ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տո՛նդ շնորհավոր, Հա՛յ զինվոր

gugaratstem.blogspot.am

Հունվարի 28-ը՝ հայոց բանակի կազմավորման տարեդարձը, հայկական տոնացուցի ամենապատվավոր օրերից մեկն է: Այս օրը միաժամանակ ցավի ու վշտի , փառքի ու պատվի օր է, որը շատ մեծ հպարտությամբ հայ ժողովուրդը տոնում է թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում: Հայոց բանակն այլևս 26 տարեկան է:

1991 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ձևավորվեց Պաշտպանության պետական կոմիտե: 1992 թվականի հունվարի 28-ին ընդունվեց պատմական որոշում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդպիսով հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին: 

26 տարիների ընթացքում «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» պայմաններում հայոց բանակը բազմիցս վերահաստատել է` հայ ժողովրդի անվտանգության և խաղաղության երաշխավորի իր գերակա դերակատարումը: 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմը դրա վառ ապացույցներից մեկն է: Ապրիլյան քառօրյա պատերազմը եկավ ցույց տալու ազգային միասնության և հերոս ծնած մայրերի ուժը: Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների մասին դեռ շատ ենք խոսելու և գրելու: Նրանք իրենց կիսատ երազանքներով ու գիտակցված մահով մի նոր ազգային ուժի և կյանքի սկիզբ ավետեցին:

Այդ հերոսներն ապրում են նաև մեզանում և մեր կողքին: Խոսելով նրանց հետ և կիսելով իրենց պատկերացումները բանակի մասին, միաժամանակ հպարտ ու խաղաղ ես դառնում: Նրանցից ոմանք ծառայել են, իսկ ոմանք՝ ոչ: Բայց նրանցից և ոչ մեկը ավարտված չի համարում իր ծառայությունը հայրենիքին: Այս հերոսներն ունեն ընտանիք, սիրած աղջիկ, սիրած մասնագիտություն, երազանքներ բազում և նպատակներ դեռ չիրականացված, բայց պատեհ պահի պատրաստ են մի կողմ դնել ամեն ինչ, և պատվով կռվել ու կրկին անգամ խաղաղություն վերահաստատել: Արդար կռիվը հայ մարդու ազգային հոգեկերտվածքն է և գաղափարախոսությունը, որի կրողը չի կարող լինել ագրեսոր:

Ստորև ներկայացված են մեր հերոսների ընկալումներն ու պատկերացումները հայոց բանակի մասին:

Էդուարդ Մինասյան.  «Մենք հաճախ ենք հարցնում՝ ո՞նց հաղթեցինք Արցախում. ոմանք ասում են «դուխով», իսկ ոմանք՝  ինձ դուր էկող փոքրամասնությունը, ասում է՝ թե գրագետ հաշվարկով, որի հիմքում՝ մարտիկի բարձր մարտունակ ոգին էր, «պատմական արդարությամբ» նրա մոտիվացված լինելը: Առանց գրագետ հաշվարկի՝ ոգին հռթիռ չի բռնի: Բանակի մասին խոսելիս, պետք է հասկանալ մի շատ կարևոր բան.  ո՞ր մակարդակում է կատարվում վերլուծությունը՝ շարքային մարտիկի, ով հստակ ձևակերպած ռազմական խնդիր է լուծում, թե բարձր հրամանատարական կազմի, որտեղ պահանջվում է խիստ գրագետ հաշվարկ ու ռացիոնալ մոտեցում: Հրամանատար, ով երբեմն ստիպված է «զոհել» մի քանի տասնյակ՝   հարյուրավորների փրկելու համար...:

Որքան պատրաստված և հմուտ է մարտիկը, որքան փորձառու ու վստահ է իրա անելիքի մեջ, այդքան  էմոցիան առավել քիչ է հարկավոր: Մարտունակությունը՝ ոչ թե «դուխով» գոռալը,  այլ՝  լուռ, բայց արագ մարտական խնդիրը լուծելն է, ինչն էլ հիմնականում ապահովում է մարտիկի անվտանգ կենսագործունեությունը թե՛ մարտի դաշտում և թե՛ դրանից դուրս:Ունակությունն է՝  առանց ավելորդ պոռթկումների կազմակերպել այնպիսի իրականություն, որտեղ ոչ թե դու կմեռնես հանուն հայրենիքի, այլ ֆլեգմատիկ սառնությամբ կպարտադրես, որ դա անի խրամատից այն կողմ գտնվող «շան տղեն»..: Ցանկացած զինվոր նետվում է մարտի առանց մտածելու, քանզի հրամանատարը հաշվարկել է մաքսիմալ հնարավորը, բայց դա շատ նուրբ եզր է՝ խիստ փխրուն սահմաններով:  Ինչպես ժամանակին ասել է Լեոնիդ Ազգալդյանը՝ «պատերազմում ամենաթանկ բանը, որ պետք է փրկել՝ դա մեռնելուն պատրաստ զինվորն է»;

Սարիբեկ Աբազյան. «Հայկական բանակի հիմքում ընկած է գաղափարաբարոյական դաստիարակության սկզբունքը: Բանակը ամենաբարձրագույն արժեք է ինձ համար: Դա այն կարևոր կյանքի դպրոցն է, որտեղ պետք է սովորի ու դաստիարակվի յուրաքանչյուր հայ տղա՝ իսկական տղամարդ դառնալու համար: Բանակ ասելով՝ հարկ է  հասկանալ ոչ թե 18-20 տարեկան պատանիներին, այլ նաև ամբողջ ՀԱՅ ազգը, Հայոց լեզուն ու Հայ մշակույթը»:

Նարեկ Գրիգորյան. «Ազգ-բանակ գաղափարախոսության հենքը պետք է լինի Հայաստանի Հանրապետության գիտակից ու ինքնաբավ քաղաքացին, այլ ոչ թե տղամարդը․ այն քաղաքացին, ով սեփական մտավոր ու ֆիզիկական կարողությունների շրջանակներում հնարավորություն կունենա կայանալ սեփական երկրում։ Ցանկացած այլ պարագայում վերը նշված գաղափարախոսությունը կենսունակ չի կարող լինել։ Միայն սեփական ապագայի վերաբերյալ դրական սպասումներով զորակոչված երիտասարդը կարող է բարձր մակարդակի վրա պահել ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության աստիճանը»:

Հայկ Զաքարյան. «Բանակը յուրաքանչյուր պետության առողջ կենսագործման երաշխիքն է: Որպես պետական մարմին, բանակն ամենակայացած համակարգն է: Եվ վերջապես, բանակը յուրաքանչյուր հայ տղամարդու, որպես տղամարդ և որպես անհատակություն, ձևավորվելու հարցում ամենաէական ազդեցություն ունեցող գործոններից մեկն է»:

Ռուստամ Խալաթյան. «Հզոր բանակը պետության հոգևոր, գաղափարական և ռազմական ներուժն է: Ուժեղ է այն պետությունը, որն ունի Հզոր բանակ և «խորամանկ» քաղաքականություն: Մենք բոլորս մեր վարքով պետք է միշտ բարձր պահենք զինվորի մարտական ոգին»:

Բենիկ Ստեփանյան. «ԵՐԿՐԻ ներկայի և ապագայի համար ավելի կարևոր բան, քան բանակն է, հնարավոր չէ պատկերացնել անգամ: Այն ոչ այլ ինչ է, քան օդ ու ջուր, միս ու արյուն, կենսական անհրաժեշտություն: Եվ քանի որ բանակը մեր գիտակցության խոր շերտերում է, պիտի ոչ թե խոսենք, այլ սնենք ու պահպանենք՝ անվերջ դարձնելով նրան ավելի ու ավելի հզոր»:

Մեր խաղաղ կյանքի համար,

Պայքարում համառ զենքդ չես դրել դու վայր,

ՀԱ՛Յ զինվոր, ՔԱ՛Ջ եղբայր,

Անունդ է մնալու, քեզ սերունդներն  հիշելու, ՀԱ՛Յ զինվոր, մեր ԼԵ՛Ռ…ՊԱՇՏՊԱ՛Ն


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: