ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չեթինօղլուն թվարկել է Թուրքիայի հայկական տարածքները, որոնք պետք է վերադարձվեն իրական ժառանգներին

www.artsakhpress.am

Դժվար է սպասել առերեսում Թուրքիայից, մի հասարակությունից, որն իր ողջ աշխարհը կառուցել է հարևանի կնոջը, աղջկան, աշխատանքն ու դաշտերը խլելու միջոցով: Շատ դժվար է հաղթահարել այն բարոյահոգեբանական վիճակը, որը ստեղծվել է 1915-ին: Այս մասին Արմենպրեսի հետ զրույցում ասել է հայտնի թուրք մտավորական Սաիթ Չեթինօղլուն` դիտարկելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունը:

Նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է կուսակցություն-բանակ-ժողովուրդ համագործակցությամբ, այդ իսկ պատճառով գործ ունենք հավաքական պատասխանատվության խնդրի հետ: «Բացի այն, որ թուրք ժողովուրդը նյութական շահ է ստացել Ցեղասպանությունից, նրանք այդ հանցանքի մեղավորներին ճանաչել են որպես ղեկավար, ինչը առանձին պատասխանատվության հարց է առաջացնում: Այս տեսանկյունից, Ցեղասպանության ճանաչումը կնշանակի երկրի հիմնադրման պարադիգմայի ոչնչացում»,- նշել է Չեթինօղլուն:

Նա անդրադարձել է այն փաստին, որ մեր օրերում Թուրքիան Ցեղասպանությունն իր սահմաններից դուրս է իրականացնում: «Թուրքիայի կողմից ԴԱԻՇ-ին տրվող օգնությունը և աջակցությունը կարելի է որակել որպես ցեղասպանությունն իր սահմանից այն կողմ տանելու գործողություն, քանի որ դրա հետևանքով այսօր սպանվում են Ցեղասպանությունից ինչ-որ կերպ փրկվածները: Ղարաբաղյան հարձակումը ևս կարող ենք դիտարկել այս տեսանկյունից:

Քեսաբ, Մալուլա, Խաբուր, Նինովա, Սինջար… Այս բոլոր վայրերում տեղի ունեցածն ու Սիրիայի մասնատումը մինչ օրս շարունակվող ցեղասպանության մյուս կողմն են: Թուրքիան հնարավորություն է ընձեռում, որ ցեղասպանությունը սահմանից այն կողմ տեղափոխվի: ԴԱԻՇ-ի արարքների դեմ աչք փակելն ու նրան աջակցելը Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, եզդիների, ոչ մուսուլման հնագույն դավանանք ունեցողների ապագան վտանգի տակ է առնում: Նրանց դեմ իրականացվող քայլերը լիովին համապատասպանում են ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի դրույթներին»,- փաստել է մտավորականը:

Խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին` Չեթինօղլուն ասել է, որ մոտ ապագայում նման հեռանկար չի տեսնում: «Քանի դեռ Ամասիայի նախկին հայկական թաղամասում, որտեղ այժմ սուլթան Սելիմի հրապարակն է, տեղի հայերին ու պոնտացի հույներին կացնով սպանած մսագործ Գաբաշ Ալիի պատկերն է կանգնեցված, Ցեղասպանության ճանաչումը մոտ ապագայի հարց համարելն անհնար է դառնում:

Սակայն այն կետից, ուր այսօր հասել է մարդկությունը, նաև անհնար է շարունակել ժխտումը: Վաղ թե ուշ ցեղասպանությունը կճանաչվի և փոխհատուցման հարցը քննարկման կդրվի»,- ընդգծել է Չեթինօղլուն` կարևորելով այս հարցում միջազգային հանրության աջակցությունը:

Նա հստակ քայլեր է առանձնացրել, որոնց շնորհիվ հնարավոր է հասնել փոխհատուցման: Մտավորականը կարծում է, որ նախքան փոխհատուցումը շատ բան կա անելու:

«Ներողությունը, ցեղասպանության հանցագործության ընդունումը, ամոթից ազատումը, ցեղասպանության հավաքական պատասխանատվության ընդունումը վերականգնման կարևոր քայլերից են: Այս տեսանկյունից ծայրաստիճան կարևոր է, որ ընտանիքներում տարբեր անձինք փորձեն հասկանալ, թե ինչ է կատարվել 1915 թվականին: Որպես հավաքական պատասխանատվության մի մաս ամեն ոք պետք է ինքն իրեն հարց տա՝ պապս 1915 թվականին ի՞նչ էր անում։…Պետության գլխավորությամբ պետք է ներողություն խնդրել և ի հիշատակ զոհերի կանգնեցնել «Այլևս երբեք» խորագիրը կրող հուշարձան: Ցեղասպանության հետ ասոցացվող անձանց անունները դպրոցներից, պողոտաներից, փողոցներից և այլ հասարակական վայրերից պետք է մաքրվեն: Խորհրդանշական շենքերը, Քասաբյաններին պատկանող մերօրյա վարչապետի գրասենյակը, Քաբայանիսների սեփականությունը համարվող Տրապիզոնի Աթաթուրքի պալատը, Սպարտալյանների սեփականությունը համարվող Շիշլիի Աթաթուրքի թանգարանը, Հանչյաններին պատկանած Թուրքիայի Ազգային մեծ ժողովի շենքը և այլ շինություններ պետք է վերադարձվեն իրական ժառանգներին…»,-ասել է նա։

Մտավորականի խոսքով՝ պետք է հայտնաբերվեն և հայտարարվեն բռնի իսլամացված կանայք և երեխաները, արխիվներն ու փաստաթղթերը պետք է բացվեն հետազոտողների համար, քաղաքացիություն և բնակության իրավունք պետք է տրվի Ցեղասպանության զոհերի և դրա հետևանքով աքսորվածների երրորդ սերնդի այն ներկայացուցիչներին, ովքեր նման ցանկություն կհայտնեն:

«Միայն այս ամենից հետո է հնարավոր սկսել աշխատանքները փոխհատուցման պայմանների շուրջ»,- եզրափակել է նա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: