ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջիմ Կոստան հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը

parliament.am

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 20-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքէջից:

Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ ուրախ է Հայաստանի խորհրդարանում հյուրընկալելու մեր երկրի լավագույն բարեկամին, ով Ֆրեզնո քաղաքից է, որտեղ ծնվել և ստեղծագործել է ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանը: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի կարևոր գործընկերներից է և առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում:

Խոսելով խորհրդարանական դիվանագիտության մասին՝ Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ այն կարևոր հարթակ է միջպետական հարաբերությունների զարգացման համար և այս համատեքստում նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս հայ-ամերիկյան միջխորհրդարանական կապերի զարգացմանը:

Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի արդյունավետ գործունեությունը, որի անդամները մշտապես նպաստել են Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ամրապնդմանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Գալուստ Սահակյանը կարևորել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի շարունակական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը:

Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին՝ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել այն կոնգրեսականներին, ովքեր տարիներ շարունակ ջանք չեն խնայել Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության բարձրաձայնման ուղղությամբ և համոզմունք է հայտնել, որ այդ ջանքերն անպայման հաջողությամբ կավարտվեն:

Ջիմ Կոստան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստան այցելելը եղել է իր վաղեմի երազանքը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ նա ասել է. «Ես՝ որպես ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբի անդամ, պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկեմ և ջանքեր գործադրեմ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի և այլևս չլինեն ցեղասպանություններ»: Հյուրը հույս է հայտնել, որ առաջիկայում ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Ջիմ Կոստան հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի դիվանագիտական հարթությունում և կարևորել է բանակցություններում Արցախի մասնակցությունը:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ նմանատիպ այցերը կլինեն շարունակական՝ ուղղված միջխորհրդարանական կապերի առավել ընդլայնմանն ու ակտիվացմանը: 

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայանպաստ գործունեության համար Ջիմ Կոստային պարգևատրել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով:




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: