պարտված դուրս կգա»:

Այս գիտակցումը, կարծես, առկա էր նաև վրացական իշխանությունների մոտ: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների վերսկսումից հետո Վրաստանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հակամարտության խաղաղ կարգավորման կոչերով և հայտարարություններով հանդես եկան: Ապրիլի 2-ին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդես եկավ կողմերին ուղղված լարվածության նվազեցման և հակամարտության խաղաղ կարգավորման  կոչով: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին իր հերթին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին էսկալացիայի հետ կապված ապրիլի 3-ին հատուկ նիստ անցկացրեց: Նիստին ներկա էին Վրաստանի արտգործնախարարը, խորհրդարանական կոմիտեների նախագահները և ուժային նախարարները:

Հատկանշական է, որ Վրաստանը, հաշվի առնելով տարածաշրջանային մասշտաբի հնարավոր ռիսկերը, էսկալացիայի հենց սկզբից որդեգրեց չեզոք դիրքորոշում: Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին, Վրաստանի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանիձեն կապի մեջ էին գտնվում իրենց հայ և ադրբեջանցի գործընկերների հետ՝ քննարկելով հիմնախնդիրը և ստեղծված իրավիճակը: Միակ «տարօրինակ» միջադեպը թերևս այն էր, որ Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցից հետո ադրբեջանական ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, թե զրույցի ընթացքում Խիդաշելին նշել է, որ «Վրաստանը միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը», ինչի հետ կապված վրացական կողմի պաշտոնական հաղորդագրությունում որևէ տեղեկություն չկար:

Հատկանշական է, որ իրավիճակի կարգավորման, լարվածության նվազեցման նպատակով վրացական կողմից եկավ անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդության առաջարկ, սակայն, ըստ Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի, Հայաստանը և Ադրբեջանը վրացական կողմին չդիմեցին նման խնդրանքով:

Հատկանշական է, որ Վրաստանի կուսակցական դաշտում ստեղծված իրավիճակի հետ կապված չեզոքությունը խախտեց հիմնական ընդդիմադիր ուժ հանդիսացող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը: Խորհրդարանական մեծամասնության՝ «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Լևան Բերձիշվիլին հայտարարել է, որ «ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է զգուշավորություն: Մենք երբեք չենք աջակցել կողմերից որևէ մեկին և չենք նեղացրել մեր հարևաններին»: «Վրացական երազանք» կուսակցությունը հանդես եկավ նաև բավական կարևոր նախաձեռնությամբ՝  խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող հայ և ադրբեջանցի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը և Ալի Մամեդովն Արցախյան դեպքերի հետ կապված համատեղ տարածեցին, որով կոչ էին անում Վրաստանի քաղաքացիներին և մասնավորապես հայերին և ադրբեջանցիներին զերծ մնալ այնպիսի բնույթի հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են որևէ կերպ վնասել ազգային փոքրամասնությունների՝ Վրաստանի տարածքում համատեղ ապրելու ավանդույթին»:

Տվյալ հայտարարությունը բավական կարևոր էր, եթե հաշվի առնենք, որ ապրիլի 4-ին Վրաստանում ապրող մի քանի տասնյակ ադրբեջանցիներ և թուրքեր աջակցության ցույց են անցկացրել Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան առջև: Բացի այդ, Վրաստանի խորհրդարանի մեկ այլ ադրբեջանցի պատգամավոր Ազեր Սուլեյմանովն ավելի վաղ հայտարարել էր, թե իբր պատրաստվում է 150 հոգանոց զորախմբով մեկնել ադրբեջանցիներին օգնելու, ինչը բավական լուրջ քննադատության արժանացավ ինչպես հանրային շրջանակների, այնպես էլ վրացական ԶԼՄ-ների կողմից:

Ի տարբերություն Վրաստանի կուսակցությունների մեծ մասի, որոնց հայտարարություններում գերակա էր չեզոք մոտեցումը, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կուսակցության՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» հայտարարությունը զգալի ադրբեջանամետ էր ստացվել: «Մենք աջակցում ենք լարվածության նվազմանը և հակամարտության վերջնական խաղաղ կարգավորմանը: Առանցքային խնդիրը կայանում է նրանում, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի տարածքային ամբողջականության, ներքին տեղահանված անձանց և բնակչության հումանիտար կարիքները հոգալու սկզբունքների վրա»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Ինչ վերաբերում է վերլուծական դաշտին,  Վրաստանի փորձագիտական հանրույթը, պատկերացնելով Ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի հնարավոր հետևանքները ողջ տարածաշրջանի համար, հանդես էր գալիս լարվածության շուտափույթ նվազեցման, հակամարտության միայն խաղաղ միջոցներով կարգավորման և ամենակարևորը՝ Վրաստանի չեզոքության կողմից: Հատկանշական է, սակայն, որ այնուամենայնիվ որոշ վրացի փորձագետներ, ովքեր ավանդաբար իրականացնում են ադրբեջանական պատվերներ, այս անգամ ևս հանդես եկան ռազմավարական դաշնակից Ադրբեջանին հնարավոր ամեն կերպ աջակցելու կոչերով:

Համանման իրավիճակ էր առկա նաև վրացական մեդիա դաշտում: Բավական դրական կարելի է գնահատել այն, որ որոշ վրացական ԶԼՄ-ներ անգամ իրենց թղթակիցներն ունեին ԼՂՀ-ում, ովքեր «առաջին ձեռքից» էին ներկայացնում զարգացումները, իսկ տարբեր հաղորդումների շրջանակներում ներկայացվում էին թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերի մոտեցումները՝ հավասարակշռելով դրանք:  Այնուամենայնիվ, ադրբեջանական լոբբիստական մեխանիզմները ԶԼՄ-ների միջոցով ևս իրենց դրսևորեցին՝ փորձելով հակամարտությունը, ապրիլյան զարգացումները ներկայացնել ադրբեջանամետ դիրքերից:

Ինչ վերաբերում է Վրաստանի հայկական և ադրբեջանական համայնքներին, ապա հայակական համայնքի մի շարք հասարակական կազմակերպություններ իրենց աջակցությունը հայտնեցին մայր Հայաստանին և Արցախին, իսկ ադրբեջանական համայնքի հասարակական կազմակերպություններն էլ՝ Ադրբեջանին: Համայնքներում տեղի ունեցող զարգացումները գտնվում էին վրացական իշխանությունների ուշադրության կենտրոնում, քանզի հակամարտության շարունակության դեպքում կառաջանար անկանխատեսելի զարգացումների, ընդհուպ՝ բախումների հավանականություն:

Ամփոփելով վերոնշյալը՝ կարող ենք եզրակացնել, որ Վրաստանն էսկալացիայի մարման, հակամարտության խաղաղ կարգավորման թերևս ամենաշահագրգիռ երկրներից մեկն է: Լայնածավալ ռազմական էսկալացիայի վերսկսման դեպքում Վրաստանն, անուղղակիորեն ներքաշվելու է հակամարտության մեջ, և այդ գիտակցումը վրացական իշխանություններին ստիպում է հանդես գալ չեզոք դիրքերից: Հանրային մակարդակով ևս Վրաստանում առկա է անհանգստություն նոր տարածաշրջանային ապակայունացման հետ կապված, ինչն էլ իր հերթին ստիպում է փորձագիտական շրջանակներին, մամուլին վերանայել նախկինում իրենց ունեցած մոտեցումները (որոնք հիմնականում ձևավորվում էին ադրբեջանական լոբբի աջակցությամբ), գիտակցել Վրաստանի իրական շահերը և արդյունքում որդեգրել չեզոք դիրքորոշում: Հուսանք այդ սթափ գիտակցումը կպահպանվի նաև հետագայում...


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: