ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արդեն իսկ կա հետաքրքրություն ոչ միայն մուլտ նայելու, այլև՝ մուլտ ստեղծելու. Գևորգ Գևորգյան

Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Մոսկվա», «ԿինոՊարկ» և «ՍինեմաՍթար» կինոթատրոնների հետ մեկնարկել է  հայկական նոր մուլտֆիլմերի ծրագիր: Ծրագիրը ենթադրում է հայկական արտադրության մուլտֆիլմերի ցուցադրություն վերոնշյալ կինոթատրոններում: «Արմեդիա» ՏՎԳ-ն, բարձր գնահատելով հայրենական կինոարտադրությունը և մուլտարտադրությունը խթանող նման ծրագրի իրականացումը, ծրագրի վերաբերյալ զրուցել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի հետ:

 

-         Նախաձեռնությունը բավական հետաքրքիր է ու գրավիչ: Ինչպե՞ս է առաջացել նման գաղափար: 

-          Հայկական մուլտերը բավական երկար ժամանակ չէին ցուցադրվում, ինչպես նաև հայկական ֆիլմերը: Պետք է, որ ծանոթ լինեք, մենք ունենք «Կինոաշուն» ծրագիր, որի շրջանակներում փորձեցինք հայկական ֆիլմերը մեկ ամիս շարունակ տարածել ամբողջ Հայաստանում՝ բոլոր մարզերում, սահմանամերձ գյուղերում, դպրոցներում, ինստիտուտներում: Մեկ ամսվա մեջ մի քանի հազար ցուցադրություն ենք կազմակերպել: Այդ ծրագրի մեջ իրենց տեղն ունեին հայկական մուլտֆիլմերը, բայց քանի որ ծրագիրը մուլտիպլիկացիոն չէր, այլ՝ հայկական ֆիլմերը տարածելու ծրագիր, մուլտֆիրմերը քիչ տեղ էին զբաղեցնում: Ուստի փորձեցինք մուլտերի հետ կապված մի միջոցառում  իրականացնել, որ մեր հանդիսատեսը, մեր երեխաները կարողանան ծանոթանալ հայկական մուլտհերոսների հետ: Մենք բավական լավ մուլտֆիլմեր ունենք: Միշտ ցավ եմ ապրում, որ մեր երեխաները չեն դիտում հայկական մուլտֆիլմեր, հեռուստատեսությունները համարյա չեն ցուցադրում:

Մտածում էինք ինչ անել: Երբ մոտենում էին արձակուրդի օրերը, կինոկենտրոնի մամլո քարտուղարը՝ Ռուզաննա Բագրատունյանն, առաջարկեց փորձել կինոթատրոնների հետ ծրագիր իրականացնել՝ անկախ նրանից շահութաբեր կլինի, թե ոչ: Մենք այդպիսի ակնկալիք, ըստ էության չունենք: Սակայն կինոթատրոնները դահլիճներ են տրամադրում, հոսանք են ծախսում և այս առումով մենք մտավախություն ունեինք: Մինչդեռ շատ ուրախ եմ, որ մեր կինոթատրոնների ղեկավարները նույնպես ընկալեցին հարցի ոչ այնքան գումարային, որքան բարոյական նպատակը:

Պատրաստեցինք գովազդային հոլովակներ, տեղեկությունը տարածեցինք կայքերով, սոցցանցերով: Կարծում եմ սա շատ կարևոր է, նախաձեռնությունը ստացվեց: Այս ընթացքում կցուցադրվեն մեր մուլտերի մի ամբողջ բլոկ, մանկական «Գժուկ» ծրագրերը:

-         Կարո՞ղ ենք ասել, որ կա հետաքրքրվածություն նախաձեռնության նկատմամբ: 

-          Այո, բավականին: Միայն առաջին օրը կինոթատրոններից հայտնեցին, որ մեկ-երկու հոգի են, հանդիսատես գրեթե չկա, բայց հիմա շատ են: Մարդիկ արդեն գալիս են, տեղյակ են: Դեռ ոչ մի կինոթատրոն ցուցադրություն չի հանել և հետզհետե , բնականաբար, շատանում է հանդիսատեսը:

-         Մուլտֆիլմերի ցանկը Ձեր պաշտոնական հաղորդագրության մեջ ներկայացված է երկու բաժիններով՝ Առաջին բաժին և Երկրորդ բաժին: Մի փոքր կբացեք՝ ի՞նչ է սա նշանակում և ի՞նչ սկզբունքով են ընտրվել մուլտֆիլմերը:

-          Ի սկզբանե կանխագուշակել չէինք կարող՝ որքան կտևի, որքան հանդիսատես կայցելի, դա համար մոտավորապես նախատեսել ենք երկու փուլով իրականացնել: Առաջին փուլի համար տասը օր, որի սահամանգծին արդեն պարզ կլինի՝ կարելի՞ է շարունակել: Մենք հստակ ցանկ չենք դրել, եթե հետաքրքրվածությունը լինի, կներկայացնենք հաջորդ բլոկը: Հիմա Վիշապագորգն է ընթանում, հետաքրքրվածության դեպքում հաջորդ բլոկում կներկայացնենք «Սասնա ծռերը»: Ցանկն ու տևողությունը չենք սահմանել: Կարծում ենք հետաքրքրությունը կմեծանա ոչ միայն կոնկրետ մուլտֆիլիմի, այլև՝ ծրագրի նկատմամբ և տևողությունը ևս կերկարի:

Ծրագրի այս փուլում ներկայացրել ենք նորանկախ Հայաստանի մուլտֆիլմերը, որոնք հիմնականում նկարահանվել են 1990 թ.-ից հետո: Ծրագիրը դեռ վերջանական չէ, կունենանք նաև ավելի շատ 90-ականների ֆիլմեր: Եթե ծրագիրն ունենա հաջող ընթացք, ցուցադրություններում կընդգրկենք նաև Խորհրդային Հայաստանի արտադրության հոյակապ մուլտֆիլմերը, որոնց, չեմ կարծում, որ մեր մանուկները տեղյակ են կամ նրանց համար կրկնություն կլինի:

-         Ի՞նչ ասելիք ունի հայ մուլտհերոսը:

-         Ծրագրերը շատ բազմաժանր են ու բազմազան: Օրինակ, «Սասնա ծռերը».  Սասունցի Դավիթը մեր հերոսն է, մեր էպոսը, կարծում եմ պարզ է նրա ասելիքը: Վիշապագորգն, օրինակ, փոքրերի համար է ավելի շատ, որը մտնում է հայ  տարբեր հեքիաթների մեջ: Ֆիլմերը տարբեր են, բայց հիմնական ասելիքը հայրենասիրությունն է, մեր մանուկների, մատաղ սերնդի դաստիարակությունն է, մեր պատմությունը, մշակույթը մեր մանուկներին ծանոթացնելու խնդիրն է: Մեր մուլտերը հիմնական հետապնդում են այդ նպատակը:

Ունենք նաև մուլտեր մեծահասակների համար, որոնք առանձին բաժնով կներկայացնենք, դա արդեն ուրիշ խնդիր է, ասելիքը մի քիչ այլ է: Տեսնենք ընթացիկ փուլը որքան կտևի:

-         Ի՞նչ եք կարծում, ծրագիրը կարո՞ղ է ազդակ դառնալ ՀՀ-ում լայն իմաստով կինոարվեստի զարգացման համար՝ և՛ մուլտֆիլմերի, և՛ կինոյի:

-          Իհարկե՛: Մեր հանրության մեջ շատերը կարծում են, որ բացի արտասահմանյան մուլտերից ուրիշ հնարավորություն չկա: Հիմա կտեսնեն, որ հայկական լավ մուլտեր էլ կան, այստեղ էլ կան հնարավորություններ: Ինձ մոտ արդեն եկել են երեխաներ, ովքեր հետաքրքրվում են մուլտերով: Ես ուղարկել եմ մուլտեր  նկարահող ստուդիաներ: Երեխաներն ասում են՝ մենք էլ կարող են նկարահանել մուլտեր, ցանկություն են հայտնում մասնակցելու աշխատանքներին: Այսինքն՝ արդեն իսկ կա հետաքրքրությունը ոչ միայն մուլտ նայելու, այլև՝ մուլտ ստեղծելու:

-         Ներկայումս մուլտֆիլմեր նկարահանվո՞ւմ են:

-          Իհարկե, և՛ Գայանե Մարտիրոսյանն է շարունակում աշխատանքը, և՛ «Զարմանադարանն» է ներկայումս ընթանում, և՛ «Անբան հուռին», որ ցուցադրվում է հեռուստատեսություններով: Զուգահեռաբար վեց-յոթ մուլտ է նկարահանվում:

 

 

 

զրուցեց ՝ Լիլիա Ամիրխանյանը

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: