ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուորլիք. Այս պահին կոնկրետ պլաններ չունենք

Photolure

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը պատասխանել է Armtimes-ի իրեն ուղղած հարցերին՝ անդրադառնալով քառօրյա պատերազմից հետո Ղարաբաղյան հակամարության կարգավորման շուրջ հնարավոր զարգացումներին:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

- Պարոն Ուորլիք, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այս փուլում կարևոր է համարվում սահմանային միջադեպերի հետաքննման և վստահության ամրապնդման մյուս միջոցառումների իրականացումը և ավելացրեց, որ ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան պետք է կենտրոնանա այս խնդրի վրա: Ինչ է անում Գերմանիան ներկա պահին հայ-ադրբեջանական սահմանին հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ, ինչը, ըստ էության, բանակցությունները վերսկսելու նախապայման է հանդիսանում:

- Գերմանիան համանախագահների հետ համակարգված կերպով հղկում է այն առաջարկները, որոնք վերաբերում են շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին բռնությունների ռիսկի կրճատմանն ուղղված միջոցներին: Մենք կաշխատենք կողմերի հետ՝ ներդնելու այդ միջոցները ու հուսով ենք, որ համակողմանի կարգավորման շուրջ բանակցությունները կմեկնարկեն հնարավորինս շուտ: Եթե ուզում ենք առաջընթաց ունենալ խաղաղության հարցում, անհրաժեշտ է, որ երկու ուղղությամբ էլ աշխատանքներն ընթանան առանց նախապայմանների:

- Ո՞րն է լինելու այն փաստաթուղթը, որը պետք է հիմք դառնա բանակցություններում, եթե հաջողվի ի վեջո Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ հակամարտության բանակցությունների պատմության ընթացքում ծնված տարբեր փաստաթղթերն ի պահ են տրվել ԵԱՀԿ-ին, և միակ փաստաթուղթը, որը դեռ ի պահ տրված չէ, Կազանի փաստաթուղթն է, որին, ի դեպ, ՀՀ նախագահը հավանություն էր տվել, իսկ Ադրբեջանը՝ մերժել:

- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար հիմք կհանդիսանան մի քանի տարի բանակցային սեղանի շուրջ շրջանառված տարրերն ու սկզբունքները: Արդար ու անաչառ լուծման հիմքում կլինեն ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքները: Համակողմանի լուծումը կներառի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը ու հարակից տարածքների վերահսկողությունը Ադրբեջանին վերադարձնելը:

- Դուք կոնտակտի մեջ եք Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ղեկավարության հետ, և կա՞ն արդյոք նշաններ, որ բանակցությունները կարող են մոտ ժամանակներս վերսկսվել: Երկու երկրների ժողովուրդները մտավախություն ունեն, որ առաջիկա օրերին ռազմական լայնածավալ գործողությունները կարող են վերսկսվել:

- Մենք մշտապես կապի մեջ ենք կողմերի հետ՝ ամենաբարձր մակարդակներում՝ հորդորելու նրանց խստիվ պահպանել հրադադարը, ձեռնարկելու միջոցներ ուղղված բռնությունների ռիսկի կրճատմանը և անհապաղ ձեռնամուխ լինելու համակողմանի կարգավորման շուրջ բանակցությունների: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է հանդես բերեն քաղաքական կամք՝ կատարելու այս քայլերը:

- Ե՞րբ է պլանավորվում ձեր հաջորդ այցը հակամարտության գոտի:

- Թեպետ այս պահին կոնկրետ պլաններ չունենք, սակայն պատրաստ ենք ցանկացած պահի այցելել տարածաշրջան՝ կողմերի հետ հետագա քայլերը հստակեցնելու համար: Մեր ամենամեծ գերակայությունը տևական կարգավորման հասնելն է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: