ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարձկանների հնարավոր մասնակցությունը քառօրյա պատերազմին

Քառօրյա պատերազմի ընթացքում բավական լայն շրջանառում ստացան այն տեղեկությունները, թե ադրբեջանական կողմից ԼՂՀ սահմանի երկայնքով սկսված ռազմական գործողություններին մասնակցել են ինչպես իսլամիստ վարձկաններ, այնպես էլ թուրք ազգայնականներ: Չնայած նրան, որ դեռևս այդ լուրերը հաստատող հրապարակված հստակ ապացույցներ չկան, նման հավանականությունը բացառել ևս չենք կարող մի քանի պատճառներից ելնելով:

 Նախ`Սիրիայում իրավիճակի հարաբերական կայունացման ֆոնին, ինչպես նաև Թուրքիայից Սիրիա անցման ուղիների կրճատման պատճառով այսօր Թուրքիայում, արդեն նկատվում են իսլամիստ ծայրահեղականների, վարձկան գրոհայինների կուտակումներ, ովքեր կամ ժամանելով Թուրքիա չեն կարողանում անցնել Սիրիա, կամ հակառակը` Սիրիական բանակի հաջողությունների պատճառով ինչ-ինչ ուղիներով կարողացել են անցնել Թուրքիա: Տվյալ զանգվածն, անկախ քանակից, իր բնույթով բավական կոնֆլիկտագեն է և պոտենցիալ սպառնալիք է Թուրքիայի ներքին կայունության համար: Ուստի Թուրքիային առնվազն ձեռնտու է նոր հակամարտության օջախի ստեղծումը` հնարավորինս աշխարհագրորեն մոտ սահմաններում, որտեղ էլ կտեղափոխվեն այդ գրոհայինները:

 Ղարաբաղյան հակամարտությունն այս պահանջներին առավել քան համապատասխանում էր, և Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը լավ հնարավորություն էր ստեղծում մի կողմից աջակցել «փոքր եղբորը», մյուս կողմից՝ ազատվել այդ անցանկալի տարրերից: Հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից  փորձ է արվում Ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել նաև որպես կրոնական հակամարտություն, պայքարի գաղափարական հիմքը ևս լիովին ապահովված կարելի է համարել:

Բացի այդ, Ադրբեջանի իշխանություններին, բնականաբար, առավել գերադասելի է նավթադոլլարների հաշվին չնչին գումարներով վարձել վարձկան գրոհայինների` այդ կերպ նվազեցնելով նաև սեփական զինվորների շրջանում զոհերի քանակը (տվյալ դեպքում Բաքուն կարող է ընդհանրապես հրաժարվել սպանված գրոհայիններից): Ադրբեջանական զոհված զինվորների համեմատաբար փոքր թիվը (Ադրբեջանի դեպքում տվյալ թիվը բավական լուրջ մանիպուլյացիաների է ենթարկվում) Բաքվին հնարավորություն կտար նաև հանրությանը այն ներկայացնել որպես սեփական բանակի և տեխնիկայի հզորության արդյունք, ինչը սակայն չհաջողվեց հայկական կողմի պատասխանի պատճառով: Տվյալ տարբերակը բավական իրատեսական է դարձնում նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանն արդեն ունի  վարձկանների կիրառման փորձ. բազմաթիվ փաստերով ապացուցված է, որ Ղարաբաղյան պատերազմի տարիներին Ադրբեջանական կողմից կռվել են վարձկան մոջահեդներ, չեչեններ, ուկրաինացիներ և այլն:

 Այս տրամաբանության մեջ են տեղավորվում նաև այն լուրերը, որ ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմին կարող էին մասնակցել նաև Սիրիայում «Իսլամական պետության» շարքերում կռվող ադրբեջանցիներ: Այս թեզը ևս բավական իրատեսական է, եթե հաշվի առնենք, որ Սիրիայում ռազմական գործողություններին ներգրավված է տարբեր հաշվարկներով Ադրբեջանի առավել քան 1000 քաղաքացի: Տրամաբանական է, որ տվյալ քաղաքացիների մի մասն արդեն իսկ վերադարձել կամ պատրաստվում է վերադառնալ հայրենիք, ուստի նրանց «զբաղվածության» խնդիրը ևս պատերազմի դեպքում լուծվում է: Ըստ էության,  ադրբեջանցի իսլամիստներին որպես «թնդանոթի միս» օգտագործելն Ալիևի համար առավել ձեռնտու է, քան նրանց պատճառով երկրում իսլամական գործոնի ամրապնդման դեմ պայքարը:

 Ինչ վերաբերում է քառօրյա պատերազմին թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման ներկայացուցիչների հնարավոր մասնակցությանը, ապա տվյալ թեզը ևս ունի իրատեսականություն: Նախ`պանթուրքական գաղափարախոսության  համատեքստում Արցախը և Սյունիքը համարվում են սեպ` թյուրքական աշխարհի միավորման հարցում,  երկրորդ՝ Ադրբեջանում գործում են «Գորշ գայլեր»-ի տարածքային կառույցներ և նրանց կապը Թուրքիայի հետ բավական սերտ է, երրորդ՝ Թուրքիայում նրանց կողմից կազմակերպվել էին բազմամարդ ցույցեր՝ ի աջակցություն Ադրբեջանի, որոնք ուղեկցվում էին հակահայկական կոչերով, ՀՀ դրոշը վառելով և այլն: Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ տվյալ միության ներկայացուցիչներն առնվազն ունեին թե՛ անհրաժեշտ մոտիվացիա, թե՛ հնարավորություն մասնակցելու Արցախի դեմ պատերազմին` հանուն «թյուրքական աշխարհի միասնության»:

 Չնայած քառօրյա պատերազմին վարձկանների, իսլամիստների, թուրք ազգայնականների մասնակցության վերաբերյալ ակնհայտ փաստեր դեռևս չկան (կամ դեռ չեն հրապարակվել), այնուամենայնիվ, առավել քան ակնհայտ է, որ տվյալ խմբերն ունեն ռազմական գործողություններում ներգրավման բավական լուրջ հիմքեր, ինչը պետք է հաշվի առնել մեր ռազմավարական պլանավորման գործընթացում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: