ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչու՞ է Ադրբեջանը կրկին մեծացնում սահմանային լարվածությունը

Ապրիլյան պատերազմից հետո հրադադարի պայմանավորվածության ձեռքբերումից ի վեր ՀՀ-Ադրբեջան և ԼՂՀ-Ադրբեջան սահմանագծերին հարաբերականորեն հանգիստ վիճակ էր տիրում: Սակայն, վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ակնհայտորեն ինտենսիվացան, ավելին՝ արձանագրվեցին նաև դիվերսիայի ձախողված փորձեր: Ըստ ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրության՝ երեկ գիշեր և այսօր իրավիճակը սահմանագծին ավելի է լարվել, հակառակորդը, մասնավորապես,  արկակոծել է առաջնագծի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Ադրբեջանական հերթական սադրանքը անուղղակիորեն հաստատող փաստ է հանդսիսանում նաև նոյեմբերի 10-ին տարածված այն հաղորդագրությունը, որի համաձայն՝ Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկման ժամանակ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնականներին դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Դա թերևս վկայում է, որ այդ ուղղությամբ ադրբեջանական կողմը զբաղված է եղել սադրանքի նախապատրաստմամբ:

Որպես ադրբեջանական կողմի նման ակտիվացման հիմնական պատճառ կարելի է համարել բանակցային գործընթացը, կամ, ավելի ճիշտ, դրանում առկա հարաբերական դադարը: Հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացին անդրադառնալու համար հայկական կողմերն այսօր աառաջնահերթ են համարում նախևառաջ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, որոնք, ըստ էության հանդիսանում են Ապրիլյան պատերազմի պատճառով իրավիճակի փոփոխության արդյունք: Ամիսներ են անցել, սակայն այդ պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ որևէ շոշափելի արդյունք չկա: Մի իրավիճակում, երբ անընդհատ առկա է նոր էսկալացիայի վտանգ, չկա միջադեպերի հետաքննության մշակված և կիրառվող մեխանիզմ, և ընդհանրապես չկա փոխվստահության որևէ հիմք, իհարկե, անտրամաբանական է խոսել հակամարտության կարգավորման գործընթացին վերադառնալու մասին: Թերևս հենց այս մասին ակնարկեց նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանյանը, հայտարարելով, որ Համբուրգում Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հանդիպման ձևաչափը հստակեցված չէ և Մամեդյարովի հետ հանդիպումը կախված է նրանից, թե ինչ առաջարկներ կլինեն եռանախագահների կողմից այդպիսի հանդիպումներ կազմակերպելու շուրջ։

Ադրբեջանն իր հերթին, որևէ նշանակալի քայլ չկատարելով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ, փորձում է պարզապես տապալել դրանք՝ առաջ մղելով հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացին վերադառնալու անհրաժեշտությունը: Այդ ուղղությամբ Ադրբեջանն իր քայլերը կառուցում է ուժի և ուժի սպառնալիքի իր արդեն ավանդական դարձած գործիքակազմի վրա, այսինքն՝ սահմանային լարվածության մեծացման շնորհիվ փորձում է ճնշում գործադրել հայկական կողմերի վրա: Ըստ Բաքվի տրամաբանության՝ սահմանային նոր ֆորս-մաժորը մի կողմից կչեղարկի նախորդ պայմանավորվածությունները, մյուս կողմից՝ կամ հնարավորություն կտա ձեռք բերել նոր պայմանավորվածություններ, որոնք արդեն կարտահայտեն իր շահերը, կամ էլ կապահովի վերադարձը բանակցային գործընթացին: Ադրբեջանի նման գործելաոճի մասին են վկայում նաև նախաձեռնված աննախադեպ լայնածավալ զորավարժությունները, որոնք ևս Ադրբեջանի ռազմական ուժի ցուցադրության և հայկական կողմերի վրա ճնշում գործադրելու նպատակ են հետապնդում:

Ամփոփելով՝ պետք է նշել, որ վերջին ամիսներին սահմանային լարվածությունը զգալիորեն աճել է, սակայն միջնորդական առաքելության արձագանքը դրա հետ կապված, հազիվ թե կարելի է համարել ադեկվատ: Նման իրավիճակում ԵԱՀԿ համանախագահները թերևս պետք է առավել ակտիվանան՝ ապրիլյան պատերազմի կրկնության հնարավորությունը կանխելու համար, հակառակ պարագայում՝ իրավիճակը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: