ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջազգային հանրության «կանաչ լույսն» Ադրբեջանին

www.osce.org

Այն կարծիքը, որ ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին սանձազերծված քառօրյա պատերազմը միջազգային հանրության անտարբերության ուղղակի հետևանք է, հնարավոր է հեշտությամբ ապացուցել, եթե փորձենք վերհիշել և ըստ ժամանակագրության դասակարգել Ադրբեջանի նախագահի ելույթներում վերջին շրջանում օգտագործված հիմնական թեզերը: Դրանց միջոցով  վերջինս կարծես փորձում էր միջազգային հանրության, և առաջին հերթին՝ միջնորդների համբերությունը հասկանալու համար, թե որքան հեռու Ադրբեջանը կարող է գնալ:

Ռազմական բյուջեն մեծացնելու հետ մեկտեղ Ադրբեջանի ղեկավարը  նաև աստիճաբար ուժգնացրեց իր ռազմական հռետորաբանությունը՝ բացահայտ սպառնալիքներ ուղղելով նախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, այնուհետև՝ Հայաստանի Հանրապետությանը: Հետո արդեն հերթը հասավ  Մինսկի խմբի համանախագահությանը, ինչը դրսևորվեց ադրբեջանական կողմի՝  Մինսկի խմբի այս տարիներին իրականացրած աշխատանքը վարկաբեկելու փորձերով: Ադրբեջանական կողմը չբավարարվեց միայն սպառնալիքներով, այլ դիմեց կոնկրետ քայլերի:  Նման քայլերի շարքում կարելի է դիտարկել վերջինիս կողմից  ագրեսիայի պարբերաբար հրահրումը սահմաններին,  երկու ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանն ուղղված առաջարկների մերժումը,   Մինսկի խմբի ձևաչափից բանակցությունները դուրս բերելու փորձերը և այլն:

Իհարկե, Ադրբեջանի նախագահ Ալիևի ելույթներում հայկական կողմերին ուղղված բացահայտ սպառնալիքների օրինակներ գտնելու համար ժամանակային առումով կարելի է ավելի հետ գնալ, սակայն իրադարձությունների զարգացման դինամիկան ցույց տալու համար պայմանականորեն դիտարկենք 2014 թվականի հուլիսի վերջը, օգոստոսի սկիզբը: Այդ ժամանակ Ադրբեջանը, հերթական անգամ խախտելով Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական դրույթներից մեկը՝ ուժի և ուժի սպառնալիքի բացառումը, սահմաններին հրահրեց ագրեսիա, ինչը մի քանի օր շարունակվող լարվածության պատճառ դարձավ և խլեց մարդկային կյանքեր:  

Ադրբեջանի նախագահը, որպես սահմաններին իր կողմից հրահրած ագրեսիայի ապացույց, օգոստոսի 7-ին իր թվիթերյան էջում կատարեց ավելի քան 60 հակահայկական գրառումներ՝ բայցահայտ պատերազմ հայտարարելով հայկական կողմերին և  սպառնալով  ծածանել ադրբեջանական  դրոշը ԼՂՀ Շուշի քաղաքում:  Ալիևի թվիթերյան այս գրառումները մեծ արձագանք ստացան միջազգային մամուլում և շրջանառվեցին, այդ թվում այնպիսի հեղինակավոր գործակալությունների կողմից, ինչպիսին են օրինակ The Independent-ը, The Guardian-ը, Al Jazeera-ն և այլն (նրանք դա մեկնաբանեցին՝ որպես նախադեպը չունեցող երևույթ, երբ երկրի նախագահն իր սոցիալական էջի միջոցով բացահայտ պատերազմ է հայտարարում մյուս երկրին): Այնուամենայինվ, միջազգային հանրությունն, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահները,  այս առնչությամբ որևէ հասցեագրված հայտարարություններ անելուց զերծ մնացին:

Արդեն 2015 թվականի Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում «Ուկրաինայից անդի. չկարգավորված հակամարտությունները Եվրոպայում» թեմայով փետրվարի 7-ին տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ, միջազգային հանրության այս անտարբերությունը թույլ տվեց Ադրբեջանի նախագահին ավելի հեռուն գնալ: Միջազգային այս հարթակում նա բացահայտ ընդունեց իր կողմից հայկական զորքերի դեմ իրականացվող ագրեսիան: Իր ելույթում Ադրբեջանի նախագահը մասնավորապես նշեց. «Ի՞նչ է անում հայ զինվորը Աղդամում: Եթե չի ուզում սպանվի, թո′ղ չգնա Աղդամ: Թո′ղ մնա Երևանում, Գյումրիում»:

Ոգևորված նրանից, որ անգամ միջազգային հարթակներում իր կողմից բացահայտ ագրեսիայի ընդունման փաստը կարող է անտեսվել միջազգային հանրության կողմից,  նույն թվականի  մարտի 20-ին Բաքվում Նովրուզի տոնակատարությունների ժամանակ Ադրբեջանի նախագահն իր ելույթում այս անգամ էլ որոշեց սպառնալ ՄԱԿ-ի և ՀԱՊԿ անդամ պետություն հանդիսացող Հայաստանի Հանրապետությանը՝ խոստանալով ոչ միայն հետ վերցնել «օկուպացված տարածքները», այլև հասնել մինչև «հնագույն ադրբեջանական հողեր»՝ Երևան, Սևան և Զանգեզուր: Իր ելույթի ժամանակ նա մասնավորապես նկատեց.

«Հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի միայն միջազգային հանրության կողմից տարածքային ամբողջականության ճանաչման ճանապարհով: Դրանից հետո մենք՝ ադրբեջանցիներս, իհարկե, կվերադարձնենք մեր հնագույն հողերը՝ և՛ Էրիվանը, և´ Գեյչան, և´ Զանգեզուրի շրջանը»:

Անգամ այս սպառնալիքն անտեսվեց: Հերթն արդեն համանախագահներինն էր: Սույն թվականի հունվարի 29-ին ադրբեջանցի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը Միսնկի խմբին մեղադրեց անգործության  մեջ և նրանց ներկայիս գործունեությունը որակեց որպես «բացարձակ անիմաստ» գործընթաց: Ալիևն ավելի հեռուն  գնաց՝ փորձելով հակամարտությանը հաղորդել կրոնական բնույթ, նշելով, որ Մինսկի խմբի կողմից Ադրբեջանի հանդեպ կրրառվող «երկակի ստանդարտների» պատճառն իրենց մուսուլման լինելու հանգամանքն է:  

Իր խոսքում ուղղված համանախագահներին Ալիևն անգամ նրանց մեղադրեց ԵԽԽՎ կողմից չընդունված Ուոլթերի բանաձևի համար՝ հետևյալ հարցադրումներով փորձելով հեգնել և վարկաբեկել նրանց.

«Ո՞ւմ տեղն են իրենք իրենց դրել: Սա նշանակում է, որ իրենք պետք է իրենց իրավունք վերապահե՞ն  ճնշում գործադրել բոլոր միջազգային կառույցների վրա: Հրամայե՞լ բոլոր միջազգային կառույցներին»:

Միսկի խմբին ուղղված նման հայտարարություններից և արհամարհական հարցադրումներից  զատ, այս ընթացքում ադրբեջանական կողմը նաև շարունակում էր բանակցային սեղանին ցուցաբերել ապակառուցողական կեցվածք: Սա առավել ակնհայտ դարձավ, երբ վերջինս  մերժեց համանախագահների՝ կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված առաջարկը, որով նախատեսվում էր սահմաններին տեղադրել հետքաննության մեխանիզմներ, որոնք թույլ կտային պարզե, թե որ կողմն է խախտել հրադադարը:

Նման անտարբերության ֆոնին Ադրբեջանի համար միանշանակ դարձավ, որ նա կարող է ավելիին գնալ, քան ակնկալում էր: Այլ կերպ ասած, միջազգային հանրության և, առաջին հերթին, միջնորդների լռությունն ադրբեջանական կողմի համար դարձավ «կանաչ լույս», ինչը հանգեցրեց քառօրյա պատերազմի, որը խլեց մարդկային կյանքեր՝ այդ թվում նաև անմեղ երեխաների և ծերերի: Սակայն անգամ այս դեպքում միջազգային հանրության արձագանքը չեղավ ադեկվատ, և միայն ԼՂՀ Պաշպանության բանակի շնորհիվ Ադրբեջանը ստացավ արժանի հակահարված, ինչի արդյունքում վերջինիս սպասումներն ու ակնկալիքները միանգամից և կտրուկ նվազեցին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: