ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը Ղարաբաղյան հակամարտության հարցում դրական չեզոքություն և միջնորդական նախաձեռնողականություն է դրսևորում

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված քառօրյա պատերազմը նոր իրադրություն հաստատեց տարածաշրջանում՝ լուրջ անհագստություն հարուցելով հարևան երկրներում: Ի տարբերություն Թուրքիայի՝ Հայաստանի հարավային հարևան Իրանը խուսափեց հակամարտող կողմերից որևէ մեկին աջակցություն հայտնելուց: Իրանից եկող բոլոր ազդակները հուշում են, որ երկրում հստակ գիտակցում են տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանությունը՝ փորձելով մեղմել հնարավոր բոլոր վտանգները և օգտվել ընձեռնվող հնարավորություններից: Նշենք, որ տնտեսական և անվտանգային տարբեր պատճառներից ելնելով՝ Իրանը շահագրգռված է տարածաշրջանում կայունության պահպանմամբ: Ի վերջո, ցանկացած լարվածության պարագայում ուժեղանալու է Իրանում ադրբեջանցիների ակտիվացման (ադրբեջանցիները թվով երկրորդ էթնիկ խումբն են Իսլամական Հանրապետությունում), տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների խափանման վտանգը: Բացի այդ, ռազմական գործողությունների ծավալման պարագայում Իրանն անխուսափելիորեն բախվելու է փախստականների հոսքի հետ: 

Իրանի դիրքորոշումն ապրիլյան լարվածության, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտությունում ընդհանրապես խարսխված է երկու առանցքային գործոնների վրա՝ դրական չեզոքություն և միջնորդական նախաձեռնողականություն: Ընդ որում, այսօր պաշտոնական Թեհրանի միջնորդական հավակնությունները տարբերվում են նախորդ տարիների նման փորձերից, ինչը մեծապես պայմանավորված է միջազգային պատժամիջոցներից ազատվելու արդյունքում ստեղծված նոր իրավիճակով: Իրանն այժմ տարածաշրջանային զարգացումներում ակտիվ ներգրավվելու հնարավություն և միջոցներ ունի:

Իրանն, ընդհանուր առմամբ, բարիդրացիական հարաբերություններ է պահպանում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Միաժամանակ պետք է փաստել, որ երկու կողմերում էլ ակնկալիքներն ու սպասումներն Իրանից ավելի մեծ են, քան իրանական կողմը դրսևորում է իր մոտեցումներում:

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆն ընդգծեց ճգնաժամի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Միաժամանակ Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարը նշեց, որ Իրանը «պատրաստ է օգնել վերականգնել խաղաղությունը Ղարաբաղում»: Նույն օրն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ընթացքում Զարիֆը հայտարարեց «Իրանի լիակատար պատրաստակամության մասին նպաստելու ճգնաժամի խաղաղ կարգավորմանը»:  

Իր հերթին, Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ առանձին հեռախոսազրույցների ժամանակ կրկին ընդգծեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ակտիվ դերակատարություն ստանձնելու Իրանի պատրաստակամությունը՝ իր մտահոգությունը հայտնելով խաղաղ բնակչության և զինծառայողների շրջանում զոհերի կապակցությամբ:

Ընդ որում, Իրանը հանդես է գալիս տարածաշրջանային գործերին արտաքին ուժերի միջամտության դեմ, հատկապես անվտանգությանն առնչվող հարցերում: Հենց այս հանգամանքով էլ մեծապես պայմանավորված են Իրանի միջնորդական հավակնությունները: Արտաքին ուժերի միջամտությունից խուսափելու Իրանի ցանկությունը պայմանավորված է նաև տարածաշրջանում իրանական ազդեցության պահպանման (հատկապես Ադրբեջանի պարագայում) անհրաժեշտությամբ:

Հատկանշական է, որ այս երկու գործոնների մասով էլ Իրանի մոտեցումը հատվում է Ռուսաստանի դիրքորոշման հետ: Սա տեղիք է տալիս ենթադրելու, որ եթե Իրանի միջնորդական նախաձեռնողականությունն էական փոփոխությունների չհանգեցնի կարգավորման գործընթացում, ապա կարելի է ակնկալել, որ Իրանի մասնակցությունն առնվազն դրսևորվելու է ղարաբաղյան հակամարտության հարցում Ռուսաստանի հետ սերտ համագործակցության միջոցով:

Պատահական չէ, որ օրեր առաջ Իրանի հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթին հայտարարեց, որ «հայ-ադրբեջանական ռազմական գործողությունները հրահրվել են արտաքին ուժերի կողմից»՝ հավելելով, որ «Իրանը Ռուսաստանի օգնությամբ կարող է տարածաշրջանում խաղաղություն հաստատել»:

Ցանկացած պարագայում անբեկանելի է այն փաստը, որ Հայաստանի համար Իրանը կարևոր և արժեքավոր գործընկեր է, մեր դարպասներից մեկն է դեպի արտաքին աշխարհ: Հայաստանը, բնականաբար, գնահատում է Իրանի բալանսավորված դիրքորոշումը և նրա պատրաստակամությունն՝ աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հայաստանում ակնկալում են, որ միջազգային մեկուսացումից դուրս եկած Իրանն իր նպաստը կբերի տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացին:

Մյուս կողմից, Իրան-Հայաստան համագործակցությունը քաղաքակրթական երկխոսության լավագույն օրինակներից է, որը հերթական անգամ ապացուցում է, որ Ղարաբաղյան հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու Ադրբեջանի և նրա դաշնակիցների փորձերը ձախողման են մատնված:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 65%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    2 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: